ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան
Եվրասիական փորձագիտական ակումբը իր առաջատար տնտեսագետների ուժերով արդեն յոթերորդ անգամ ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության տնտեսության վիճակը ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորած աշխատանքային խմբերը ուսումնասիրել են տարեկան հիմնական ցուցանիշները եւ արել են կանխատեսումներ 2022թ. համար։ Նրանց կատարած սեւուլիկ հետազոտությունները ավանդաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում հայաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ների համար գլխավորապես հաջողված կանխատեսումների եւ դիպուկ մեկնաբանությունների պատճառով։ Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հետազոտությունների առավել ուշագրավ դրույթները մեր մեկնաբանություններով եւ կանխատեսումներով։
Տնտեսական աճի պատճառները, ուղղություններն ու ազդեցությունը հայկական իրականության վրա
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ քաղաքատնտեսական ցնցումների պայմաններում մեր երկրի տնտեսությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս 2020թ. կործանիչ 8%-անոց անկումից հետո։ Նա առանձնացնում է տնտեսական աճին նպաստած առնվազն 4 գործոն։ Առաջինը գործարար ոլորտի ներկայացուցիչների բարձր մասնագիտական մակարդակն է, նրանց համառությունը եւ վճռականությունը իրենց բիզնես ծրագրերը կենսագործելու նպատակով։ Երկրորդը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն է եւ ազգային մրցակցային առավելությունները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի շուկաներում իրագործելու համար նպաստավոր պայմաններն են։ Երրորդը, որքան էլ դա զարմանալի է, Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա էմբարգոն էր, ինչն աշխուժացրեց ներկրումը փոխարինող տեղական արտադրությունների զարգացման միտումը։ Եվ չորրորդը` կառավարության կողմից նախաձեռնված բազմաթիվ արգելքների վերացումն էր, որոնք մտցվել էին 2020թ. կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով։ Այս պայմաններում 2021թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն շրջանի հետ համեմատած տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 5,8%։ Ընդ որում, 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի հետ համեմատած, այդ ցուցանիշը ավելացել է առաջանցիկ տեմպերով եւ կազմել 24.1%, իսկ 2021թ. դեկտեմբեր ամսին 2020թ. դեկտեմբերի համեմատությամբ աճը կազմել է 9.9%։ Արդյունաբերության աճը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատությամբ աճել է 3,3%, իսկ տարվա վերջում երկու անգամ ավելի արագ աճի միտում է արձանագրել։ Շինարարության ծավալները 2021 թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մեծացել են 7,4%։ Ներքին առեւտրի շրջանառությունը վերոհիշյալ ժամանակահատվածում աճել է 7,5%։ Ծառայությունների ոլորտում (առանց առեւտրի ներառման) վերոհիշյալ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 7,8%։ Հիշեցնենք, որ 2021թ. պետական բյուջեով նախատեսված էր Հայաստանի տնտեսության աճ 3,2%, իսկ արժեզրկումը նախատեսված էր 4% չափով (1,5%)։ ՀՀ Կենտրոնական բանկը սպասում էր, որ 2021թ. արդյունքում մեր երկրի տնտեսության աճը կկազմի 4,2%, իսկ 2022թ.ին` 5,3%։
Այստեղ կարեւոր է մեջբերել միջազգային կազմակերպությունների նախնական կանխատեսումները։ Այսպես, Համաշխարհային բանկը հոկտեմբերին վերանայեց Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումը 2021թ. համար 3,4%-6,1%, իսկ 2022թ. համար տնտեսության աճ 4,8%, այնուհետեւ էլ 2023թ. համար` 5,4%։ 2021թ. համար կանխատեսվում է 6,3% արժեզրկում, 2022թ. համար` 4,2%, իսկ 2023թ.ին` 4,0%։ Արժույթի միջազգային հիմնադրամն, իր հերթին, դեկտեմբերին կանխատեսեց, որ 2021թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5%-ով, 2022թ.` 5,3%-ով, իսկ 2023թ.` 5%։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ. կաճի 5%, իսկ 2022թ. 5,3%։ Այստեղ գտնում էին, որ Հայասստանի ՀՆԱ-ն 2021թ. կաճի 4,5%։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եզրակացմամբ, Հայաստանի տնտեսությունը 2021թ. պետք է աճեր 4%։ Fitch Raitings վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար կանխատեսել էր իրական ՀՆԱ-ի վերականգնողական աճ մինչեւ 5,5% 2021թ., 5,3% 2022թ. եւ 4,7% 2023թ.։ Եվ վերջապես, Standard & Poor’s ակնկալում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2021թ. պետք է աճեր 6,3% եւ 2022թ.` 4,6%։
Սա հետաքրքրական է իմանալ, որովհետեւ Հայաստանի տնտեսության փաստացի աճը, ընդհանուր առմամբ, եղել է ավելի մեծ, քան կանխատեսումների մեծ մասում։ Մեր երկրի տնտեսական ակտիվության աճի վրա ազդող էական արտաքին գործոններից մեկն է եղել հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը։ Կարեւոր է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ԵԱՏՄ-ի անդամներ են։ Հատուկ կարեւորություն է ձեռք բերում այն, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկան ոչ միայն պահպանվի, այլեւ էլ ավելի արդյունավետ դառնա։ Հայաստանը սպասում է, որ Ռուսաստանը 1 մլրդ. չափով նոր ներդրումներ կկատարի մեր տնտեսության մեջ։ Միայն վերջին երկու տարում ԵԱՏՄ ներքին շուկայում հաջողվել է վերացնել 30 արգելքներ, որոնցից 15 պատնեշներ էին, որոնք խանգարում էին կազմակերպության կանոնների կիրառմանը։ 2022թ. նախատեսվում է վերացնել եւս 14 պատնեշ։
Պրոֆ. Մանասերյանը փաստում է, որ այսօրվա դրությամբ ինտեգրացիոն գործընթացների խորությամբ ԵԱՏՄ-ն գերազանցում է ԱՍԵԱՆ-ին եւ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին եւ զիջում է միայն Եվրոպական Միությանը։ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող պետությունների ՀՆԱ-ն 2021թ. աճել է 4%։ Հետաքրքրական է, որ Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ ԵԱՏՄ ՀՆԱ-ն այս տարի կարող է աճել եւս 4%։ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ ընթանում է միության ընդհանուր շուկաների ձեւավորումը։ Դրանք են ֆինանսական, էլեկտրոէներգետիկ, գազային, նավթային եւ նավթամթերքների շուկաները։ Ստեղծված է ինստիտուցիոնալ հենք միասնական թվային տարածք ստեղծելու համար։
Առեւստրատնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի ներսում
Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ դոցենտ Աղասի Թավադյանը գտնում են, որ հարաբերականորեն փոքր տնտեսություն ունեցող ԵԱՏՄ անդամ երկրների համար ապրանքների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 30%-ից ոչ պակաս։ Ընդ որում, պետք է գերակայի պատրաստի արտադրանքի արտահանումը, որովհետեւ ներքին շուկան շատ սահմանափակ է։ Այս ցուցանիշը Ռուսաստանի Դաշնության համար այժմ կազմում է 21,3%, Ղազախստանի համար` 32%, Բելառուսի համար` 52,2%, Հայաստանի համար` 19,2% եւ Ղրղզստանի համար` 23,5%։ Ակնհայտ է, որ պատրաստի արտադրանքը արտահանելու ծավալները մեծացնելու համար ամենամեծ հնարավորությունները առկա են ԵԱՏՄ-ում։ 2021թ. արտահանումը աճել է 6,7%, ընդ որում, ԵԱՏՄ երկրների ուղղությամբ այն առաջանցիկ աճ է գրանցել։ Այս ուղղությամբ արտահանումն աճել է 12,9%, կազմելով 801 մլն. կամ ամբողջ համախառն արտահանման մոտ 30%-ը։ 2021թ. Հայաստանի արտահանումը Ռուսաստան աճել է 12,4%, Բելառուս` 13,4%, Ղազախստան` 51% եւ Ղրղզստան` 28,8%։ Հետաքրքրական է, որ դեպի Եվրոմիություն արտահանումն աճել է 40,9%, եւ դա` հիմնականում գունավոր մետաղների հանքաքարի գնի աճի շնորհիվ։ Արտահանումը դեպի Միջին Արեւելք կրճատվել է 21,7%-ով եւ դրա պատճառը ծխախոտի եւ ծխախոտի արտադրանքի արտահանման նվազումն է։ Այսպիսով, ԵԱՏՄ-ին է ընկնում Հայաստանի արտահանման 29,6%, Եվրոպական Միությանը` 22,3%, Չինաստանին` 13,7%, Միջին Արեւելքին` 11,3% եւ մյուս բոլոր երկրներին` 23%։
Հետաքրքրական է, որ 2021թ. աճել է թեթեւ արդյունաբերության արտադրանքի արտահանումը։ Տրիկոտաժի եւ տեքստիլ արտադրանքի արտահանումը 2021թ. աճել է 22,8%, կազմելով մեր ամբողջ արտահանման 5,9%։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ վերածնվող թեթեւ արդյունաբերությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական աճը ապահովող լոկոմոտիվներից մեկը։ Քանի որ նոր տարուց բացման ենթակա են Թուրքիայի հետ սահմանները, հարկ է նկատի ունենալ հայրենական թեթեւ արդյունաբերության պաշտպանիչ մեխանիզմների գործադրման հնարավորությունը։ Դրանք կարող են լինել մաքսային եւ ֆիտոսանիտարական պաշտպանիչ միջոցառումներ։ Այլապես կարող է տուժել ոչ միայն տեքստիլ արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ-ի ուղղությամբ, այլեւ գյուղատնտեսությունը։
Պրոֆ. Թավադյանի խումբը ուշադրություն է դարձնում նաեւ այն հանգամանքին, որ նույն դինամիկան է Հայաստանի ներկրման պարագայում։ 2021թ. ԵԱՏՄ-ից ներկրումը աճել է 5,3% եւ կազմել է մեր ամբողջ ներկրման 38,5%։ 2021թ. Ռուսաստանից ներկրումը աճել է 3,6%, Ղազախստանից` 30,7%։ Բելառուսից ներկրումը նվազել է 11,7% եւ Ղրղզստանից` 73,5%։ Հայաստանի ներկրման գլխավոր հոդվածը վառելիքն է, որի ցուցանիշը աճել է 11,1%։ Հատկանշական է այն վստահ կանխատեսումը, որ 2022թ. կաճի թեˊ արտահանումը, թեˊ ներկրումը, եւ դա կլինի վերականգնողական աճ։ 2016-2021թթ. արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է ավելի քան երկու անգամ եւ անցյալ տարի կազմել է 801 մլն։ 2021թ. բոլոր տրանսֆերտները դեպի մեր երկիր կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 9%։
ԵԱՏՄ-ում միգրացիոն գործընթացները եւ Հայաստանի հեռանկարները
Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները համոզված են, որ 2020թ. իրողությունները թելադրում են հատուկ ուշադրություն դարձնել միգրացիոն գործընթացներին։ Ռուսաստանում հայ համայնքի թիվը մոտենում է 2,5 միլիոնի։ Բելառուսում եւ Ղազախստանում այսօր ապրում է ավելի քան 30000 հայ։ Թեˊ համայնքների թվի մեծացումը, թեˊ կյանքի բարձր մակարդակի ցուցանիշները Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում ազդում են Հայաստանից միգրանտների թվի մեծացման վրա։ Միջին աշխատավարձը Հայաստանում երկու անգամ ավելի ցածր է, քան Ռուսաստանում։ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2,5 անգամ ցածր է Ռուսաստանի նույն ցուցանիշից։ Գործազրկության մակարդակը Հայաստանում 20,2% է, այն դեպքում, երբ Ռուսաստանում` 5,7%, Ղազախստանում 6,1%. Բելառուսում` 5.3%, Ղրղզստանում` 7,9%։ Փաստորեն Հայաստանի գործազրկությունը ավելի քան 3 անգամ գերազանցում է ԵԱՏՄ այլ երկրների գործազրկությանը։ Հարկ է լրջորեն մտածել Հայաստանի միգրացիոն արտահոսքերը կառավարելի դարձնելու մասին, որովհետեւ միջնաժամկետ հեռանկարում դա կարող է ամենաբացասական ազդեցությունն ունենալ տնտեսական իրավիճակի վրա։ Հիմքեր կան պնդելու, որ վերջին մեկ տարում բնակչության արտահոսքը մեծացել է։
Շատ կարեւոր է նաեւ, որ ԵԱՏՄ երկրների անվտանգության առանցքային երաշխավորը դառնա եվրասիական տնտեսական եւ ռազմաքաղաքական ինտեգրացիան։ Պետք է հստակ հասկանալի լինի, որ ինտեգրացիոն գործընթացները եւ ռազմաքաղաքական դաշնակցային համագործակցությունը սերտորեն փոխկապակցված են։ Առանց արդիականացման եւ միության անդամ երկրների տնտեսությունների կոոպերացիայի անհնար է ապահովել տնտեսական զարգացումը ռազմաարդյունաբերական համալիրի հաշվին։ Կարծում ենք, հասկանալի է, որ ռազմաարդյունաբերական համալիրի տնտեսությունը ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության հիմքն է, այլեւ կարեւոր դեր է խաղում բնակչության զբաղվածությունը ապահովելու գործում, բարելավում է միգրացիոն իրավիճակը եւ ներուժ ունի այլ դրական ներգործություն ունենալու։ Այսպես են կարծում պրոֆ. Թավադյանի խմբի տնտեսագետները։
Միեւնույն ժամանակ պրոֆ. Մանասերյանը զգուշացնում է, որ այս եւ հաջորդ տարի ռիսկ կա Հայաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման` արժեզրկման միտումների, գների աճի, գազի, էլեկտրոէներգիայի եւ ջրի տարիֆների բարձրացման պատճառով։ Կառավարությունը փորձել եւ փորձում է մեղմել իրավիճակը բիզնեսի համար վարկեր սուբսիդավորելով։ Սակայն, նրա կարծիքով, սուբսիդավորումը բավական պարզունակ միջոց է։ Նա կոչ է անում կառավարությանը ուղղակիորեն իրագործել շատ նախագծեր, եւ ոչ թե բանկերի միջոցով։ Շատ կարեւոր է թիրախավորել այն հեռանկարային ուղղությունները, տնտեսության լոկոմոտիվները եւ կենտրոնացնել ուշադրությունն ու ռեսուրսները այն ճյուղերի զարգացման վրա, որոնք իրենց հետեւից կարող են տանել մյուսներին։ Պարզ է, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները ավելի բարձր են, քան ԵԱՏՄ ցուցանիշները։ Բայց սա չպետք է հանգստացնի ոչ երկրի իշխանություններին, ոչ քաղաքական վերնախավերին եւ ոչ էլ բիզնեսի մարդկանց։ Եվրասաիական փորձագիտական ակումբը շարունակում է պնդել, որ այս տարվանից բոլոր հնարավորությունները կան ռեսուրսները եւ ջանքերը լրջորեն լարելու պարագայում տարեկան 6-7% աճ ապահովելու համար, ինչը կծառայի արժեցող եւ պատվավոր նպատակի իրագործմանը` ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն 7-8 տարում երկու անգամ։