Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գիտնականների ուշադրության կենտրոնում Դիլիջան քաղաքն է

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտում իրականացվել է Դիլիջան քաղաքի ջրահեռացման թունելի ուսումնասիրություն, գնահատում: Կազմվել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը: Այն հնարավորություն կտա  արդյունավետ իրականացնել հակասողանքային միջոցառումները:

Դիլիջանը տեղակայված է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Տավուշի մարզի հարավ-արեւմուտքում: Գտնվում է Իջեւան քաղաքից 35-40 կմ, մայրաքաղաք Երեւանից 96 կմ  հեռավորության վրա: Դիլիջան քաղաքը   հարակից Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան գյուղերի հետ միասին ընդգրկված է Դիլիջան խոշորացված համայնքի կազմում: Քաղաքը գտնվում է ծովի մակերեւույթից 1100-1300 մետր բարձրության վրա: Քաղաքը անմիջապես փռված է Աղստեւ գետի հովտում:

Բնակավայրի ողջ երկայնքով ձգվող Աղստեւից բացի Դիլիջանի տարածքում հոսում են նաեւ Աղստեւի վտակները:

2016 թվականի տվյալներով քաղաքում ապրում է 16 600 մարդ:

«Դիլիջան քաղաքը գրեթե ամբողջությամբ գտնվում է  սողանքային գոտում: Ուսումնասիրությունների արդյունքները հաշվի առնելով կարելի է հանգել այն եզրակացության, որ մեծ զանգվածի սահքի հիմնական պատճառը գրունտների գերխոնավ եւ ջրհագեցած լինելն է: Սողանքային տարածքի կայունացման նպատակով կատարվել են մի  շարք հակասողանքային միջոցառումներ:  Դրանցից առաջնայինը սողանքային մարմնով անցնող ցամաքուրդային  թունելի կառուցումն էր: 

Ջրհագեցվածությունը նվազեցնելու եւ սահքը կանգնեցնելու նպատակով խիստ կարեւոր է ցամաքուրդային թունելի անթերի շահագործումը: Հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա կազմվել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը:Այնուհետ:  իրականացվել  են հակասողանքային միջոցառումների աշխատանքները: 

 ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, վերլուծություններ, որոնց արդյունքում ստացված նոր տվյալների հիման վրա կառուցվել է Մեծ Թալա սողանքային  մարմնի ջրահեռացման եւ ցամաքուրդային կառույցների՝ թվային եռաչափ մոդելը: Այն թույլ է տալիս առավել հստակ  ուրվագծել սողանքի արդի վիճակն ու առկա խոչընդոտները՝ թունելի եւ ամբողջ ցամաքուրդային համակարգի արդյունավետ աշխատանքի  համար:

Ուրախալի է, որ հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կենտրոնական բանկի պատվերով: Աշխատանքներում ներգրավված են եղել նաեւ երիտասարդ գիտնականներ:Նրանք մասնակցել են ցամաքուրդային թունելի ներսում կատարվող ուսումնասիրություններին:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր