Հայաստանի անկախության ապահովման կարեւոր գրավականներից մեկն էլ գիտության եւ տեխնիկայի հարաճուն զարգացումն է: Այս տեսակետից է անհրաժեշտ դիտարկել «ՀՀ կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Որպես լրագրող զրուցել եմ բնագավառի ղեկավարների եւ գիտնականների հետ,որոնք մեծ ճանապարհ են անցել, ունեն ծանրակշիռ ավանդ գիտության զարգացման բնագավառում: Այդ պատճառով ցանկանում եմ ներկայացնել իմ կարծիքը վերը նշված օրենքի նախագծի մեկ դրույթի վերաբերյալ:
Օրենքի նախագծում, օրինակ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների համար դրված են որոշակի սահմանափակումներՙ 65 տարին լրանալուց հետո անձը տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի: Բուհերի ռեկտորների համար այն սահմանված է 70 տարին: Մասնագիտության բերումով գիտահետազոտական հաստատություններում ու բուհերում շատ եմ եղել եւ զանգվածային լրատվամիջոցներում տարիներ շարունակ ներկայացրել եմ նրանց կատարած աշխատանքները: Զգացել եմ, որ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենի պաշտոնն առավել դյուրին է, քան բուհերի ռեկտորներինն է: Ուստի առաջարկում եմ ինստիտուտի տնօրեններին առնչվող տարիքային սահմանափակումը նույնպես դարձնել 70 տարի, ինչպես ռեկտորների պարագայում է կամ հանել տարիքային սահմանափակումը: Չէ, որ աշխարհի ամենադեմոկրատական երկրում Բայդենը 78 տարեկանում ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ: