Տարիներ առաջ, երբ սովորում էի համալսարանի պատմության ֆակուլտետում, ինձ համարում էին աշխույժ, շատ գրքեր կարդացած, խելացի ու բանիմաց ուսանող: Բավականին հետաքրքրասեր էի: Lինում էին դեպքեր, երբ իմ հարցերով նեղն էի գցում նույնիսկ որոշ դասախոսների: Հետաքրքրություններիս շրջանակը բավականին լայն էր, սակայն կային հարցեր, որոնց նկատմամբ առանձնահատուկ հակումներ ունեի: Այդ օրերից էլ եղավ այնպես, որ հարցերի հարցն ինձ համար միշտ մնաց Հայկական հարցըՙ ժամանակի ընթացքում իր բոլոր դրսեւորումներով: Հարց, որին նվիրվել ու որի մասին շարունակում են գրվել մեծաթիվ ուսումնասիրություններ: Հարց, որի վերաբերյալ իմ կարծիքով ամենաամբողջականը Լեոյի «Հայկական հարցն այնքան հին է, որքան հայ ժողովուրդը» սահմանումն է: Ինչու, քանի որ որքան ապրում է հայ ժողովուրդը, պատմության բոլոր կեռմաններում այն ուղեկցել ու ցցվել է հայ ժողովրդի առջեւ:
Ցավոք, Հայկական հարցը մեզ համար շատ հաճախ գրեթե նույնացել է լինելու, գոյատեւելու, իսկ երբեմն էլՙ պետականություն ունենալու եւ այն պահպանելու գաղափարի հետ: Այդ հարցը որպես Արեւելյան հարցի (Օսմանյան կայսրության հետագա ճակատագի հիմնախնդիր) բաղկացուցիչ մաս, ավելի կոնկրետացավ եւ դիվանագիտության հիմնախնդիր դարձավ 1878թ.ՙ սկզբում Սան Ստեֆանոյի եւ ապա Բեռլինի վեհաժողովում ընդունված դաշնագրերով: Հայ մտավորականությունն աննախադեպ ոգեւորվեց այդ փաստից եւ որպես աշխարհի ամենազգացմունքայիններից մեկիՙ հայ ժողովրդի ներկայացուցիչներ, փեշերը վեր քաշած, բոլոր ասպարեզներում ու բոլոր միջոցներով նետվեցին լուծում տալու Հայկական հարցին: Չհասկանալով, որ ուժերը չափազանց անհավասար էին, որ միայն ֆիդայիների գերմարդկային հերոսություններով ու նվիրվածությամբ եւ կայծքարային հրացաններով հնարավոր չէր հաղթել հսկայածավալ Օսմանայան կայսրությանը:
Հենց այդ պահից էլ Հայկական հարցը հիմնականում ողբերգական ընթացք ունեցավ, եւ չնայած որոշ ձեռքբերումներին, շարունակվում է նաեւ այսօր Արցախի հարց ձեւակերպումով: Իսկ մենք համառորեն չենք կարողանում հասկանալ ու գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց եւ որ եղել է ու կա Հայկական հարց, իսկ Արցախի հարցն ընդամենը Հայկական հարցի բաղադրիչ է: Եվ երբ մի գեղեցիկ օր լուծվի Հայկական հարցը, այն բնականաբար կներառի նաեւ Արցախի հարցի լուծումը: Երբ ազգովին հասկանանք այս պարզ ճշմարտությունը (որից առայժմ դեռ շատ հեռու ենք ցավոք), կդառնանք քաղաքական ազգ եւ կունենանք իրական պետություն, որի շնորհիվ նաեւ` անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք: Անպայման հարկավոր է գիտակցել նաեւ, որ ինչպես մի առիթով ասել է Արամ վեհափառը «Արցախը շարունակութիւնն է Հայաստանին. եւ Սփիւռքը շարունակութիւնն է Հայաստանին»: Հետեւաբար հայ ժողովուրդը պետք է համախմբվի Հայաստանի շուրջՙ այն համարի ամեն բանից ու ամենքից առավել, մեր սրբություն սրբոցը, իսկ Հայաստանի հզորացումն ու անկախության ամրապնդումըՙ յուրաքանչյուր հայի եւ ամբողջ հայության կեանքի նշանաբանը, կյանքի նպատակն ու սրբազան գործը: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա Հայակական հարցի աստիճանական լուծմանն անդրադառնալ:
Այսինքնՙ նախ հարկավոր է համախմբվել, միակամվել եւ չմոռանալ, որ Աստված մեզ հարակից տարածքների վրա իշխող, բնական ամրոց հայրենիք է տվել: Ու եթե մի հրաշքով բռունցքվեինք, փակ պահեինք մի քանի լեռնանցք, ապա ապահով կապրեինք ու կբարգավաճեինք: Սակայն, ինչպես Ռուբեն Տեր Մինասյանն է ձեւակերպել, կազմակերպական արվեստի բացակայության պատճառով ոչ միայն չենք պահպանել, այլեւ կորցրել ենք պատմական հայրենիքի մեծագույն մասն ու ծվարել նրա հյուսիս արեւելյան մի հատվածում: Իսկ ամենացավալին այն է, որ այսօր էլ տարածքային կորուստները կարծես թե շարունակվում են….
«Ինչու՞» հարցին պատասխանելու համար ընդամենը մեկ կարեւոր հանգամանք պետք է նկատի ունենանք. դեռ վաղնջական ժամանակներից էր հայտնի, որ հայերին ընդհանրապես անհնար է հաղթել, բայց նրանց կարելի է բաժանել, որից հետո շատ հեշտ կլինի դա իրականացնել: Պարսկաստանի արքա Դարեհ առաջինի այս միտքը ցնցում է իր խորաթափանցությամբ ու բոլոր ժամանակներում քննություն բռնելու կարողությամբ: Ինչպես նախկին դարերում, այնպես էլ այսօր, մեր թշնամիները մեզնից լավ գիտեն մեր անմիաբանության մասին եւ միշտ օգտվել են պատմական այդտեսակ պահերից: Ցավոք, նույնը կրկնվեց 44-օրյա պատերազմի ընթացքում: Իշխանության համար մեր ներքին անզիջում գզվռտոցը պատեհ առիթ էր թշնամունՙ իր նպատակադրումն իրականացնելու համար: Հասկանալի է, որ հանրային տարբեր գաղափարներով տոգորված խմբերն ինքնին չէին կարող համախմբվել, բայց դա կարող էին անել տվյալ պահին կարեւորագույն առաքելությունների, օրինակՙ պետականության կայացման շուրջ: Կողմերին անհրաժեշտ էր ուղղակի վեր կանգնել խմբային շահերից, համարժեք կամք դրսեւորել եւ կենտրոնանալ պատերազմի հիմնախնդիրը լուծելու, իսկ խաղաղ ժամանակներում արդենՙ ստեղծարար ամենօրյա տքնաջան աշխատանքի վրա: Քանի որ միայն փոխադարձ հարգանքի վրա հիմնված պետականակերտ աշխատանքով է հնարավոր շենացնել եւ հզորացնել մեր հայրենիքը: Շատերը կարող են չհամաձայնել մտքերիս հետ, բայց խորհել այս հարցերի շուրջՙ կարծում եմ անհրաժեշտ է:
Անչափ կարեւոր է հասկանալ նաեւ, որ «Հայաստանում մինչեւ վերջ չեն գիտակցում այն դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Ամերիկյան հեքիաթներով կամ ֆրանսիական ասպետական քաղցր-մեղցր խոստումներով (դրանք խոստումներից այն կողմ երբեք չանցան) Հայաստանի տարածքների անվտանգությունը չի ապահովվելու, Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքն անվտանգ չի դառնալու»: Իսկ Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի ռազմական լրագրող Անդրեյ Մեդվեդեւի կարծիքով, որն այնքան էլ հեռու չէ իրականությունից, այդ «Անվտանգությունը եւ խաղաղությունը առայժմ կարող է ապահովել բացառապես ռուս զինվորը, ռուսական զենքը եւ Ռուսաստանի Դաշնությունը: Մնացածը` պոպուլիզմ է»:
Գաղտնիք չի նաեւ, որ ներկա պահին Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական վերաբերմունքը Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ խաղաղության որեւէ հույս չի ներշնչում տարածաշրջանում: Արցախի կարգավիճակի հարցը շարունակում է բաց մնալ: Ցավոք, պատերազմից հետո Հայաստանը շատ է թուլացել ու այլեւս փաստորեն առայժմ Արցախի անվտանգության երաշխավորը չի կարող լինել: Սակայն Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, եւ այն պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, որի երաշխավորը Արցախում գտնվող ռուսական զորքն է: Արցախը հիմա ապրում եւ շնչում է այն հավատով, որ ռուսական զորքը երբեք չի լքելու Արցախը: Դրա հաստատումն այն է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում իր քաղաքական շահերն ունի, որոնք ընդհանուր գծերով համընկնում են հայ ժողովրդի ձգտումներին: Հետեւապես պետք է նշել, որ իր հայրենիքի շահերը գիտակցող մարդն, ըստ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի , «չի կարող լինել իսկական ռուս պատրիոտ, եթե այս հարցում ունի թուրքամետ դիրքորոշում եւ չի ճանաչում Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը` որպես հայկական ժառանգություն»:
Հանրահայտ ճշմարտություն է, որ «Մենք մնացել ենք պատմության մեջ»: Ավելին, երբեմն դարձել ենք դրա գերին: Այնինչ, ընդամենը հարկավոր է հիշել ու գիտակցել, որ անգամ հարյուր տարի առաջվա մեր պատմությունը ցույց է տալիս, որ ամենավատ ստիպողական պայմաններում, անգամ զենքեր չունենալովՙ մարդիկ չէին թրքանում, կռվում, դիմադրում էին, եւ դրա շնորհիվ վեր հառնեցինք որպես ժողովուրդ: Բայց եթե որեւէ մեկն այսօր ուզում է թրքանալ, նրան ոչ ոք ոչ մի բան չի կարող անել, թող գնա թրքանա: Ում համար պարզ չէ, որ թուրքերի մեծ մասն իրենց ծագումով հայեր կամ հույներ են: Այնպես որ, ով չի դառնալու, չի դառնա, կզոհվի, բայց չի դառնա: Վստահ եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրապես հայ են մնալու, կապացուցեն, որ իրենք ավելի ուժեղ են, քան մնացածները, որոնք թրքացել են: Պարզապես հարկավոր է լարել վերջին ուժերը, տոկալ բազմաթիվ ու բազմապիսի դժվարություններին, խելամիտ վարվել մեր բոլոր հնարավոր դաշնակիցների հետ, ինչու չէՙ նաեւ սիրաշահել նրանց, շոշափելի դարձնել Հայկական հարցի արդարացի լուծման հիմքերը եւ փորձել առաջ շարժվել այն հաստատ համոզումով, որ մոտ ապագայում կազդարարվի դրա լուծման սկիզբը:
Գիտեմ, մեծ թվով խոչընդոտներ կան այդ ճանապարհին եւ դրանցից մեկը ժողովրդի երկփեղկված վիճակն է: Ցավոք, այն վիհը, որ առաջացել է սեւերի ու սպիտակների միջեւ, ավելի է խորանում: Միմյանց չհանդուրժող բառապաշարով վեճերի ու շշանետումների տեսքով «հերոսությունների» վերջը կարծես չի էլ երեւում: Իսկ օրվա իշխանությունները թեեւ աջ ու ձախ հայտարարաում են հանդուրժողականության մասին, սակայն իրականում ոչ զիջում են, ոչ էլ պատրաստ են որեւէ զիջման: Հանճարեղ Գյոթեն ասում էր. «Չկա ավելի վտանգավոր մեկ ուրիշը, քան իշխանության հասած հիմարը»: Ես իհարկե հակված չեմ կարծելու, որ մեզանում իշխանության են հասել հիմարներ, սակայն այս անհանդուրժողականության հիմքերը նրանք դրեցին: Ամենակարեւորը սակայն դա էլ չի, այլ այն, որ նրանք ուղղակի պարտավոր են ամեն ջանք գործադրելու եւ օր առաջ վերջ դնելու այս տարափեղկված վիճակին: Մի բան, որին քաջատեղյակ են նաեւ մեր թշնամիներն ու հակառակորդները, որոնք սրտատրոփ այստեսակ պահերի են սպասում, որ խաղաղ կամ ռազմի ուժով եւ իրենց ձեւովՙ թուրքավարի, լուծեն Հայկական հարցը, ինչպես արեցին դա 1915-ին:
Իրապես էլ, խաղաղ մեթոդները հայրենիքի ու ժողովրդի համար պակաս վտանգավոր չեն: Պատերազմի ժամանակ մեր երեկվա երեխաներն իրենց կյանքը տվեցին, որպեսզի այսօրվա երեխաները խաղաղ պայմաններում դպրոց գնան, կրթություն ստանան ու կարդան իրենց անհոգ մանկությունն ապահոված տղերքի պատմությունները, հիշեն նրանց անունները, ճանաչեն դեմքով: Նրանք հերոսաբար գնացին, որ մենք ապրենք: Բայց մեր այդ ապրելն անիմաստ կլինի, եթե մոռանանք նրանց: Ապրելով պիտի ապրեցնե՛նք նրանց անունն ու փառքը, վա՛ռ պահեք նրանց հիշատակը եւ երբեք ու երբեք չուրանանք նրանց սխրանքը: Իսկ կասկածից դուրս է, որ ինչպես իրավացիորեն շեշտում է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Մանոիլոն , Թուրքիայի հետ սահմանները բացելուց հետո` կսկսվի Հայաստանի գոյության հետհաշվարկը: Տնտեսական բոլոր կարեւոր եւ համակարգային կառույցները գնվելու են թուրքական կապիտալի կողմից, ինչպես թուրքերը արեցին Վրաստանում, Իրաքում, Քուրդիստանում եւ այլ վայրերում: Հայաստանի տնտեսությունը օր օրի տեղի է տալու թուրքական կապիտալին եւ վերջիվերջո անցնելու է թուրքական հսկողության ներքո: Այս ամենը թույլ չտալու համար Հայաստանն ամեն գնով պետք է բոլոր հեռանկարային ծրագրերում ընդգրկի բարեկամ երկրների կապիտալը, թիրախային ներդրումների համար հրավիրի ներդրողների: Հակառակ դեպքում` թուրքական կապիտալը կուլ կտա Հայաստանը: Այս առիթով հիշեցիՙ Դիոգենեսը պատրաստվում էր ճաշել: Ուտելիքն ընդամենը հաց ու ոսպ էր: Այդ ժամանակ նրան մոտենում է մեկ ուրիշ փիլիսոփա` Արիստիպոսը ( արքայի սիրելին):
– Սովորիր հաճոյանալ արքային եւ դու միայն ոսպ չես ուտի,- ասաց Արիստիպոսը:
– Սովորիր ոսպ ուտել եւ ստիպված չես լինի հաճոյանալ արքային,- նրան պատասխանում է Դիոգենեսը: Իսկապես հանճարեղ գաղափար է եւ խիստ անհրաժեշտ հայերիս համար: Եթե իսկապես ուզում ենք օր առաջ արդարացի լուծված տեսնել Հայկական հարցը, պետք սովորենք դիմակայել բոլոր տեսակ դժվարություններին, զգուշանանք խաղաղ եւ այլ ձեւերով մեզ ստրկացնել ցանկացողներից, համախմբվենք հանուն հայության ապագայի դրոշի ներքո եւ խելամիտ եւ հաշվենկատ լուծումներով առաջ շարժվենք պատմության մեզ համար նախատեսված ամենահարմար ուղիներով:
20.08-13.09.2021