Փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմն Արցախի Խրամորթ-Ակնա հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի վերջից սկսած էլ մինչեւ վերջերս բարձրախոսով գյուղը լքելու կոչեր էր հնչեցնում: «Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը եւ անհապաղ հեռանալ տարածքից: Հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ ուժ կկիրառվի», – ադրբեջանական դիրքից այս հաղորդագրությունն էր լսվում: Իրավիճակը որոշակիորեն հանդարտվել է ադրբեջանական կողմի հետ ռուսական խաղաղապահ առաքելություն իրականցնող զորքերի բանակցություններից հետո:
Ադրբեջանական կոչերից շուրջ 10 օր առաջ էլ դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել: Պաշտոնական Բաքուն այս միջադեպը ներկայացրել էր, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո:
«Ադրբեջանը, որ պալանավորում է առաջիկայում վերակառուցել կամ կառուցել Ակնան ու այնտեղ վերադարձնել նախկինում տեղահանվածներին, խիստ մտահոգություններ ունի, որ քաղաքը կարող է Խրամորթ գյուղի նշանառության տակ ընկնել: Գյուղը Ակնայի վերեւի հատվածում է տեղակայված, ու Ակնայի ապագա բնակիչների շարժը, կամա թե ակամա, տեսանելի է լինելու խրամորթցիներին կամ սահմանապահներին: Եվ դա կանխելու համար է, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է հասնել Խրամորթի հայաթափմանը»,- ասում է «Ազգ»ի զրուցակիցը:
Նշենք, որ 100 ընտանիքով բնակեցված Խրամորթը սահմանային է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի պայմանագրով Աղդամի շրջանը փոխանցվեց Ադրբեջանին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ