Գերմանալեզու լրատվամիջոցները դեկտեմբերի 14-ից ի վեր արձագանքեցին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե հնարավոր է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ սկսվեն: Թուրքիայի արտգործնախարարի հաղորդմանը հետեւել էր պաշտոնական Երեւանի հաստատումը: dpa գործակալության տարածած լրատվության մեջ, որ արտատպել են մի շարք լրատվամիջոցներ, շեշտվում էՙ «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները նորմալացնել», ինչպես Հայաստանի արտգործնախարարության ձեւակերպումն է: («Ազգ»ի առաջիկա համարում կանդրադառնանք «նորմալ», «նորմալացում» բառերինՙ դրանք դիտարկելով հատկապես գերմանական խոսույթի մեջ մեր նկատած ընկալմանը- Ան.Հ. ): Լրատվությանն անդրադարձած «Շպիգելը» ծանուցում է Թուրքիայի տեղեկությունն առ այն, որ երկու երկրները պիտի հաստատեն հատուկ բանագնացներՙ հետագա քայլերի մասին պայմանավորվելու համար:
«Շպիգելը» հիշեցնում է, որ երկու երկրների սահմանները փակ են տասնամյակներ ի վերՙ Թուրքիան սերտ համագործակցում է Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի հետ, 2020 թվականի պատերազմում Անկարան նաեւ ռազմական աջակցություն էր հատկացնում Բաքվին: «Շպիգելը» հիշեցնում է վարչապետ Փաշինյանի 2020-ի հոկտեմբերին հնչեցրած խոսքը, թե Թուրքիան է մեղավոր ԼՂ-ի շուրջ վեճիՙ ռազմական հակամարտության վերածվելու համար: «Առանց Թուրքիայի ակտիվ ներգրավվման, այսքան չէր խորանա»: Ադրբեջանիՙ պատերազմ սկսելու որոշման շարժիչը Թուրքիայի ամբողջական սատարմամբ է եղել, Փաշինյանի եզրակահանգումն է ներկայացնում «Շպիգելը»:
Գերմանական հիշյալ լրատուն հավելում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են վերջինիսՙ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով, թեեւ պատմաբանները 1,5 միլիոն զոհի մասին են ակնարկում, սակայն Անկարան ընդունում է զոհ գնացած 300 000 – 500 000-ի առկայությունըՙ մերժելով ցեղասպանություն եզրաբառը:
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» դեկտեմբերի 14-ին լուրը զետեղել է «Թուրքիան եւ Հայաստանը կամենում են կրկին մերձենալ» վերնագրով, բայցՙ գլխագրում թերահավատությունն այսպես է ձեւակերպելՙ «Վե՞րջ սառցե ժամանակահատվածին»: Նույն օրը թերթի վերլուծաբան Ռայներ Հերմանը Անկարայից ծավալուն հոդված է գրումՙ «Թուրքիան Հայաստանի միջով հաղորդակցության միջանցք է կամենում» վերնագրով: «Մեկ տարի առաջ Թուրքիան սատարում էր Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում: Այժմ Անկարան ու Երեւանը կամենում են խոսել իրար հետ: Այդուհանդերձ հաջողությունը կախված է նաեւ տարածաշրջանի այլ երկրներից, իր հերթին գրում է «ՖԱՑ»-ը: Երկու կողմերն էլ իրենց առաջին քայլերն են անում երկկողմ բարդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որոնց շաբաթներ առաջ էին սպասում: Երկուշաբթի Չավուշօղլուն հայտարարեց Հայաստանի հարցով հատուկ բանագնաց նշանակելու, Ստամբուլի եւ Երեւանի միջեւ չարտերային թռիչքները վերագործարկելու մասին, գրում է Հերմանը եւ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Վ. Հունանյանի խոսքը ներկայացնում առանց կրճատման. «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների նորմալացնել (կարգավորել) հարաբերությունները Թուրքիայի հետ»: «Սրան նախորդել էին նոյեմբերի վերջին Սոչիում Պուտինի հետ Փաշինյանի եւ Ալիեւի անուղղակի հանդիպումները: Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերից, գրում է «Ֆրակֆուրտեր ալգեմայնեն»ՙ հիշատակելով «հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի ՙ Հայաստանից մեկ տարի առաջ Ադրբեջանի նվաճած Ֆիզուլի այցի ժամանակ հնչեցրած միտքըՙ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման (կարգավորման) համար որեւէ խոչընդոտ չի լինի, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու ազնիվ կամք դրսեւորի»: Թերթի վերլուծաբանը անդրադառնում է հրադադարից մեկ տարի անցՙ նոյեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ՙ Հայաստանին ուղղված հորդորին, որ կոչ էր անում օգտվել Անկարայի եւ Բաքվի ղեկավարների խաղաղության ժեստից: Գերմանացի քաղաքական վերլուծաբանն էլ շեշտադրում է, որ ադրբեջանական զինուժին պատերազմի ժամանակ սատարել են թուրքական եւ իսրայելական անօդաչուները: ՖԱՑ- ի իրազեկմամբ, «Թուրքիան հստակեցրել էր իր ցանկությունները նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթաժողովի ժամանակ: Այս հարթակն Էրդողանն օգտագործում է թյուրքախոս աշխարհի համար իր առաջնորդությունը շեշտելու նպատակով: Համագործակցության խորհրդի նախագծերի առանցքում անդամ երկրների միջեւ հաղորդակցության միջանցքի ստեղծումն է, որ Թուրքիայից Ղազախստան, մինչեւ Չինաստանի սահման է հասնում: Սակայն դրա համար Հայաստանով միջանցք է անհրաժեշտ: Թուրքիան ընդամենը 10 կիլոմետրանոց ցամաքային սահման ունի Նախիջեւանի հետ, որը Ադրբեջանի հետ կապված չէ», մեկնաբանում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» վերլուծաբանը եւ շարունակումՙ «Զանգեզուր լեռնաշղթայի անվամբ նման միջանցքի ստեղծումն արդեն նախատեսված է 2020-ի նոյեմբերի հրադադարի պայմանագրով (ինչը սխալ է- Խմբ. ): Դրա անվտանգության պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստանը»:
«Հունվարին Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը աշխատանքային խումբ ստեղծեցինՙ տրանսպորտային հաղորդակցության բարելավման առաջարկները մշակելու նպատակով: Հավանական է, որ այս միջանցքի նախագիծը կարող էր հոկտեմբերի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի խոշոր զորավարժությունների պատճառ լինել: Իրանը երկյուղում է Հայաստանի հետ առեւտրի եւ այլ ոլորտներում իր սերտ հարաբերությունների համար: Ադրբեջանի հետ հարաբերությունները վատ ենՙ պայմանավորված է նաեւ այնտեղ իսրայելյան ռազմական ներկայությամբ: Վրաստանն էլ, որ մինչ այդ շահում էր Թուրքիայի եւ Հայաստանի փակ սահմանի շնորհիվ, կորուստ կունենա: Եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, երկաթուղային հին կապերն էլ կօգտագործվեն, ինչպես Նախիջեւանի եւ Բաքվի, այնպես էլ Երեւանի եւ Իրանի միջեւ: Հայաստանի հարավը Թուրքիայի համար դարպաս կդառնա դեպի Հարավային Կովկաս եւ թուրքական պետություններ», նկատել է տալիս Հերմանըՙ ակնարկելով, թե թուրք- հայկական բանակցություններում կքննարկվի միջանցքի կարգավիճակի հարցը: Հայաստանը պնդում է այնպիսի լուծում գտնել, որի միջոցով ինքնիշխանությունը չի զիջի այլ պետության, գրում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեկնաբանըՙ նշելով, թե Հայաստանը եւ Թուրքիան պիտի կարգավորեն նաեւ 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքով լարվածությունը, որ առկա է, քանզի Թուրքիան հրաժարվում է ճանաչել, որ կատարվածը ցեղասպանություն է: «Դոյչլանդֆունկը» դեկտեմբերի 15-ի լրատվության մեջ անդրադառնում է Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովինՙ մեկ նախադասությամբ արձանագրելով հետեւյալը. ԵՄ-ն վստահեցրեց, թե «թշնամացած Հայաստանին եւ Ադրբեջանին կսատարի ԼՂ-ի հակամարտության լուծման հարցում»: