ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
Երկնքին սիրում են նայել բոլորըՙ թե՛ տնից մեկնող ճամփորդը, թե՛ բերքը հողին պահ տված հողագործը, թե՛ ծով դուրս եկող ձկնորսը, թե՛ երկինք բարձրացող օդաչուն, թե՛ Աստծուն աղոթող հավատացյալը, անգամ թալանելու գնացող գողն է նայում երկնքին ու «ամպ օր է ման գալիս»… բոլոր-բոլորը: Բայց այդ բոլորի մեջ, այնուամենայնիվ, ամենահաճախ ու ամենաշատը երկնքին նայում են արարչագործության խաչն ուսած ազնիվ ու հալածական հոգիներըՙ պոետները, երաժիշտները նկարիչները: Ի՞նչ են ուզում երկնքից այդ այդպես էլ չհասկացված «դատապարտյալները»… ներշնչա՞նք, ոգեղեն ո՞ւժ, հավա՞տ, հո՞ւյս, զորավի՞գ, թե՞ այդ ամենը միասին եւ էլի ինչ-որ մի բան:
Երկնքին սիրում է նայել նաեւ իմ վաղեմի բարեկամը, իմ հին ու նոր օրերի, իմ հացի ու լացի, իմ գրի ու գինու ընկերըՙ Ֆելիքս Բախչինյանը: Նայում է որպես գրող, ստեղծագործող, Աստծո տվածը Աստծուն վերադարձնող խոնարհ պարտապան: Պարզից էլ պարզ է, պիտի նայիՙ կասեք… Բայց եթե խոսքը Ֆելիքս Բախչինյանի մասին է, էլ ի՞նչ պարզՙ առանց բարդի: Ամենապարզ ասվածը ամենաբարդն է: Պարզը բարդի հետ ու բարդի մեջ, բարդը պարզեցված ու պարզն ու բարդը միահյուսած այնպիսի ոսկերչական նրբին վարպետությամբ, որ երբեք չես զգա դրանց միջեւ եղած կամ չեղած սահմանագիծը: Պարզն ու բարդը իրարից երբեւէ չտարանջատող ու չօտարող նրա գրականությունը միշտ հայտնություն ու պայծառակերպություն ունի պահած իր ներսում, իր ընթերցողի համար: Հայտնություն ու պայծառակերպությունՙ գրքի թագը, գրողի լուսապսակը:
Համացանցային կիսատ-պռատ «գրականության» հեղեղից շնչահեղձ իմ սերունդը գիրք է փնտրումՙ ամենասովորական գիրքՙ ստվարաթղթե կազմով, թղթե թերթերով, գիրքՙ շոշափելի, կշռելի, հոտավետ, գիրք, որ պահես ափերիդ մեջ, դնես թեւիդ տակ, գիրք, որ գրկումդ ջերմացնի, ջերմանա, գիրքՙ ցերեկըՙ սեղանին, գիշերըՙ բարձր տակ, գիրք, որ հետն էլ հուզի, ապրեցնի, լացացնի, ուրախացնի, ինչպես երգը: Բայց հիմա ո՞վ է թղթե թերթերով գիրք կարդում… «Ես նոթբուքով եմ կարդում»: «Եսՙ սմարթֆոնով», «Եսՙ գուգլով»… օտարախոսում են սմարթ-սերնդի երիտասարդների շուրթերը:
Ուզում եք ինձ կոչեք հին, ուզում եքՙ հինավուրց, ես գիրքը գրքով եմ կարդում, դեռ եւ միշտ, որքան որ Աստված սահմանել է ինձ կարդալ: Կարդացածս բոլոր գրքերի ծալված, մաշված էջերին, մատիտանշված տողերի արանքում, լուսանցքներում, շատ թերթելուց բարակած թերթերին իմ կյանքն է թրթռում, իմ օրերի, իմ ակնթարթների պատառիկները, իմ «ես»-ը, իմ կեսը, լեռնեցի այն տղան, որ այդպես էլ չծերացավ: Իմ ապրած ու չապրած օրերը, իմ սերերն ու ցավերը, իմ հույսերն ու տագնապները, իմ թռիչքներն ու անկումները հարմարավետ տեղավորվել ու ապրում են իմ կարդացած գրքերում, ինչպես տանը: Եվ դա այնքան բնական է, այնքան ծանոթ, տաք ու հարազատ:
Բայց օրերս ես կարդացի Ֆելիքս Բախչինյանի նոր էսսենՙ «Իմ Կոնֆուցիուսը» վերնագրով: Ես ինձ գտա նաեւ այդ գրքում, թեեւ այն ամենեւին էլ իմ մասին չէր (նշեմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջՙ 2002-ին, «Տիգրան Մեծ»-ը հրատարակեց Ֆ. Բախչինյանի «Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական աշխարհը» 138-էջանոց մենագրությունը): Այնտեղ ես կայի այն նույն չափով, ինչ չափով որ իմ հազար անգամ կարդացած գրքերի էջերում եմ լինում: Բայց այստեղ կայի «առաջին իսկ ընթերցմամբ»:
Զարմանալի գրող է Ֆելիքս Բախչինյանը… ու ոչ միայն գրող: Մեր ժամանակի լավագույն արձակագիրներից, թարգմանիչներից, հրապարակախոսներից մեկը, նանսենագետ, մեժելայտիսագետ, մարդասեր ու հայրենասեր լինելուց զատ, նաեւ տաղանդավոր աստղագետ է: Այո… աստղագետ, արվեստի, գրականության անհուն երկնակամարի մեծ հետազոտող, աստղեր հայտնագործող գիտնական: Չգիտես որտեղից նա ձեռք է բերել մի հզոր, անտեսանելի ու կախարդական աստղադիտակ, որով նայում է երկնքինՙ ավելի մոտիկից տեսնելով պայծառ շողացող աստղերի հրաշքըՙ հեռու ու մոտ: Բայց նրա աստղադիտակը «մասնագիտացված է» ավելի վսեմ մի առաքելության մեջ. գիշերային անծայրածիր աստղազարդ երկնքում, որ նաեւ աստվածների ծննդավայրն է, մեծ ու փոքր, միայնակ ու բույլերով շողացող աստղերի հեղեղի ու աստղային երթի մեջ այդ գերզգայուն աստղադիտակը երեւակում ու լուսավորում է ինչ-որ տեղ մոռացված, ինչ-որ տեղ անտեսված, ինչ-որ տեղ չերեւացող աստղեր, որ երանելի մի ակնթարթի լուսարձակել են երկնակամարում, վառվել, հետո համեստորեն քաշվել մի կողմՙ մնալով աննկատ ավելի վառ շողացող աստղերի կուրացուցիչ լույսի արձակած ստվերում: Ֆելիքս Բախչինյանի կախարդական աստղադիտակը սիրով, երախտագիտությամբ, ակնածանքով ու, ինչպես ինքը կասեր, «աղոթողի երկյուղածությամբ», կամացուկ ու զգույշ կանգ է առնում այդ աստղերի վրա… այո, կամացուկ ու զգույշ, քանզի նրանցից շատերն արդեն ողջերի մեջ չեն, այլ անմահացածների:
Ես չեմ կարող ասել թիվն այն աստղերի, որ երեւակել է Ֆելիքս Բախչինյանի աստղադիտակը, բայց կարող եմ ասել, որ ես նրանցից շատերին ծանոթացել եմ հենց նրա աստղադիտակի պրիզմայից: Եղել են ժամանակներ, երբ անաստղ է եղել երկինքը, երբ ամպամած ու խավար է եղել օրը, պահը, բայց միեւնույն է, Ֆելիքս Բախչինյանի աստղադիտակը աշխատել է անխափան ու ազնիվՙ շարունակելով հայտնագործել փոքր ու մեծ, վառ ու խամրած աստղեր: Իմ աստղագետ բարեկամի աստղադիտակը նոր փայլով ու շուքով է ներկայացրել անգամ խամրած թվացող աստղերին: Եվ այսքան տարիներ, այսպես բարեխղճորեն զբաղվելով այդ անպատմելի բարի ու աստվածահաճո գործով, Ֆելիքս Բախչինյանը պիտի որ ունենա նաեւ մի ինքնատիպ գեղադիտակ, որտեղ հավաքված են իր հայտնաբերած ու աչքի համար նկատելի ու աննկատ մնացած բոլոր աստղերը եւ, դանդաղ պտույտով հետեւելով իր այդ զարմանալի գեղադիտակիՙ աստղազարդ երկնքում աստղաշքերթի ելած աստղերին, այդպես դանդաղ, անշտապ, խորախորհ իմաստնությամբ (կրկին իր խոսքերն են) նա պիտի հետեւի իր եւ մեր սերնդի անցած-գնացած, անցյալ-կատարյալ, անդարձ- անվերադարձ կյանքի հետագծին: Բայց այդ գեղադիտակից նայելու մենաշնորհը կլինի միայն իրենը:
Ֆելիքս Բախչինյանի «Իմ Կոնֆուցիուսը» էսսեն այսուհետ կդառնա իմ սեղանի գիրքը: Ինչո՞ւ: Դեռ ամբողջությամբ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Համենայն դեպս, ոչ նրա համար, որ ես այնտեղ կամ նաեւ «հանվանե» ու ոչ էլ նրա համար, որ գրքի ազնվագույն հերոսինՙ Վիգեն Ավագյանին, ես գիտեմ «հականե եւ հանվանե»: Այնտեղ մեր ապրած կյանքի բազմաշերտ ու բազմանիստ համայնապատկերն էՙ դրված մի պարզ ու վճիտ մանրադիտակի տակ… Պարզվում էՙ Բախչինյանը մեզ տալիս է նաեւ գրական մանրադիտակի վարպետության դասեր…
Այս գիրքը ոչ միայն հուշագրություն է, անվանի աշակերտ-ուսանողի հիշողություն կամ երախտագիտության տուրք սիրելի մանկավարժին, գիտնականին, այլ ասք է Ուսուցչի մասին առհասարակ: Դպրության մեջ անմրցելի մեր ժողովուրդը պաշտամունքի հասնող սեր է տածել Ուսուցչի նկատմամբ: Ինչպես կասեր Շիրազը, մեր «այբբենաթուր» Մաշտոցն է բացել այդ լուսավոր, միշտ վերընթաց ուղին: Սակայն պաշտամունքի հասնող այդ սերն էլ ժամանակի ընթացքում, ժամանակին համաքայլ ունեցել է իր վայրիվերումները: Եվ «աշխարհից հեռու մի գյուղում», անշուք «գեղական մի շկոլում» սովորող մի աշակերտՙ իր պատանեկան մաքուր ու անխառն հոգում, իր անվարժ ու անփորձ ձեռքերում կարողացել է վառ պահել այդ պաշտամունքի կրակըՙ կրակի ջերմությունից այրելով նաեւ իր նուրբ ձեռքերը: Այրվածքներն իզուր չեն անցել, դրանք դարձել են նրա ձեռքերը թրծող առաջին կոպիտ «պրոցեդուրաները»:
Զարմանալի խիտ ու խորն է Ֆելիքս Բախչինյանի գրականությունը, բայց այն երբեք չի ծանրանում, չի ծանրացնում ասելիքը: Մի անտեսանելի ճկունություն գեղապտույտ անցումներով պատումը տանում է առաջՙ այնքան աննկատ ու սահուն, որ ինքդ էլ չես հասկանումՙ ինչպես հասար վերջին էջին: Չէ, այդպես չես կարող վերջացնել, պետք է մի անգամ էլ կարդալ: Եվ կարդում ես երկրորդ անգամ: Դա հենց մեր ժամանակի գրականությունն է, որ այնքան տարբեր անվանումներ ունի, եւ որտե՞ղ է սովորել գրելու այդ մանրաքանդակ վարպետութունը գյուղական դպրոց ավարտած իմ բարեկամը: Ես ինչպե՞ս գլխի չէի ընկել… սովորել է այնտեղ, որտեղ աշակերտել է Վիգեն Ավագյանին: Եվ այս իմաստով նա ավելի երջանիկ է, քան ես:
Վիգեն Ավագյանն իմ ուսանողական ընկերն էր, հետո նաեւ իմ լավ բարեկամը: «Իմ Կոնֆուցիուսը չէր դասավանդում, նա կրթում էր, եւ պարզվում էՙ շատ դժվար է դրանք իրարից տարբերելը: Իսկ նա տարբերում էր, եւ դա նրա ու իր շրջապատի ամենամեծ տարբերությունն էր, արտասովորություններից մեկը…»,- գրում է Ֆ. Բախչինյանը: Բայց չէ՞ որ արտասովորություն էր նաեւ Ֆելիքսի պես աշակերտ ունենալը, այն էլ հեռավոր Բագրատաշենի դպրոցում: Եվ համարձակություն պիտի ունենամ եւ ասեմ, որ գուցե Ֆելիքսի նման աշակերտ ունենալու գիտակցությունն է նաեւ հղկել իմ սիրելի Վիգենին որպես ուսուցիչ: Ինչպես կա մեկ հանդիսատեսի թատրոն, այնպես էլ կա մեկ աշակերտի դպրոց: Ամենեւին չցանկանալով զրոյացնել կամ անտեսել Բագրատաշենի դպրոցում սովորող մյուս աշակերտների արժեքըՙ ես հիմա վստահ կարող եմ ասել, որ Ֆելիքս Բախչինյանը եղել է այն արտասովորը, այն լույսը, որի շուրջ պտտվել են իր դասընկերները, ինչո՞ւ չէ, նաեւ ուսուցիչները: Ինստիտուտը նոր ավարտած մանկավարժը, գալով հեռավոր գյուղական դպրոց, կանգնել է լուրջ քննության առաջ: Բոլոր դպրոցներում չէ, որ սովորում են Ֆելիքսի պես աշակերտներ: Ինչպես Ֆելիքսն է ասում, մեծերը իրենց սեփական մեծության բարձրությունից ավելի լավ են տեսնում արտասովորն ու տարբերվողը: Եվ տեղի է ունեցել հազվադեպ երջանիկ զուգադիպություն… Իրար են հանդիպել իմաստուն ուսուցիչը եւ շնորհալի աշակերտը:
Ինչպես հեղինակն է գրում, բոլոր տարիքներում էլ «միջավայրից վեր կանգնած, միջավայրից դուրս մարդու ճակատագիրը» դրամատիկ է, հաճախ նաեւ ողբերգական ու չափազանց դժվար է ապրել ու անցնել դրա միջով: «Մարդիկ չեն սիրում դա եւ թույլ էլ չեն տալիս: Ես մի քիչ հասկանում ու զգում էի այս ամենը դեռ դպրոցական տարիներին, ախր Ուսուցչիս աչքերը աղաղակում էին այդ մասին… բայց ավելի խորությամբ հասկացա հետո, երբ, ինչպես հայտնի երգի խոսքերում, նույն խաղն էին խաղում նաեւ իմ գլխին…»:
«Միայն հայոց լեզու գիտի, համաշխարհային գրականություն չգիտի…»,-բագրատաշենցիներիՙ իսկապես զավեշտի հասնող այս բնորոշումները պիտի լսեին մեր դասախոսներըՙ Արարատ Ղարիբյանը, Աշոտ Աբրահամյանը, Արշալույս Բաբայանը… «Իսկ նա… այնքա՜ն երիտասարդ, հետեւաբարՙ այնքա՜ն խոցելի, այնքա՜ն երազկոտ, այնքա՜ն համակրելի, ուշադիր, այնքա՜ն աշխատասեր, քաղաքավարի, իր գործին նվիրված…ի՞նչ էին ուզում նրանից, ե՞րբ էին հասցրել ստուգել նրա գիտելիքները հայոց լեզվից կամ համաշխարհային գրականությունից… Եվ առհասարակՙ ովքե՞ր էին նրան դատողները…»:
Իր գրելու հրաշալի տաղանդից զատ, Ֆելիքս Բախչինյանը գրական ասպարեզի խորքային հոգեբան է, հոգեվերլուծող: Եվ նրա գրքերում կարելի է գտնել ժամանակակից հայ գրականության հոգեբանական արձակի հրաշալի էջեր:
«Եղել են նույնիսկ պահեր, երբ ես խղճացել եմ մարդկանց, որ չեն ունեցել նրա նման Ուսուցիչ: Հիմա էլ համոզված եմ, որ դա նման է աղքատության, որը շատ դժվար է հաղթահարել»,-գրում է Ֆ. Բախչինյանը: Սա իսկապես հոգեբանության ոլորտից է: Առհասարակ ամբողջությամբ խորքային հոգեբանություն է այն աղերսը, որ այնքան գեղեցիկ ու համոզիչ տանում է դեպի չինացի փիլիսոփա Կոնֆուցիուսի բարդ ու հակասական փիլիսոփայություն:
«Ես հասկացա, որ աշակերտել եմ հնադարի վիթխարի փիլիսոփայից ոչ պակաս իմաստուն Ուսուցչի, բայց չեմ իմացել այդ մասին: Ոչ, իմացել եմ, որ նա մեծ է, ներքուստ զգացել եմ, որ տարբեր է, բայց որ մի լայնահուն, հորդահոս գետի չափ հզոր գաղափարախոսության, ուսմունքի կրողն է ու փոխանցողը (հնարավոր է նույնիսկ ոչ նպատակաուղղված, այլ ակամայից. ափսոս, որ նա ողջ չէ, որ ասի), չեմ իմացել: Գուցե այդ մտքի հետ ամենեւին էլ համամիտ չլիներ ընկեր Ավագյանը, ինչպես դիմում էինք նրան: Բայց իմ այս բացահայտումը ես կյանքիս մեծագույն գյուտն եմ համարում»,-գրում է Ֆ. Բախչինյանը:
Էսսեն կարդացվում է մի շնչով, բայց այնուամենայնիվ, նրա ամենագեղեցիկ էջերը գրողի հիշողություններն են գյուղական առօրյայի, դպրոցի, դասերի ու այդ ամեն մեջ շողարձակող իր Կոնֆուցիուսի կերպարի մասին: Կոնֆուցիուսին համարել են ամենաազդեցիկ անհատականությունը մարդկային կյանքի ձեւավորման մեջ: Ֆելիքսն այդպիսի արժանիքներ է վերագրում նաեւ իր ուսուցչինՙ Վիգեն Ավագյանին:
«Մի՛ արա մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ»ՙ կոնֆուցիուսականության նշանաբանը, որ դարձավ քրիստոնեական գաղափարախոսության հիմքը, Ֆելիքս Բախչինյանի կյանքի անդավաճան սկզբունքն է: Ինչ հիշում եմ նրան, նա հենց այդպես է ապրել իր կյանքը ու այդպես է ապրում: Միայն մի բան կցանկանամ իմ երախտագետ ու տաղանդավոր բարեկամին, որ հանկարծ վայր չդնի իր բեղուն գրիչը: Թող որ ժամանակները «դժբախտ են ու դժգույն», ու հայրենիք ենք զոհաբերում… Մեր հայրենիքը հարատեւում է նաեւ Ֆելիքս Բախչինյանի նման գրողների գրչի ուժով ու հրաշքով: