Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել: Այն 2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունններից հետո 4-րդ հանդիպումն էր լրատվամիջոցների հետ: Պաշտոնավարման ժամանակ, ըստ լրատվադաշտի առավել ավագ սերնդի ներկայացուցների, նա հիմնականում ԶԼՄ տնօրենների կամ գլխավոր խմբագիրների հետ է հանդիպումներ ունեցել կամ բավարարվել կարճ ճեպազրույցներով: Ասուլիսներ, իհարկե, եղել են, բայց նման լայնաֆորմատ, ծավալուն ու ընդգրկուն ասուլիսներ Քոչարյանը հատկապես վերջին մեկ տարում է սկսել ունենալ:
2018 թ. իշխանափոխությունից, 44-օրյա պատերազմից ու 2021 թ. ընտրություններից հետո ընդդիմության խոսքը, կարելի է ասել, չի փոխվում: Բացառություն չէ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որի երեկ արած հայատարարություններում գրեթե նոր բան չկար: Բոլորին վաղուց հայտնի ու հազար անգամ ծեծված խոսքեր՝ Արցախը տվեցին, հանձնեցին, իշխանություններն ապաշնորհ են, պետք է հեռանան, փողոց դուրս կգանք, կալանավորումից չենք վախենում եւ այլն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխաններից ամենից ուշագրավն ինձ համար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին արած հայտարարության արձագանքն էր: Ըստ նրա՝ չպետք է վախենալ Ռուսաստանի հետ Միութենական պետություն ձեւավորելու հարցից: Ավելին՝ տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ Միութենական պետություն ունենալու ճանապարհն է:
Նրա խոսքով՝ բացի Ռուսաստանից չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի «Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքելու հարցում»:
«Հայաստան» դաշինքի ղեկավարը, որի թիմակիցները գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատում են իշխանությանը, թե Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դերց ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնել, նորմալ է համարում, որ վաղ թե ուշ Հայաստանը կարող է Միութենական երկրի անդամ դառնալ: Հետաքրքրական է՝ ըստ պրն. Քոչարյանի՝ ուրիշ է՞լ ինչպես է լինում սուվերենության հիմքերի սասանումը:
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, հիշեցնենք, վերջերս ունեցած հարցազրույցներից մեկի ընթացքում անդրադարձել էր հետխորհրդային տարածաշրջանում միութենական պետություն ձեւավորելու գաղափարին եւ հայտարարել, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի»:
Իսկ արդեն փետրվարի 9-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «միութենական պետությունը բաց է բոլորի համար»: