Պատերազմի դղրդյունները հետզհետե ավելի բարձր են հնչում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լսել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած քառասունչորսօրյա պատերազմը չավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Պատերազմական գործողությունները պարզապես կանգ առան մի հայտարարությամբ, որ լավագույն դեպքում կարելի է բնութագրել որպես երերուն հրադադար: Դրանք կարող են որեւէ ժամանակ եւ որեւէ պատրվակով վերսկսվել:
Այն ինչ Հայաստանը չկարողացավ իրականացնել 1994-ի հրադադարի ժամանակ, այժմ Ադրբեջանն է փորձում իրականացնել: Առաջին պատերազմի վերջում Մոսկվայի միջնորդությամբ հայտարարված հրադադարը անհետեւանք մնաց: Հայաստանի այդ ժամանակվա անփորձ ղեկավարները հավատացած էին, որ ճնշման տակ Ադրբեջանի ստորագրած հրադադարը բավական էր երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ապագան, հատկապես որ բուն Ադրբեջանի տարածքից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանները հանդիսանում էին ռազմավարական մի բուֆերային գոտի, որը կպաշտպաներ Հայաստաննը ու Արցախը որեւէ պատահականության դեպքում: Ոչ ոք այդ ժամանակ ավելի հեռուն չգնաց ստիպելու Բաքվի կառավարությանը, որ այդ ժամանակ ծնկի էր եկել, ստորագրելու Ղարաբաղի անկախությունը ճանաչող վերջնական մի համաձայնություն:
Այդ բացթողման պատճառով, քսանհինգ տարիներ անց, պարտությունը, ոխակալությամբ համակված, փաթաթվեց Հայաստանի վզին: Այդ քառորդ դար տեւած ժամանակահատվածում Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւը, իր մեծ եղբորՙ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ, սովորեց դասեր քաղել իր հորՙ Հեյդարին պարտադրված պատմությունից:
Հիմա, որ Հայաստանը պարտված է, եւ բանակն էլ թուլացած Ադրբեջանի, Թուրքիայի եւ վարձու ջիհադիստների համակարգված հարձակումների հետեւանքում, Ալիեւը փորձում է առավելագույն զիջումներ կորզել Երեւանից: Նա արդեն զգուշացրել է Հայաստանին, որ չվերազինվի եւ վրեժ լուծելու փորձեր չկատարի:
Ադրբեջանն այսպիսով ճնշում է բանեցնում Հայաստանի վրա, հետզհետե այդ ճնշումը վերստին պատերազմ հրահրելուն հասցնելով: Նախքան այս վերջին պատերազմը, Արդբեջանի իշխանությունները «բարձրագույն մակարդակի ինքնորոշում» էին խոստացել տալ Ղարաբաղին, ի փոխանակումն յոթը գրավյալ տարածքների: Այսօր, հաղթական Ալիեւը պնդում է, որ հարկ չկա քննարկելու Ղարաբաղի հարցը կապված կարգավիճակի հետ, որովհետեւ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ անունով աշխարհագրական տարածք գոյություն չունի: Դրա փոխարեն կա արեւելյան Զանգեզուր, որ մաս է կազմում վերջերս Թուրքիայի հետ միասնաբար ստորագրված Շուշիի հայտարարությանը: Նա ոչ միայն Հայաստանից պահանջում է մոռանալ Ղարաբաղը, այլեւ զգուշացնում է, որ բուն Հայաստանի ինքնիշխան տարածքը կխլի, իսկ միջազգային հանրությունն ու նույնիսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի բողոքարկում նրա այդ պահանջը:
Հենց վերջերս նախագահ Ալիեւը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի մայրաքաղաքից ստացված տեղեկությունների համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի հետ ռազմավարական կապերը ամրապնդելու հարցերը: Անդրադարձ եղել է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործարկելու մասին:
Մինչ գոհունակություն հայտնելով, որ այդ հայտարարության դրույթները ի կատար են ածվում, Մոսկվան պատշաճ է համարում անտեսել Ադրբեջանում հայ ռազմագերիների արձակման հարցը, հակառակ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահանջում է վերադարձնել բոլոր գերիներին:
Մոսկվան, Հայաստանի հետ ունեցած դաշնագրային պարտավորություններին հակառակ, ստանձնել է այդ երկրի եւ նրա թշնամու միջեւ միջնորդ հանդիսանալու դերը: Օգնություն ցուցաբերելու փոխարեն Հայաստանից փոխարենը պահանջվում են զիջումներՙ օգտագործելով քարտեզներ եւ ականապատված տարածքների սխեմաներ:
Հռետորաբանությանը նաեւ ուժային բնույթ հանդերձելով, Ադրբեջանն իր զինված ուժերն է մտցրել հայկական տարածքներ, ստեղծելով զավեշտական մի կացություն, այս անգամ արդեն ՀԱՊԿ-ի առաջնորդների ուղեկցությամբ: Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որ ըստ պայմանագրային պարտավորվածության դուրս մղի մոտ հազար ադրբեջանցի զինվորներին, որոնք հատել էին Հայաստանի սսահմանը: Պատասխանը եղել էր այն, որ «քանի մահվան դեպքեր չէին գրանցվել», ագրեսիան պարզապես կարելի էր «սահմանային միջադեպ» որակել:
Բայց իրականում մահվան դեպքեր եղել էին: Հայ զինվորներ էին սպանվել: Ուրիշներ գերի վերցվել հենց Հայաստանի տարածքում, ինչը ՀԱՊԿազմակերպության պայմանագրի 4-րդ դրույթի համապատասխան սահմանումով պարտավորեցնում է հակադարձել:
Ալիեւի հայտարարություններին հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որ Ղարաբաղի հակամարտությունը ավարտված չէ եւ պետք է դեռ որոշվի նրա կարգավիճակի հարցը:
Ապրիլի 13-ին ԵԱՀԿ-Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ արեցին վերսկսել բարձրագույն մակարդակի բանակցություններըՙ հասնելու համար ղարաբաղյան խնդրի վերջնական, համապարփակ եւ տեւական կարգավորման իրենցՙ ԵԱՀԿ-ի համանախագահների հովանու ներքո: Սակայն ցարդ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
Մյուս կողմից, Եվրոպան է զգուշավոր քայլերով փորձում վերադառնալ տարածաշրջան: Այդ ուղղությամբ միջոցառումները զարգացման եւ տնտեսական օժանդակության քողի ներքո է իրականացվում, որպեսզի Մոսկվային չանհանգստացնեն: Բայց քայլերը ուղղված են կայուն եւ կենսունակ տնտեսական աճ ապահովելուն, որն իր հերթին կարող է առաջնորդել ապագայում քաղաքական համագործակցություն ծավալելուն: Նախ, մենք ականատես եղանք Եվրոմիության ընդլայնման ծրագրի հանձնակատար Օլիվեր Վարհելյի ղեկավարած պատվիրակության այցին, որի ընթացքում վերջինս բացահայտեց, որ ԵՄ-ն որոշել է 2,6 միլիարդ եվրո տրամադրել Հայաստանի զարգացման ծրագրերին, հատկապես տնտեսապես եւ քաղաքականապես խոցելի Սյունիքի շրջանին:
Եվրոմիությունը ավելի քան երեք միլիարդ եվրո է տրամադրում Վրաստանին եւ 900 միլիոն եվրոՙ Ադրբեջանին: Չգիտենք, թե այս թվանշանները ինչքան են առնչվում երեք երկրների հետ ԵՄ-ի ունեցած բարեկամական հարաբերությունների մակարդակի հետ: Հաջորդը Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի այցն էր տարածաշրջան, որն եկել էր հաստատելու այդ հատկացումները:
Դժվար է պատկերացնել որեւէ մասնավոր ներդրում ներկայիՙ պատերազմից ուժասպառ Հայաստանում, որտեղ կայունությունը դեռեւս երերուն է: Խոստացված ներդրումները, այդ իմաստով, ողջունելի են եւ վստահություն ներշնչող: Դրանց գալիս են միանալու նաեւ սփյուռքահայ բարեգործների օգնության խոստումները:
Ակնկալվող հաջորդ կարեւոր իրադարձությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցն է Հայաստան, որը կարող է քաղաքական ենթատեքստեր պարունակել իր մեջ:
Հետաքրքրական է նշել, որ Եվրոմիության երկու վերոնշյալ այցելությունների ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խորը երախտագիտությունը հայտնելուն զուգահեռ քննարկման առարկա է դարձրել նաեւ խիստ կարեւոր հարցեր, ինչպիսիք են ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ ԵԱՀԿ-ի հովանավորության ներքո բանակցութունները վերսկսելու կոչը:
Սակայն, եվրոպացի երկու պաշտոնյաներն էլ պատրաստի ունեին իրենց համապատասխան տեքստերը եւ կառչած մնացին դրանց, անտեսելով Փաշինյանի կարեւոր հարցերը: Նման վերաբերմունքը խրախուսում է նախագահ Ալիեւին, որպեսզի շարունակի սպառնալ Հայաստանին, այն վստահությամբ, որ հարկ եղած դեպքում միջազգային հանրությունը չի արձագանքի Հայաստանի կոչերին:
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին փորձում է վստահեցնել, որ «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ խոսակցությունները անհիմն են: Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրագործումը հանձնարարված է երեք երկրների փոխվարչապետներին: Հայկական իշխանությունները կտրականապես ժխտում են, որ միջանցքի խնդիրը եղել է իրենց օրակարգում: Ավելին, նրանք պնդում են, որ այդ հարցը երբեք չի լինի օրակարգում: Սակայն Ալիեւը համառորեն շարունակում է հոխորտալ, որ ուժի միջոցով կտիրանա այդ միջանցքին, եթե Հայաստանը մերժի կամովին տրամադրել այն:
Ադրբեջանը նաեւ փորձում է միջազգայնացնել «Միջանցքի հարցը», որն ըստ էության Թուրքիայի պանթյուրքական ծրագրի բաղկացուցիչ մասն է: Բայց վերջերս Տաշքենդում կայացած կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանը հայտնել էր այն գաղափարը, որ «Զանգեզուրի միջանցքը» մաս է կազմում Չինաստանի «Ճանապարհ եւ գոտի» ծրագրի: Հարցը կամ գաղափարը քննարկվել էր նաեւ անցյալ շաբաթ Շուշի հրավիրված օտար դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:
Մինչեւ վերջերս Էրդողանի հռետորաբանությունները որպես դատարկ սպառնալիքներ էին ընդունել միջազգային հասարակությունները: Հիմա այլեւս այդպես չեն ընդունում: Նրանք գիտակցում են, որ նա լուրջ է տրամադրված, ընդլայնել է իր ծրագրերը եւ նույնիսկ սովորեցրել է Ալիեւին միեւնույն ձեւով վարվել: Մենք էլ այլեւս չենք կարող նրանց երկուսի հոխորտանքներին վերաբերվել որպես բլեֆի: Նախագահ Ալիեւի սպառնալիքները վերջերս շատ ավելի չարագուշակ են դարձել: Նա ամբողջ Հայաստանի տարածքին տիրանալու կոչեր է հնչեցնում:
Հուլիսի 14-ին նա հետեւյալ սպառնալիքը բարձրաձայնեց. «Մենք վերադառնալու ենք այնտեղ եւ արդեն վերադառնում ենք: Ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել: Մենք անպայման վերադառնալու ենք, որովհետեւ այլ ճանապարհ չկա: Բոլոր տրանսպորտային ճանապարհները բացելուց հետո, մենք, իհարկե, վերադառնալու ենք, եւ ադրբեջանցիները վերստին տիրանալու են իրենց նախնիների տարածքներին: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիքը: Մեր հայրենիքը Զանգեզուրն է, Գոյչան (Սեւանը) եւ Իրեւանը (Երեւանը)»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարՙ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն, իր հերթին, ավելացրեց. «Մենք հաղթական երկիրն ենք: Մենք ջախջախել ենք Հայաստանը»: Ապա զարգացնելով թեման շարունակեց. «Նախագահ Իլհամ Ալիեւըՙ հաղթանակած գերագույն հրամանատարը, մեր զինված ուժերին վերջերս սպառնաց ասելով, որ «պատերազմն ավարտված է, բայց մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք պատրաստ լինելու նոր պատերազմի որեւէ պահին»:
Նման սպառնալիքներին համահունչՙ Ադրբեջանի զինված ուժերը լուրջ ռազմական գործողություններ են ծավալում: Սյունիք եւ Գեղարքունիք ներխուժելուց հետո, նրանք շարժվել են դեպի Երասխի կողմը եւ Երեւանից տեսանելի տարածության վրա կորուստներ պատճառել: Այս գործողությունները անմիջական արդարացի պատասխանի արժանի են ՀԱՊԿ-ից ե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից:
Սրանք դատարկ սպառնալիքներ չեն: Իրական են: Փաստորեն Ալիեւն ու Հասանովը պատերազմ են հայտարարում: Ոչ թվացյալ, այլ իրական պատերազմ: Ալիեւը նման սպառնալիքներ հղում էր նույնիսկ 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ: Հայաստանը անտեսեց դրանքՙ ի վնաս իրեն:
Որեւէ մեկը, ի վերջո, լսո՞ւմ է այդ սպառնալիքները:
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)