Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ պարողները «Էրոուեյվզում»

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 30-ին, Էլեֆսինայում (Հունաստան) «Էրոուեյվզ» տեղեկատվական-վերլուծական եվրոպական պարային ցանցի շրջանակներում երեւանցի պարողներ Ռիմա Պիպոյանը եւ Գոռ Սարգսյանը ներկայացրել են «Ես, իմ ոչ եսը եւ էգոս» պարային ներկայացումը (բեմադրիչ՝ Ռիմա Պիպոյան): Այս բեմադրությունը 600 դիմորդների մեջ ընդգրկվել է 20 լավագույն ներկայացումների ցանկում: Հայաստանը «Էրոուեյվզում» ներկայացել է առաջին անգամ:

Ներկայացնում ենք հայկական բեմադրության վերաբերյալ տարբեր երկրների մասնագետների կարծիքները:

Բեմում մի սեւազգեստ կին է եւ ճերմակ հագուստով մի տղամարդ, եւ մոխրագույնի հիսուն երանգներն են ընկած նրանց միջեւ ուժախաղում, եւ այն կինոժապավենի վրա, որով եզրափակվում է գործողությունը. վազող տղամարդ՝ նկարահանված խոշոր պլանով, որն ի ցույց է դնում մկանուտ ազդրերը, տրոփող երակներով պարանոցը եւ բաբախող կուրծքը: Կինը (Ռիմա Պիպոյան) ազդու եւ վհուկային մի կերպար է, որն իր արմունկներով ու ոտքերով շանթահարում է օդը: Տղան (Գոռ Սարգսյան) պակաս սուր չէ՝ թպրտոց, կտրուկ հարվածներ, գալարումներ, սակայն՝ բանտված հատակի ժապավենի քառակուսու մեջ. իր տարածքն իրեն չի պատկանում: Աղջիկը կտրում է ժապավենը՝ բացելով իրենց փոխհարաբերությունների սահմանները եւ վերացնելով գերիշխանությունը: Նա մատներով անցնում է տղայի մարմնի ուրվագծերի վրայով, բայց նաեւ թույլ է տալիս, որ իրեն կապկպեն ժապավենով: Նրանք միաժամանակ շարժվում են կողք կողքի եւ առանձին, աղջկա արմունկները ցցվել են ծնոտների նման, մինչ տղան ցատկեր եւ անկումներ է կատարում:

Չնայած պարի տեխնիկական կատարելությանը եւ ազդեցիկ պատկերներին, դրա դրամատիկ կողմը, հատկապես երբ վախի մթնոլորտ է տարածվում ետնաբեմերի հետեւից Ալան Վոթսի՝ անձի եւ աշխարհի մասին ձենական մտորումներով, փոքր ինչ ուռճացված է:

Սանջոյ Ռոյ

Էկրանին՝ մարդու վազող ոտքեր. բեմում՝ գլխիվայր մարդ՝ սպիտակ քառակուսի շրջանակի մեջ, մի կին, ձեռքին՝ կպչուն ժապավեն, իսկ բեմում հնչող ձայնագրությունը խոսում է մարմնի եւ հոգու մասին: Այս բոլոր տարրերը մեր հետաքրքրությունն են շարժում. արդյո՞ք կինը հոգին է, իսկ տղամարդը՝ մարմինը: Արդյո՞ք կինը հետապնդում է տղամարդուն եւ բանտում նրան: Նրանց համապատասխան մենապարերն իրավիճակն առավել առեղծվածային են դարձնում: Այնուհետեւ կինը քայլում է տղամարդուն ընդառաջ եւ հոգին բացում է մարմնի կողպեքը:

Հայկական մեղմ երաժշտությունը ցրում է սարսափ առաջացնող մթնոլորտը եւ նուրբ զուգապարի միջոցով սիրավեպի մի պատառիկ է մտցնում ներկայացման մեջ: Այստեղ գալիս է տղամարդու վրեժի ժամը: Նա կախարդում է կնոջը, մինչ նրան նույն սպիտակ ժապավենով կապկպելը: Արդյո՞ք մարմինը հաղթում է հոգուն: Արդյո՞ք կինը զղջում է: Ռիմա Պիպոյանի «Ես, իմ ոչ եսը եւ էգոս»-ը հոգեբանափիլիսոփայական հավակնոտ մի խաղ է, որ հավասարակշռում է դրամատուրգիական բելետրիստիկան եւ վերացական մտածողությունը:

Հան Հուան

Ժապավենով եզրագծված վանդակի ներսում թակարդված է տղամարդու գլխիվայր ուրվապատկերը: Այս բանտի համար պատեր բոլորովին հարկավոր չեն: Վանդակից դուրս մի պարուհի գրավում է բեմը՝ ձեռքերով չափ տալով եւ ոտքերով զիգզագներ գծելով: Նրանք համագոյակցում են այս երկվության մեջ: Ուշադրությունը մե՛րթ կենտրոնացվում է սողացող գերու, մե՛րթ զգլխիչ մենապարուհու վրա:

Սեւ ու սպիտակ էկրանին վազող մարդ է հայտնվում՝ շարժվելով հնչող ձայնի ռիթմին համահունչ, որն ասում է. «Ահա՛ մարդ էակը. ոչ թե հոգին է մարմնի մեջ, այլ մարմինը՝ հոգու»:

Բեւեռները վերանում են, երբ կտրվում է ժապավենը: Հնարավոր է դառնում մտերմությունը, եւ երբ նրանք կանգնում են դեմ առ դեմ, սկսվում է զուգապարը: Տղամարդը նրբորեն գրկում եւ բարձրացնում է աղջկան, որը մատնանշում է մի ուղի, որ հիշեցնում է Սիմոնա Վեյլի «դեպի գոյության սրբազան աղբյուր» ճանապարհորդության պատկերը:

Այս ամենն անխուսափելիորեն գալիս հանգում է այն կետին, որտեղից սկսվել էր. շարժվելու եւ ինքնարտահայտման անկարողություն. պատկերը սեւանում է եւ ավարտվում է տեսարանը, որից հետո կինը հանում է ժապավենը եւ ազատում մարմինը:

Ինյես Կարվալո

«Ես, իմ ոչ եսը եւ էգոս»-ը սեւ եւ սպիտակ ներկայացում է, բայց դրա թողած տպավորությունը բոլորովին պարզունակ չէ: Բեմի վրա անկանոն շարժվող Գոռ Սարգսյանի շուրջ գծված է վանդակ: Բեմի առջեւի հատվածում սեւազգեստ Ռիմա Պիպոյանն է, որը նրան է տալիս սպիտակ ժապավենը: Նրանց հետեւում, միագույն տեսապատկերը թարթող խոշոր պլանով ցուցադրում է տղամարդու մարմնակազմի կորերն ու ծալքերը: Կինը, գրավիչ եւ փխրուն, կերպարներ է կերտում թայչիի զուսպ շարժումներով` դեպի առաջ խոնարհումներով եւ տպավորիչ ձգումներով: Տղամարդն արթնանում է՝ լսելով ետնաբեմերից հնչող փիլիսոփայող ձայնը, դժգոհ անցնում է իր հետագծով եւ օդ ուղղված վերջույթներով թրատում է իրենց միջեւ եղած բացասական տարածությունը: Կինը քանդում է նրա վանդակը՝ համաժամանակյա զուգապար սկսելու համար, եւ նրանք ուշադիր զննում են միմյանց՝ չխախտելով քաղաքավարությունը: «Արդյոք մենք մեր աչքերով տեսնում ենք մեր մարմիննե՞րը»,- մտածում եմ ես՝ դիտելով թե ինչպես են նրանք կիսում մի բան, որը մինչ այդ պահը եւ դրանից հետո վիճելի էր:

Տարբեր ուղղություններով վազքին հաջորդում է վերջնական հզոր շաֆլը (պարաոճ է – ծան. Թարգմ.), որի ընթացքում տղամարդը կնոջը կապկպում է ժապավենով՝ թողնելով, որ վերջինս ջղակծկվի լուսարձակի լույսի ներքո: Պարզվում է, որ վրեժ լուծելու գայթակղությունն անդիմադրելի է: Սակայն մի՛ խաբվեք, մեր հրաժեշտի տեսարանին պետք չէ անխոս հավատալ: Ինչպես իմացանք, ուժերի հավասարակշռությունը փոփոխական է:

 Ջորջա Հաուլեթ

Մեծ էկրանի վրա, լույսի եւ ստվերի խաղում, խոշոր պլանով երեւում է տղամարդու մաշկը: Պատկերը նվազեցնելիս տեսնում ենք, թե ինչպես է տղամարդը վազում, ասես փորձում է փախչել:

Բեմում լույսը բեմը բաժանում է երկու մասի: Ձախ կողմում մի տպավորիչ սեւազգեստ կին ղեկավարում է իր աշխարհը: Աջ կողմում, ժապավենից սարքած քառակուսու մեջ մեկուսացած է մի տղամարդ՝ ոտքերն օդում: Նա թեքվում է, ցատկում եւ ոտքերով հարվածում սենյակում՝ փորձելով բացահայտել դրա անտեսանելի պատերը: Երբ նրանց կրծքավանդակները միանում են, նրանք բացում են իրենց արմունկները՝ ասես միասին թռչելիս լինեն. կարծես բանտարկողն ու բանտարկյալը հաշտվում են ներդաշնակության մեջ: Սակայն դա պարզապես վայրկենական պատրանք է, աղջկան խաբելու մի փոքրիկ հնարք: Տղան բռնում է աղջկան եւ վերջում փախչում:

«Ես, իմ ոչ եսը եւ էգոս»-ը հայ պարադիր Ռիմա Պիպոյանի բեմադրած զուգապարն է, որը ցույց է տալիս ուժի եւ վերահսկման նախատիպական երկվությունները: Այն իր ոգով պատմողական է, որտեղ սրընթաց կերպով միահյուսվում են ներկայացման արտահայտչամիջոցները, տեքստն ու շարժումները: Այնուամենայնիվ, այն հետաքրքրական է իր արեւելյան եւ արեւմտյան ազդեցություններով, որոնք ձեւավորում են Պիպոյանի ընկալումը երկվության մասին ոչ միայն սեռերի, այլեւ մարմնի եւ հոգու միջեւ:

Արիադնե Միքու

Անգլերենից թարգմանեց  ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լոնդոնյան «The Guardian»ի արձագանքը

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր. Սուրեն Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությու՜ն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր. Սուրեն Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական