Ապրիլի 22-ից հունիսի 1-ը Կազանի Մաքսիմ Գորկու եւ Ֆեոդոր Շալյապինի թանգարանում տեղի է ունեցել Չուվաշիայի ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, Արվեստի եւ մշակույթի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Միշա Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 75-ամյակին: Ներկայացված աշխատանքները ներառում են բոլոր ժանրերը, որոնցով աշխատել է նկարիչը՝ թեմատիկ գեղանկարչություն, դիմանկար, բնանկար, նատյուրմորտ: Ըստ մամլո հաղորդագրության՝ «Գրիգորյանի ստեղծագործություններն առանձնանում են բարձր ոգեղենությամբ ու նուրբ քնարականությամբ, կատարման անհատական ոճով: Նա իր ստեղծագործության մեջ օրգանապես համատեղում է երկու գիծ՝ հայկականն ու չուվաշականը»:
Միշա Գրիգորյանը (ծնված 1946-ին, Գյումրիում) ավելի քան 50 տարի ապրում եւ աշխատում է Չուվաշիայում: 1970 թվականին Երեւանի գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Չուվաշիայում: 1978-ին ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական-գծանկարչական բաժինը: 1990-ից դասավանդում է Չուվաշիայի մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնում: Սկզբում տեղացիներին զարմացրել է Վոլգայի շրջանի համար անսովոր, սակայն դեկորատիվ-կիրառական արվեստի հայ վարպետներին բնորոշ դրվագման աշխատանքներով: Ավելի ուշ սկսել է զբաղվել գեղանկարչությամբ, հատկապես աչքի ընկել ծաղիկների նկարներով: Ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանի տարբեր երկրներում եւ այլ երկրներում (Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Չեխոսլովակիա, Թուրքիա): «Այս մարդն արժանի է մեծ ուշադրության եւ ոչ միայն որպես հայ ժողովրդի, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ապրող բոլոր ժողովուրդների զավակ: Զարմանալի չէ, որ նա ամուսնացավ չուվաշուհու հետ, եւ նրանք ունեն հիանալի դուստր, ստեղծագործ ընտանիք: Նա բարեկամության կամուրջ է, որը միավորում է բոլոր ժողովուրդներին»,- ցուցահանդեսի առթիվ ասել է Թաթարստանի Ժողովուրդների ասամբլեայի խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Կոնստանտին Յակովլեւը:
Միշա Գրիգորյանը Չուվաշիայի հայերի համանյքի վարչության անդամ է:
Ա. Բ.