Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Պոլսո հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը», Չավուշօղլուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հույս հայտնել, որ այն կհաջողվի։ Նա նշել է, որ հոգևորականները քաղաքական գործիչներից ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրային կարծիքի վրա երկու ժողովուրդների բարեկեցության համար տարվող աշխատանքներում. հաղորդում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Չավուշօղլուն հետաքրքրվել է պոլսահայ համայնքում ընտրությունների հարցերով եւ ստացել պատասխան, որ շուտով կանոնադրությունը պատրաստ կլինի։
Պատրիաք Մաշալյանը Չավուշօղլուին հայտնել է, որ Ներսես Շնորհալու 850-ամյակի կապակցությամբ ցանկանում են Հռոմկլա եւ հարակից վայրեր (Կիլիկիա) ուխտագնացություն կազմակերպել։ Չավուշօղլուն նշել է, որ կաջակցի այդ նախաձեռնությանը։
Վերջում Չավուշօղլուն ցանկություն է հայտնել, որ եթե առիթ ընձեռնվի, կայցելի հայոց պատրիարքարան։