Մերօրյա հայաստանյան առօրյան յուրօրինակ է անցնում: Օր չի լինի, որ հանրությանը քաղաքական ու տնտեսական բնույթի որեւէ իրադարձություն չհրամցվի, մեր մարդկանց ուշադրությունը չսեւեռվի գրեթե երրորդ-չորրորդական որեւէ հարցի ուղղությամբ, երբ ՀՀ կայացման ու զարգացման խնդիրներն օրակարգային չեն դիտարկվում ու համարվում:
Այսօր նորընտիր ազգային ժողովի արտահերթ հրավիրված նիստում համանման մի վիճակ կստեղծվի. օրակարգ է հայտարարվել երկրի վարչա-տարածքային կառուցվածքը, զուտ քաղաքական նպատակովՙ ՀՀ համայնքների հերթական անգամ խոշորացումը: Թե ինչի է հանգեցրել մինչ այս արվածը, հանրությունը հիմնականում տեղեկանում է իշխանական Հ-1 հանրային հեռուստաընկերության գրեթե գովազդային լուրերից, քանզի այլ հեռուստաալիքներ այդ նույն ժամերին հեռարձակում են ըմբոստության աստիճանում հայտված գյուղաբնակների խոշորացմանը դեմ կարծիքները, դրանց կոնկրետ հիմնավորումները: Գուցե ոմանց թվա, որ քաղաքաբնակի գործ չէ խոսել մի ոլորտից, որտեղ գյուղաբնակ արտահայտվողների պակաս չկա, այսուհանդերձ նկատենք, որ մեզնից յուրաքանչյուրն այդ փոքր թե մեծ համայնքներում հարազատ-բարեկամներ ունի, ովքեր էլ աջակցության կարիքն ունեն: Ի վերջո, այդ «նորամուծությունների» արդյունքում հողի ու կենդանու մշակի աշխատանքի արդյունավետությունը չի բարելավվում, որի հետեւանքն է դառնում ստեղծվող նվազագույն արդյունքների գների բարձրացումը, այդ գնաճ կոչվող հրեշի ինքնակամ պահվածքը, որը խժռում է թե՛ պետական աղքատիկ բյուջեի ֆինանսները, թե՛ աղքատացող քաղաքացիների գերհամեստ դրամային միջոցները: Ասելիքս հիմնավորեմ հետեւյալ մի օրինակով:
Տարիներ առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարներից հերթականը հայտարարեց ինչ-որ կոոպերատիվներ հիմնելու օգնությամբ հայ գյուղը բարեփոխելու իր մտադրության մասին: Իմաՙ գյուղաբնակներն իրենց վարելահողերը, այգիները, խոտհարքներն ու արոտավայրերը, թռչուններն ու կենդանիները միավորելու էին եւ այդկերպ նոր որակի արդյունք էին ստեղծելու: Մի քանի գյուղապետերի հաջողվեց տեսախցիկների առջեւ կանգնեցնելով ոգեւորիչ խոսքեր հնչեցնել… եւ վերջ: Հաջորդ գյուղնախարարներից եւ ոչ մեկը չհիշեց ու չխոսեց այդ մասին: Հատկացված լիզինգային մի քանի գործիքներն ու գյուղատնտեսական տեխնիկան համայնքապետերի արհեստանոցներում հայտնվեցին, նրանց սեփականությունը դարձան: Իսկ թվում է կոոպերացիա հռչակվածի հիմքում այս նույն խոշորացում կոչվածի գաղափարն էր դրված, որն արդեն գոյություն չունեցող համայնավարության յուրօրինակ մեկնաբանություն էր ընդամենը: Բայց չէ՞ որ համայնավարության հռչակած արժեքները նույնքան գրավիչ էին, որքան կոոպերատիվներ հայտարարվածի, որոնք իրական կյանքում ու հարաբերություններում գրեթե սնանկ դարձան, անարժեք ու անիրագործելի ինչ-որ բան:
Վստահ եմ հայաստանյան հանրության որոշակի շրջանակներում, այդ թվում իշխանականում, գիտեն հայ գյուղն ու գյուղաբնակին կայացնելու ու զարգացնելու միջոցները, որն այսօր փոխարինվում է նրա հաշվին ՀՀ բանկային համակարգն ու վերամշակողների շահերը սպասարկելով: Այցելեք զարգացած գյուղոլորտ ունեցող երկիր եւ կարձանագրեք, որ ընդամենը մեկ ֆերմերային տնտեսություն նույնքան ու ավելի գյուղարտադրանք ունի, որքան ներկայիս մի քանի հարյուր տնտեսություն ունեցող մեր գյուղհամայնքները: Նրանցից որեւէ մեկը գաղափար անգամ չունի այդ կոոպերատիվ ասվածից, որը հիմա փորձ է արվում վերակենդանացնել խոշորացում մոգոնվածի տեքստով: Սա պարզագույնը տնտեսության քաղաքականացման պարզունակ փորձ է, որը միայն ու միայն ժամանակի կորստի կարող է հանգեցնել: Մերոնց ցանկություններն այդպես էլ երազ կմնան, երբ արտերկրների մենատնտեսների պարագայում տեսնում ենք անհատնում մառանների լեփ-լեցուն գինու տակառներն ու պանիրների դարակները, կախված խոզի ազդրերից ստացվող խամոն կոչվող ապխտած մսատեսակներն ու այլեւայլ երշիկեղենը: Եվ այս ամենըՙ ընտանիքի 2-3 անդամների ջանքերով, որոնց միայն գարնան գյուղատնտեսական աշխատանքների ու աշնան բերքահավաքի ընթացքում մի քանի վարձու աշխատողներ են ընդգրկվում: Եվ հարցըՙ ինչպես է ստեղծվում այդ ահռելի հարստությունը, հնչում է ինքնաբերաբար: Պատասխանը մեկն է եւ շատ պարզ. սեփական քաղաքացիների առաջնահերթ պահանջմունքների նվազագույնից-առավելագույն բավարարման միջոցով, ուր առաջնայինը կենդանական ծագման սնունդն է, այստեղ էլՙ կաթնա-մսամթերքները: Երկիր մոլորակի չորս կողմերում այս չափորոշիչից շեղումը բերում է կայուն աղքատության, որպիսի ուղու վրա է մերօրյա Հայաստանի հանրապետությունը, ուր պետության սուղ միջոցներով խրախուսվում է բանջարա-բոստանա-այգեգործական ոլորտը, երկիրը դարձնելով այլոց ծիրանի ու լոլիկի մատակարարման կցորդ:
Իսկ տեսեք ինչ է անում ճիշտ մեր տարածքն ունեցող մոտ 12 մլն բնակչությամբ Բելգիան: Հացահատիկային մշակաբույսերի զգալի ծավալների արտադրության շնորհիվ դրանք որպես լիարժեք անասնակեր է օգտագործում եւ օրը 20 եւ ավելի լիտր կաթնատվության ու խոշոր կենդանիների օրական մոտ 1,5 կգ քաշաճի արդյունքում ոլորտը գերարդյունավետ է դարձնում: Միայն խոզի մսի տարեկան արտադրությունը գերազանցում է 1 մլն տոննան, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ դրա 1 տոկոսն է կազմում; Երկրի ողջ գյուղատնտեսությունում ընդգրկված է աշխատունակ բնակչության … 0,9 տոկոսը, երբ ՀՀ-ում ցուցանիշը 35 տոկոս է: Վստահ եմ թե՛ մեր բարձրագույն գործադիր մարմնում, որը ՀՀ կառավարություն է կոչվում, թե՛ բարձրագույն օրենսդիր կառույցումՙ Ազգային ժողովում կան բավարար թվով պաշտոնյաներ ու պատասխանատուներ, որոնք տեղյակ են այսօրինակ վիճակագրությանն ու գործընթացներին: Միայն անհասկանալի է ՀՀ-ի պարագայում գործընթացն այլ ուղղությամբ տանելու շարժառիթը, որոնցից էՙ համայնքների խոշորացմամբ ինչ-ինչ նպատակների իրականացումը:
Ինչ-ինչն այնքան ընդգրկուն է, սկսած քաղաքական նկատառումներից մինչեւ տնտեսական գործընթացները, որ դրանց անդրադառնալուց առաջ հարկ է համաշխարհային գործընթացներով առաջնորդվել, ուր յուրաքանչյուր խոշորացում ընդամենը մոգոնված շղարշ ու խաբկանք է: Զուր չէ մարդ արարածին ուսուցանվում. ձայն բազմացՙ ձայն Աստծո:
22.09.2021թ.