Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն այսօր մամուլին տված մեկնաբանության մեջ, անդրադառնալով Աղավնո գյուղի ճակատագրին, նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահը կա’մ պետք է հերքի Աղավնոյի մասին լուրերը, կա’մ գործուն քայլեր ձեռնարկի:
Հարցի առնչությամբ «Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
«Քաշաթաղի շրջանի` մեր վերահսկողության տակ գտնվող երեք բնակավայրերի ապագան մեկ անգամ չէ, որ քննարկվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում։ Այդ քննարկումներին մասնակցել են նաև ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Որոշ նիստերի` նաև պրն. Գալստյանն անձամբ։ Հաշվի առնելով խնդրի նրբությունը, բնականաբար, նաև կարևորությունը` ծագած հարցերի պատասխանների համար պրն Գալստյանին առաջարկում եմ դիմել ԱՀ Անվտանգության խորհրդին»,- ասել է Ավանեսյանը: