Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի «Ցտեսություն, ծի՛տ» կամերային օպերայի առաջնախաղըՙ գրված հայ արդի գրող Արամ Պաչյանի համանուն վեպի հիման վրա: Կոմպոզիտորն իր գրական սյուժեն ընտրելիս արդեն ծանոթ էր Արամ Պաչյանի գրականությանը եւ խորապես տպավորված լինելով այս երկիցՙ երաժշտական թատրոնի ժանրում աշխատելու առաջին իսկ առիթով որոշեց այն իբրեւ գրական սյուժե օգտագործել: Տարաբնույթ հոգեբանա-փիլիսոփայական հյուսվածքներով հագեցած այս ստեղծագործության լիբրետոյի ստեղծման գործում երկու հեղինակներն ունեցան սերտ համագործակցություն:
Հարկ է նշել, որ «Ցտեսություն, ծի՛տ» (Goodbye, Bird) նախագիծը հանդիսանում է «Արտկոնցեպտ» միջազգային ընկերակցության եւ Մյունխենի քաղաքապետարանի համագործակցության արդյունք: Նախագծի հավելյալ ֆինանսավորմանը աջակցություն են ցուցաբերել Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը, «Ստեղծագործ Հայաստան» հիմնադրամը, «Հայաստան Հիմնադրամ Գերմանիան»:
«Goodbye, Bird»-ը մի համապարփակ միջազգային ծրագիր է, որը Մյունխենում կայացած երկու ներկայացումներից բացի ներառում է 2019-ից ընթացող ակտիվ մշակութային երկխոսություն, որի շրջանակներում 2019-ի հոկտեմբերին գրող Արամ Պաչյանը հյուրընկալվել է Մյունխենի Villa Waldberta արվեստագետների կեցավայրում: Նույն ծրագրի շրջանակներում գերմանական ունկնդրին էին ներկայացվել «Goodbye, Bird» օպերայի վրա տարվող ստեղծագործական աշխատանքի արդյունքները, այդ թվումՙ պարային ներկայացում Մյունխենի Hier=Jetzt (Այստեղ=Հիմա) արվեստի փառատոնի ընթացքում (02.05.2019), ցուցահանդես-ինստալացիա Villa Waldberta-ի «Բաց դռների երեկո» միջոցառման ժամանակ (17.10.19):
Նախագծի աշխատանքային կազմում աշխատել են կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, խորեոգրաֆ եւ պարուհի Լյուբա Ավակումովան , գրող Արամ Պաչյանը եւ անիմատոր Եվա Մուրադյանը :
Իսկ արդեն այս տարվա օպերային ներկայացումների ռեժիսորը հենց ինքն էՙ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: «Ստեղծագործությունը երաժշտության, պարի եւ ասմունքի միջոցով փոխանցում է ունկնդրին Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծի՛տ» վեպի խորհրդավոր լեզվական լաբիրինթոսների մթնոլորտը: Օպերայի հիմնական հերոսն է մի երիտասարդ, որը ծառայություն է անցկացնում զինված ուժերում: Այստեղ իրար են ներհյուսվում բանակային կյանքի մասամբ մղձավանջային դրվագները սիրային երազանքների հետ, ջրծաղիկով հիվանդի տենդային տեսիլքներըՙ բանակային կյանքի չգրված օրենքների հետ: Եվ այդ ամենը դառնում է միաձույլ մի հյուսվածք, որտեղ դժվար է տարբերել երազն իրականությունից, անցյալըՙ ներկայից» (մեջբերման հեղինակՙ Շուշան Հյուսնունց ):
Երկու արարից բաղկացած օպերան տարբերվում է դասական օպերայից իր ուրույն ոճով եւ ձեւաչափով, ինչպես նաեւ արվեստի տարբեր ճյուղերի յուրովի համադրմամբ: «Goodbye, Bird» կամերային օպերան գրված է մեկ երգչի, երկու պարողների, մեկ ընթերցողի եւ գործիքային անսամբլի համար:
Թատերական գործողությունների զարգացման արտահայտչամիջոցները բազմազան են: Երաժշտության հնչողական ոլորտը եւս բազմաշերտ է: Կենդանի կատարման հետ միասին այն լրացվում է ձայնագրությամբ, որտեղ հնչում է երգչախումբ, ասմունքողի ձայն, հայ ժողովրդական գործիքներ եւ էլեկտրոնային երաժշտություն: Դիրիժոր Անրի Բոնամիի ղեկավարությամբ անսամբլային գործիքային կազմն ընդգրկել է սոպրանո եւ բարիտոն սաքսոֆոններ, երկու ակորդեոն, ալտ, թավջութակ: Ժողովրդական գործիքների նվագամասը ձայնագրել է Հայկ Կարապետյանը : Երգչախմբային հատվածները կատարել եւ ձայնագրել են «Խազեր» երգչախումբը (խմբավարՙ Անի Նավասարդյան ) եւ «Դիվիզի» երգչախումբը (խմբավարՙ Մարինա Ալավերդյան ):
Կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի ուրույն ստեղծագործական ձեռագիրը միանգամայն ճանաչելի է ունկնդրին: Որքան էլ ներկայացումը տարբերվում էր դասական օպերային չափանիշներից, այնուամենայնիվ, հեղինակը կամերային օպերայի ժանրային առանձնահատկություններին համահունչ է միահյուսել երաժշտության յուրաքանչյուր հնչողական շերտը: Ինքնատիպ ընտրված անսամբլային կազմում ակորդեոնների հնչողությունը մե՛րթ փոխանցում էին փարիզյան մթնոլորտը, մե՛րթ փոխակերպվում զուսպ, օստինատային հնչողությանՙ լրացնելով սյուժետային մտահղացումը: Երկրորդ գործողության երաժշտական ձայնելեւէջներում յուրօրինակ էին համադրվել աշխարհիկի եւ հոգեւորի գաղափարներըՙ կարծես ունկնդրին փոխանցելով Գրիգոր Նարեկացու տաղերի հնչերանգները, ինչն արտահայտվում էր թե՛ երգչախմբային ձայնագրության, թե՛ անսամբլի կենդանի նվագակցության նվագամասերում:
Երգչի եւ ընթերցողի ասերգային եւ քնարական երգեցողության հատվածները զուգակցված էին բարձր պրոֆեսիոնալ թատերական խաղով, ինչը, սակայն մշտապես գտնվում էր բարձր ճաշակի եւ զուսպ միջոցներով արտահայտվելու սկզբունքը պահպանելու տիրույթում: Չափազանց տպավորիչ էր օպերայի ավարտըՙ հագեցած հարուստ երգչախմբային հնչողությամբ, հոգեւոր վեհ գաղափարների կենսունակության հաստատմամբ:
Մյունխենյան առաջնախաղից հետո կոմպոզիտորն ու ստեղծագործական անձնակազմը մեծ ցանկություն ունեն այն ներկայացնել նաեւ հայրենիքում: Օպերայի նկատմամբ հետաքրքրությունը տեսանելի է նաեւ երեւանյան երաժշտասերների շրջանակում: Հուսանք, մոտ ապագայում հնարավոր ֆինանսական աջակցություն դեպքում հեղինակն ու իր թիմը օպերան կներկայացնեն նաեւ երեւանյան հանդիսատեսին:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Արսեն Բաբաջանյանը ծնվել է 1986 թ. մարտի 11-ին, Երեւանում:
2003-2008 թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական (պրոֆ. Սերգեյ Դանիելյանի դասարան) եւ կոմպոզիցիայի (պրոֆ. Լեւոն Չաուշյանի դասարան) բաժիններում: 2008-2011 թթ. ուսանել է կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրայում (պրոֆ. Սերգեյ Դանիելյան): 2010-ին պաշտպանել է թեկածուական ատենախոսություն (ղեկավարՙ պրոֆ. Միխայիլ Կոկժաեւ):
2008 թ. Ղ. Սարյանի անվան վոկալ ստեղծագործությունների մրցույթում արժանացել է դիպլոմի: 2010 թ. հիմնադրել եւ ղեկավարել է Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորումը, որի շրջանակներում նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ Հայաստանում եւ արտերկրում: Հանդիսացել է Լեհաստանի մշակույթի նախարարության «Gaude Polonia» ծրագրի կրթաթոշակառու (ծրագրի ղեկավարՙ կոմպոզիտոր Պավել Միկիտին):
2011 թվականին մասնակցել է երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին, եւ որպես վոկալիստ արժանացել է մասնագիտական հանձնաժողովի խրախուսական դիպլոմին:
2012-ին որպես ազատ ունկնդիր հաճախել է Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան ակադեմիայի Էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասընթացներին (պրոֆ. Բարբարա Օգոն-Մակովսկա), մասնավոր դասեր առել Քրիստոֆ Չայայից: Նույն թվականին Երեւանի կոնսերվատորիայի հրատարակչության կողմից արժանացել է Իրինա Տիգրանովայի անվան մրցանակի` տարվա լավագույն քննադատական հոդվածի համար, հրատարակել է «Երեւանյան Դինգոներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Նժդեհյան աշխատությունների այժմեականությունը», «Կոմպոզիտոր Գագիկ Հովունց» աշխատությունները:
2012 թվականին «Վերածնունդ» երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների մրցույթ-փառատոնում արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի կոչմանՙ «Թե իմանաս» վոկալ ստեղծագործության համար:
2012 եւ 2016-2018 թթ. կատարելագործվել է Մյունխենի Երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում (ղեկավարՙ Յան Մյուլեր-Վիլանդ):
2016-2017 թթ. սովորել է Ավստրիայի Գրաց քաղաքի երաժշտության եւ թատրոնի կոնսերվատորիայում (ղեկավարՙ Բեթ Ֆյուռեր):
2013, 2014 եւ 2016 թթ. հանդիսացել է Հայկական Բարեգործական ընդհանուր միության կրթաթոշակառու (Նյու Յորք, ԱՄՆ): 2014-ին արժանացել է 8-րդ միջազգային “Pre-Art” կոմպոզիտորական մրցույթի 1-ին մրցանակին (Ցյուրիխ, Շվեյցարիա), նույն թվականին Լեհաստանում «Հովվի երգը» կարճամետրաժ ֆիլմի համար լավագույն երաժշտության մրցանակի, 2018-ին Բեռլինի կոնսերվատորիայի մրցույթումՙ Ֆ. Մենդելսոնի ստեղծագործության 3-րդ մրցանակի, նույն թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից «Դաշնամուրային տրիոյի» համար արժանացել է «Լավագույն կամերային երաժշտական ստեղծագործություն» պարգեւի:
2018-ին պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակի ոսկե մեդալովՙ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ մարդասիրական սկզբունքների հաստատման գործում ծավալած գործունեության համար: 2019-ին հանդիսացել է Բավարիայի մշակույթի նախարարության 6-ամսյա կրթաթոշակառու Փարիզում:
Հեղինակ է մի շարք վոկալ, կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների, թատերական ներկայացման երաժշտության («Փայտե մարդը», ըստ Ստեփան Զորյանի, Երեւանի Համազգային թատրոն):
Լուսանկարների հեղինակՙ Մարիա Մատինյան
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ, Երաժշտագետ