Հայաստանում փակվում է երկու քրեակատարողական հիմնարկՙ «Կոշ» եւ «Հրազդան», այդ մասին նախագիծը ներկայացվել է կառավարությանը: 2022-ին, երբ դրանք փակված լինեն, կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սա տեղավորում է ՔԿՀ բարեփոխումների համատեքստում: Անմխիթար վիճակում գտնվող եւ ազատազրկվածներին կյանքի համար անտանելի պայմաններ պարտադրած այս հիմնարկների փակումից հետո Հայաստանում կգործի10 ՔԿՀ, որոնց պայմանները կլավացվենՙ ապահովելով մարդու իրավունքների խնդրի լուծումը: ՔԿՀ-ների 5346 տեղից այժմ զբաղված են միայն 2113-ը: Չնայած ՔԿՀ-ների փակման հետեւանքով 280 հաստիք կկրճատվի, բայց արդարադատության նախարարը նկատում է, որ նրանց մի մասը տեղավորվելու են այլ ծառայություններում, մի մասն էլ կմնան կադրերի ռեզերվումՙ հետագայում ըստ նպատակահարմարության նրանց մասնագիտական կարողություններն օգտագործելու հեռանկարով: Օպտիմալացումը հասավ քրեակատարողական հիմնարկներ: