Երեւան քաղաքի ավագանու անդամները դեկտեմբերի 17-ին ներկայացրել են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծՙ Հայկ Մարությանի փոխարեն առաջարկելով քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Ավագանուՙ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց կարՙ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը:
Ավագանու անդամներ Գրիգոր Երիցյանն ու Գայանե Վարդանյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Նշենք, որ Գրիգոր Երիցյանն այս օրերին ակտիվորեն քննադատում էր «Քաղաքացիական պայմանագրին»ՙ Հայկ Մարությանի դեմ ստորագրահավաք սկսելու եւ նրան պաշտոնանկ անելու գործընթացի համար:
Անվստահություն հայտնելու որոշման նախաձեռնող Արմեն Գալջյանն իր ելույթում նշեց, որ ավագանու եւ քաղաքապետի ինստիտուտների միջեւ ճգնաժամ էր առաջացել. Հայկ Մարության անձի նկատմամբ հակակրանք չկա, ուղղակի երկու ինստիտուտների միջեւ բախում է տեղի ունեցել, որի համար հիմք է հանդիսացել Հայկ Մարությանիՙ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալը, ինչն էլ, փաստորեն, առիթ է դարձել, որպեսզի քաղաքական ճգնաժամը ստեղծվի:
Հրաչյա Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ: Կառաջարկե՞ն նրան իշխող կուսակցության շարքերը մտնել, Գալջյանը դժվարացավ պատասխանել:
Եթե իշխող կուսակցության ներսում անառողջ մթնոլորտ ու տարաձայնություններ կան, եթե Երեւանի քաղաքապետի հանդեպ էլ ստեղծվել է անվստահության տրամադրություն, ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեն լինելու:
Արտահերթ ընտրությունների համար օրենսդրությամբ սահմանված երկու ճանապարհ կա. առաջինըՙ երբ քաղաքապետը հրաժարական է ներկայացնում, իսկ ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում: Իսկ այս պարագայում քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել:
Երկրորդՙ երբ քաղաքային իշխանությունները երեք ամիս շարունակ նիստ չեն գումարում, որպեսզի ավագանին ցրվի, եւ տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Սա նույնպես տեղի չունեցավ:
Ճգնաժամը լուծվեցՙ ավագանու շրջանակներից նոր քաղաքապետ ընտրելով: Իմքայլականներն ասում ենՙ այսկերպ մայրաքաղաքն ավելորդ ցնցումների չենթարկվեց, իսկ իրականում իրենքՙ ավելի ճիշտ իրենց առաջնորդ Փաշինյանը քաջ գիտե, որ եթե Երեւանում քաղաքապետի ընտրություններ լինեն, իշխանական կուսակցությունը միանշանակ պարտվելու է. նախադրյալըՙ հունիսի 20-ի ընտրությունների երեւանյան ցուցանիշները:
Օրերս քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանն ասել է, որ չի կարծում, թե քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա, նաեւ ավելացրել է, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը քաղաքական չէ:
Իսկ Արմեն Գալջյանը հակառակն է ասումՙ համոզված, որ քաղաքապետարանում շարունակում են դրսեւորվել կոռուպցիոն երեւույթներ եւ ռիսկեր: Ավագանու անդամները դա հաճախ են նկատել ու փորձել բարձրաձայնել:
Երեւանի քաղաքապետարանում ծախսային կատարողականները 2016-20 թթ. հետեւյալ պատկերն ունեն:
2016 թվականՙ 100 տոկոս
2017 թվականՙ 84 տոկոս
2018 թվականՙ 78 տոկոս
2019 թվականՙ 79 տոկոս
2020 թվականՙ 55 տոկոս:
Եկամուտները հավաքագրվել են, բայց աշխատանքները պատշաճ չեն իրականացվել: Սա, ըստ Գալջյանի, Մարությանին անվստահություն հայտնելու բազմաթիվ հիմքերից մեկն է:
Պետք է նշել, որ այս ամենով հանդերձՙ վերջին 3 տարիների քաղաքային բյուջեին ավագանին կողմ է քվեարկելՙ ընդունելով այն որպես օբյեկտիվ իրականություն:
«Իմ քայլից» Վահե Գեւորգյանը ոչ հռետորական հարց ուղղեց Գալջյանին. «Ընդունո՞ւմ եք, որ շանտաժի եւ սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա եւ ստորագրություններ կորզել»:
«Ոչ, չեմ ընդունում»,- հնչեց Գալջյանի պատասխանը:
Երեւանի սեփական մուտքերն աճել են 12 միլիարդ դրամով: Այդ աճն ապահովել են գույքային վճարումները: Այսինքնՙ Հայաստան բերված ավտոմեքենաների քանակը վերջին տարիներին կրկնապատկվել է, հետեւաբար, գույքահարկերը եւս կրկնապատկվել են:
Անշարժ գույքի հարկերի մուտքերը եւս աճել են: Եթե սրանք հանում ենք, տակը մնում է 2 միլիարդ դրամի աճ, ինչն էլ կազմում է Երեւանի իրական դրամական մուտքը: «Եկամուտների հավաքագրման իմաստով քաղաքապետարանը որեւէ կառուցողական փոփոխություն չի արել: Հավաքագրված գումարները չեն ծախսվում, տարվա կտրվածքով բոլոր ծրագրերը չեն իրականացվում»,- հայտարարեց ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահըՙ մեղադրելով քաղաքապետին:
«Իմ քայլից» դուրս եկած Իզաբելլա Աբգարյանը , որը Գրիգոր Երիցյանի հետ փորձում էր այս օրերին պաշտպան կանգնել Հայկ Մարությանին, դիմեց իշխանական կուսակցության ներկայացուցիչներին. «Քաջություն չունեք ձեր մեղքի բաժինն ընդունել: Երեւանցին չի ասելՙ Հայկ Մարության, հրաժարական տուր, քանի որ դուրս ես եկել «Քաղաքացիական պայմանագրից»: Խմբակցության նիստերին չէիք գալիս, հիշո՞ւմ եք: Ովքե՞ր են զբաղվել Երեւանի խնդիրներով, ովքերՙ ֆեյսբուքովՙ Ալեն Սիմոնյանի ու Խաչատուր Սուքիասյանի ֆեյքերին մեզ վրա քշելով: Քաղաքապետը խնդրում էր, որ մասնակցեիք խմբակցության նիստերին,որ քվորում լիներ, չէիք գալիս, չէիք մասնակցում:
Դղյակների օրինականացման նիստին էլ չեկաք: Հովիկ Աբրահամյանի դղյակի օրինականացման նիստին, հիշո՞ւմ եք, չեկաք: Ուզում էինք օրինականացնել, որ Երեւանի բյուջե փող մտնի:
Հայկ Մարությանը քաղաքական ուղուց չի շեղվել, «Իմ քայլի» ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիրը»ՙ հրաժարվելով այն մարդկանցից, որվքեր եղել են հեղափոխության շարժիչ ուժը:
Ուրանալուց առաջ ինքներդ ձեզ նայեք: Մի պարզ ճշմարտություն նորից հաստատվեցՙ հեղափոխություն անում են ռոմանտիկները, օգտվում…»:
Այն, որ ավագանու անդամներին շանտաժի ենթարկելով ՙ փորձել են ստորագրություններ կորզել, «Իրազեկ քաղաքացի» հկ-ն Դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Տարբեր լծակներ են կիրառվելՙ կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու թղթի տակ:
Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը , որը չէր միացել ստորագրահավաքին, բայց մշտապես քննադատել է Հայկ Մարությանին, ավագանու արտահերթ նիստին եւս ընդգծեց նրա կառավարման բացթողումներըՙ այն, որ ծախսերի առումով խայտառակ իրավիճակ է ստեղծվել, որ 500 վերելակները գնվել են թերակատարումների հաշվին, որ համատիրությունների բարեփոխումներ այդպես էլ չիրականացվեցին, եւ այդ 500 վերելակները «մնալու են ներկայիս համատիրությունների ծոծրակին»:
Հայկ Մարությանը երկար լսեց իրեն ուղղված քննադատական ու սատարող ելույթները, օգտվեց արտահերթ ելույթի իրավունքից ու խոսեց: Ասաց, որ մինչեւ հիմա, բոլոր զանգերին, թե այս մի կրպակը թող մի քիչ այն կողմ դրվի, այս մի շինությունը թող մի քիչ մեծ լինի, պատասխանել էՙ ոչ:
«Քպ-ականները վերջերս տանում են այն թեզը, որ «ով Քպ-ից չէ, դեմ է հեղափոխությանը»: Ո՞րն է անվստահության հիմքը: Տեսեք, թե ո՞վ է իրականում շեղվել հեղափոխությունից:
Հանկարծ իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշումով բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակՙ նախարարները 1,5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանումՙ մաքուր, փոխնախարարներըՙ 1 միլիոն, այն դեպքում, երբ երկրում աղքատությունը հասնում է 30 տոկոսի: Հիմա էս մարդիկ ասում ենՙ Հայկը շեղվել է հեղափոխությունից: Ասում են մարդիկ, ովքեր երկրի համար այս նեղ պահին 200 000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում ենՙ արդարացնելու այդ որոշումը»,-ասաց Մարությանը:
200 000 դոլարանոց մեքենա գնած Ալեն Սիմոնյանի պատասխանը Հայկ Մարությանին, իհարկե, չուշացավ: Սիմոնյանը Մարությանին անվանել է Տկզար. «Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի:…Քեզ ներելու հետեւանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ունի:
Դու Երեաւն ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմըՙ փողը, շատ փողը:
Ամոթ քեզ, Տկզար»:
Եվ այսպես, այս բառապաշարով, այս դիրքից խոսում է պետության օրենսդրի ղեկավարը:
44 կողմ, 10 դեմ ձայներով Երեւանի ավագանին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծն ընդունեց ու նրան պաշտոնանկ արեց: Այս իրողությունը իմքայլականներիՙ մեջքից խփելու, միմյանց գցելու ձեռագիրն է: Ինքնաոչնչացման գործընթացն սկսվել է: Բայց այդ ընթացքում գիտակից, սրտացավ, երկրի ու պետականության համար մտահոգ մարդիկ դեռ ինչերի՜ միջով են անցնելու, ի՜նչ էժան, նսեմ ինտրիգների ու գզվռտոցների ականատեսն են լինելու, Աստված գիտե միայն: