Day:Սեպտեմբերի 26, 2013

  • «ՀԱՄԼԵՏԻ» ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ՌԻՍԿԱՅԻՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ` «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

    ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

    «Համազգային» պետական թատրոնը շուտով հանդես է գալու նորությամբ: «Ազգի» հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ այժմ աշխատում են Վիգեն Չալդրանյանի հետ եւ ցանկանում են բեմադրել Շեքսպիրի «Համլետը», որը հանդիսականի դատին կներկայացնեն տարեվերջին:

    Ընդհանրապես «Համազգային» թատրոնը տարբերվում է իր խաղացանկով, այսինքն այնտեղ բեմադրվում են յուրօրինակ եւ չկրկնվող ստեղծագործություններ: Արդյոք չկա՞ մտավախություն, որ «Համլետը» հայաստանյան բեմերում շատ է բեմադրվել ու կառաջանա հանդիսականի խնդիր: Այն հարցին ի պատասխան Վ. Մկրտչյանն ասաց. «Բացարձակ այդ մտահոգությունը չկա: Մեր մեկնաբանությունը ոչ միայն տարբերվելու է մինչ այս հայկական բեմում եղած բոլոր Համլետներից, այլեւ` համաշխարհային բեմում եղածներից: Բոլոր դեպքերում, հայաստանյան բեմերը «Համլետով» այդքան էլ հարուստ չեն, ինչպես ռուսական կամ եվրոպական թատրոնները»:

    Վարդան Մկրտչյանը ցավով նշում է, որ այսօր մենք Շեքսպիրին քիչ ենք անդրադառնում, որը ըստ նրա մեծ բաց է մեր թատրոնների խաղացանկերում. «Ինչպես կասեր Փափազյանը. «Համլետը» գործերի գործն է»: Կարծում եմ ինքն իրենով այն բրենդ է, իսկ մեր ներկայացումը կունենա նոր մեկնաբանություն, իր նոր հանդիսականով: Սա լինելու է 21-րդ դարի Համլետ: Իհարկե, պահպանելու ենք էպոխան, զգեստները, բայց մեկնաբանության առումով տարբերվելու է»,- եւ ավելացրեց. «Ներկայացնելու ենք, թե ինչպես է դա առնչվում այօրվա մարդու հետ, այդ ամբողջը կերեւա ներկայացման մեջ, քանի որ Շեքսպիրը դրա հնարավորույթունը տալիս է մեզ»:

    Կա արդյոք թատրոնի կողմից ներկայացվող 21-րդ դարի «Համլետ» ներկայացման հանդիսատեսի հստակ թիրախային խումբ` երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչ, թե՞… հարցին Վարդան Մկրտչյանն պատասխանեց. «Թիրախային խումբը ճաշակով մարդիկ են: Մենք խաղալու ենք բանիմաց եւ արժեք փնտրող հանդիսականի համար, թեկուզեւ` մեկ: Նման մարդիկ քիչ են, սակայն կան»:

    Թատրոնի տնօրենը չցանկացավ բացել բոլոր չակերտները, սակայն նշեց, որ շատ համարձակ եւ ռիսկային մեկնաբանություն է լինելու:

    Նշենք, նաեւ որ «Համազգային» պետական թատրոնը շուտով մեծ հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում, Լոս Անջելոսում` Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 85 ամյակի շրջանակում: Ներկայացումը հանդիսականի դատին կհանձնվի Լոս Անջելոսի Բերլս Դոլ եւ ARTL թատերասրահներում:

    Վ. Մկրտչյանը «Ազգին» տեղեկացրեց, որ հյուրախաղերի են մեկնում 4 ներկայացմամբ` «Սեյլ», «44 աստիճանի վրա», «Ամբան Հուռի» եւ համերգ-ներկայացումով. « Խաղալու ենք մոտ 8-10 ներկայացում, կան ներկայացումներ, որոնք կրկնվելու են եւ կարծում եմ, որ շատ լավ կանցնեն հյուրախաղերը: Կազմը բաղկանցած է 16 հոգուց` 12 դերասաններ, 4-ն էլ տեխնիկական անձնակազմ` Տաթեւ Ղազարյան, Արման Նավասարդյան, Կարեն Խաչատրյան, Արմինե Պողոսյան եւ այլք»:

    Մկրտչյանն ուրախությամբ նշեց նաեւ, որ «Համազգային» թատրոնն առաջին անգամ է հյուրախաղերով օվկիանոսն անցնում:

    Նշենք, որ հյուրախաղերը հովանավորվում են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից:

    Ի դեպ, տեղեկանալով թատրոնի հիմնադիր եւ գեղղեկ Սոս Սարգսյանի վատառողջության մասին, «Ազգ» օրաթերթը մեծ դերասանին մաղթում է քաջառողություն եւ շուտափույթ ապաքինում:

  • ԳԱՐԼՈՍ ՄԵՆԵՄԸ ՀԱՅ ՉԷ՛

    ԳԱՐԼՈՍ ՄԵՆԵՄԸ ՀԱՅ ՉԷ՛

    ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ, Նիւ Ճըրզի (ԱՄՆ)

    «Ազգ»ի սեպտեմբեր 24-ի թիւին մէջ կարդացինք Մ.Խ. ստորագրութեամբ «Տարբեր երկրների հայկական ծագմամբ նախագահներ» գրութիւնը, որուն նիւթը, կ՚ըսէ հեղինակը, «քաղել ենք սոցիալական ցանցերից»: Յօդուածին հեղինակը (կ՚ենթադրենքՙ թերթի վաստակաւոր լրագրողներէն Մարիետա Խաչատրեանը) ներկայացուցած է Լիբանանի երկու, Սուրիոյ մէկ, եւ Արժանթինի մէկ նախագահ, որոնց հայկական ծագում վերագրուած է: Ան կը յայտնէ, թէ այդ նոյն աղբիւրներուն յիշած ու Լիբանանի երբեմնի նախագահ Քամիլ Շամունին վերագրուած հայկական ծագումը շինծու է:

    Մենք չենք գիտեր, թէ ո՞ր մէկ «սոցիալական ցանց»ը աղբիւր եղած է այս գրութեան, սակայն մեր կարծիքով, բուն սկզբնաղբիւրը Time to Analyze ռուսատառ կայքագիրն (բլոգ) է, որ Յունուար 14, 2012ին հինգ նախագահներուն (Քամիլ Շամունը ներառեալ) հայկական ծագումը պնդող հրապարակում մը ըրած էրՙ «Армяне, ставшие президентами за пределами Родины» վերնագրով: Արժանթինի նախկին նախագահ Գարլոս Մենեմի բաժինը կու տանք ստորեւ.

    «Карлос Менем – президент Аргентины в период 1989 по 1999. Родился в армяно-алавитской семье иммигрантов из Сирии. В Аргентине приняли христианство, Карлос Менем был крещен в Армянской Католической Церкви. При правлении Менема армянская община Аргентина стала одной из главных движущих сил мирового армянского лобби. Карлос Менем и по сей день является одним из главных действующих лиц армянского лобби в Аргентине» (http://timetoanalyze.wordpress.com/page/2/).

    Ընթերցողը կրնայ թարգմանութիւնը բառացիօրէն գտնել «Ազգ»ի հրապարակումին մէջ: Այս պարբերութիւնը, ըստ Google-ի սեպտեմբեր 24-ի մեր որոնումին, 18 ռուսերէն կայքէջերու կամ Դիմագիրքի (Facebook) էջերու մէջ արտատպուած է այնուհետեւ:

    Ի պէտս զարգացելոց, որոնց շարքինՙ «Արմենպրես»ին, որ ոչ-խրախուսելի «զուգադիպութեամբ» այդ նոյն տեղեկութիւնները կրկնած է… սեպտեմբեր 24ի թողարկումով, հարկ է ճշդել, որ բացի հանրագիտարանային այն փաստէն, որ Մենեմ 1989-1999 թուականներուն Արժանթինի նախագահ եղած է, մնացեալը, մեղմ ասած, սոսկ պատմաշինարարութիւն է կամ, ինչպէս Հ. Վարդան Հացունի գրած է առիթով մը, «աներեւոյթի մէջ թափառում»:

    Տողերս գրողը նոյեմբեր 2012-ին Against Stupidity («Ընդդէմ յիմարութեան») վերնագրուած գրառում մը զետեղած էր (անգլերէն ու սպաներէն տարբերակներով) armeniaca-haygagank.blogspot.com կայքագրին մէջՙ ուշադրութիւն դարձնելով այդ տեղեկութիւններուն անհիմն բնոյթին, բայց պարզ է, որ այդ անդրադարձը ռուսագիր կամ հայագիր հեղինակներու աչքէն վրիպած էՙ համացանցային ծովուն մէջ, թերեւս նաեւ լեզուական պատճառներով:

    Արդ, փորձենք կարելի ընդլայնումով ներկայացնել մեր առարկութիւնները:

    Այսպէս.

    Մենեմ ծնած է ալաուիական, ո՛չ թէ «հայ-ալավիական ընտանիքում». հօրը անունը Սաուլ Մենեհեմ էր, մօրը անունըՙ Մոհիպէ Աքըլ: Եթէ այս անուններէն մէկուն ետին հայկական կապ մը կայ, Մենեմի, որ ընդհանրապէս խուսափած է իր արմատներուն մանրամասն անդրադառնալէ, կեանքը մանրակրկիտ կերպով հետազօտած արժանթինցի բազմաթիւ լրագրողներ չեն յաջողած ո՛չ զայն բացայայտել եւ ո՛չ ալ, թէկուզ բամբասանքի կարգով, ակնարկել:

    Ըստառաջին կնոջ (1966-1991)ՙ Զուլեմա Եոմայի հետ 2002-ին կատարուած հարցազրոյցի մը, Մենեմ ծնունդով մահմետական եղած է ու կաթողիկէ մկրտուածՙ1966-ին: Եթէ ան մկրտուած ըլլար Արժանթինի «Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ» մէջ, իրաւականօրէն չէր կրնար նախագահ ընտրուած ըլլալ 1989-ին, որովհետեւ մինչեւ 1994-ի բարեփոխումը, Արժանթինի Սահմանադրութիւնը կը պահանջէր, որ երկրի նախագահն ու փոխնախագահը Արժանթին ծնած ըլլային ու պատկանէին «Կաթողիկէ Հռոմէական եկեղեցւոյ»: Աւելցնենք, որ Մենեմի նախագահութեան տասնամեակին, նման տարաձայնութիւն բացարձակապէս գոյութիւն ունեցած չէ արժանթինահայ համայնքին մէջ: Ի դէպ, ընդամէնը մէկ հայ կաթողիկէ եկեղեցի կայ Արժանթինի մէջ. նման պնդում հալած իւղի տեղ ընդունողները կրնան Նարեկ Ս. Տիրամօր եկեղեցւոյ տոմարները ստուգել:

    1990-ական թուականներուն արժանթինահայ համայնքը «համաշխարհային հայկական լոպպի»ին շարժիչ ուժերէն մէկը չէր: Մենեմ 1995ին ամբողջական վեթոյի ենթարկած է արժանթինեան խորհրդարանի զոյգ պալատներուն կողմէ վաւերացուած թիւ 24559/95 օրէնքը, որ Ապրիլ 24ը կը հռչակէր «Մերժումի եւ պայքարի օրՙ ընդդէմ մարդու դէմ մարդու խտրականութեան»ՙ մեկնելով հայկական ցեղասպանութեան փաստէն:«Համաշխարհային հայկական լոպպի»ի իբրեւ թէ շարժիչ ուժ արժանթինահայ համայնքը այնքան ուժ չունէ՞ր, որ իր «հայազգի բարեկամ»ը համոզէրՙ վեթոյի գաղափարէն հրաժարելու: Ամբողջական վեթոն կ՚ենթադրէր, որ օրէնքը այլեւս կարելի չէր վերատեսութեան ենթարկել խորհրդարանին մէջ: Այդ օրէնքը, տարբեր բանաձեւումով, վերստին վաւերացուած է խորհրդարանի զոյգ պալատներուն կողմէ նոյեմբեր-դեկտեմբեր 2006-ին ու երկրի հանգուցեալ նախագահ Նեստոր Քիրչնէրի կողմէ հրապարակուածՙ յունուար 2007-ին, այսինքնՙ Մենեմի վեթոյէն տասներկու տարի ետք:

    Եթէ Մենեմ 2005-էն ի վերՙ Արժանթինի Ծերակոյտի (սենատ) անդամ — վերջին տասնամեակին շարունակած է «արժանթինահայ լոբբիի սերտ բարեկամներից մնալ», ատիկա որեւէ փաստական դրսեւորում ունեցած չէ: Անոր անունը ընդհանրապէս անհետացած է արժանթինահայ մամուլի էջերէն: Այս ժամանակաշրջանին, Մենեմ աւելի մտահոգ էր փտածութեան (կոռուպցիա) մեղադրանքներով, որոնց հետեւանքով, ի դէպ, յունիս 2013-ին եօթը տարուան բանտարկութեան (տարիքի հետեւանքովՙ տնային կալանք) դատապարտուած է:

    Եթէ այս բոլոր փաստարկները համոզիչ չնկատուին, կ՚արժէ որ բանիմաց ընթերցողը խորհրդածէ հետեւեալ առեղծուածներուն մասին.-

    Ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ 1989-1999-ին, այսինքնՙ տասնամեայ նախագահութեան ամբողջ տեւողութեան, արժանթինահայ մամուլը կամ համայնքը որեւէ ակնարկութիւն ըրած չըլլան Մենեմի հայկական ծագումին:

    Ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ 1992-ին, երբ Մենեմ պաշտօնապէս Թուրքիա այցելած է, թրքական կառավարութենէն պատուոյ անձնագիր ստացած է, որուն հակազդած է հետեւեալ արտայայտութեամբ. «Քանի որ ինծի թուրքօ կ՚ըսեն, Թուրքիոյ անձնագիրը պիտի ընդունիմ»: Յիշենք, որ Օսմանեան կայսրութեան նախկին հպատակ բոլոր ժողովուրդները մինչեւ օրս «թուրքօ» (թուրք) մակդիրով յաճախ կը կոչուինՙ յատկապէս արաբները: Ի դէպ, հայերը տասնամեակներ շարունակ պայքարած են, որպէսզի տեղացիները հասկնան այդ մակդիրին անարգական բնոյթը, մինչեւ որ յաջողած են պատմութիւնը սորվեցնել հանրութեան:

    Ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ յունիս 1998-ին, երբ Մենեմ պաշտօնապէս Հայաստան այցելած է, ո՛չ մէկ յայտարարութիւն կատարած ըլլայ, թէկուզ եւ կիսաբերան, իր «նախնեաց» երկրին կամ հայկական ծագումին մասին:

    Հետաքրքրական է, որ վերոյիշեալ Time to Analyze կայքագիրը (վերջին թարմացումը ապրիլ 2012-ին եղած է) պնդած է, որ «Мы используем лишь самые авторитетные источники на различных иностранных языках» («Մենք միայն կը գործածենք ամենէն հեղինակաւոր սկզբնաղբիւրները տարբեր լեզուներով»): Մենեմի նուիրուած տասնեակ սպաներէն հատորներու անյայտ մնացած այդ «սկզբնաղբիւրը», ըստ երեւոյթին, «գաղտնի ճամբայ» մը ունի, որուն ընդմէջէն վարակի նման սփռուած է այլուր եւ թիւրիմացաբարՙ«Ազգ»ի էջերը թափանցած:

    Մեր կարծիքով, վերոյիշեալ տեղեկութիւնները կը պատկանին ծագումնաբանական հէքիաթներու այն տեսակին, որ արդէն երկհարիւրամեայ վաղեմութիւն ունի եւ որ մինչեւ օրս կը «հարստացնէ»հայ իրականութիւնըՙ այս կամ այն միջազգային դէմքը հայ ծագումով պճնազարդելու եւ, Պարոյր Սեւակի խօսքով, ազգային սնապարծութիւն արծարծելու աւելորդ փոյթով:

    Գարլոս Մենեմ հայ չէ: Փաստերու լեզուն ուրիշ բան չի յուշեր:

  • ԳՅՈՒՆՏԵՐ ՊԻԼԱՐՍԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

    ԳՅՈՒՆՏԵՐ ՊԻԼԱՐՍԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

    ԳՅՈՒՆՏԵՐ ՊԻԼԱՐՍԿԻ, ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

    Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետեր, «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին շնորհավորական նամակ է հղել Քաջարանի քաղաքապետարանին, որում, մասնավորապես, նշած է.

    Հարգելի քաղաքապետ, սիրելի քաջարանցիներ.

    «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խմբի, անձամբ իմ եւ ընտանիքիս անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզՙ Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ:

    Վերջին տասնամյակում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ձեռնարկություններից մեկի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետերը, համոզվել եմ, որ մեր ընկերության հաջողությունները հիմնականում պայմանավորված են քաջարանցիների աշխատասիրությամբ, սկզբունքայնությամբ եւ մասնագիտական բարձր կարողություններով: Քաջարանցիներն իրենց մարդկային նկարագրով արդարացնում են իրենց եւ իմ սիրելի քաղաքի անվանումը, ես հպարտ եմ, որ գործ ունեմ իսկապես քաջ, խիզախ եւ շիտակ մարդկանց հետ:

    Քաջարանցիների մի քանի սերունդներ իրենց անգնահատելի ավանդն են ներդրել ոչ միայն Քաջարան քաղաքի, այլ նաեւ մեր ձեռնարկության` ԶՊՄԿ-ի կայացման եւ զարգացման գործում: Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցելՙ չընկրկելով խոչընդոտների, անլուծելի թվացող խնդիրների, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջ եւ այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր համատեղ ջանքերի եւ Հայաստանի իշխանության ամենօրյա հոգածության շնորհիվ Քաջարանն, իրավամբ, համարվում է Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:

    Հպարտանալով մեր քաղաքի ձեռքբերումներով, համոզված եմ, որ Քաջարանի լավագույն տարիներն առջեւում են: Լիահույս եմ, որ միասին կապահովենք մեր սիրելի քաղաքի կայուն եւ շարունակական զարգացումը: Կանենք հնարավորը, որ քաջարանցիների հաջորդ սերունդները եւս իրենց եւ իրենց երեխաների ապագան կառուցեն Քաջարանում` ապրելով ապահով եւ բարեկեցիկ կյանքով:

    «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ,

    Գերմանիայի Դաշնային Հանրապետության (Բադեն-Վյուրտենբերգ) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս,

    Ձեր բարեկամ`

  • ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ

    ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ

    ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ

    Մանկավարժական պետական համալսարանի 1-ին կուրսի շուրջ 1600 ուսանողներ ավանդույթի համաձայն այս տարի եւս մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակում երդվեցին հավատարիմ մնալ ուսուցչի վեհ մասնագիտությանն ու կոչմանը:

    Ապագա մանկավարժներին շնորհավորեց եւ օրհնության խոսք հղեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քիրստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը ` փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնանքի խոսքը: «Մանկավարժությունը մարդուն բարոյական, իմացական արժեքների մեջ հաստատելու, վերահաստատելու եւ վերաիմաստավորելու մեծ առաքելություն է: Որպես նորանկախ պատմության կերտողներ եւ հայ եկեղեցու ժառանգորդներ` առողջ գիտակցությամբ պետք է կարողանանք առնել առավելագույնը եւ տալ առավելագույնը ապագային»,- ասաց Վարդան վարդապետը:

    Ուսանողներին շնորհավորեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը : «Դուք ընդունվել եք համալսարան, դարձել ուսանող, դա իսկական հաղթանակ է: Մանկավարժական համալսարանը ներկայումս ապրում է բավականին լուրջ ու պատասխանատու փոփոխությունների եւ զարգացման ժամանակահատված: Թող լուսավոր լինի ձեր ուղին ուսուցչի պատասխանատու եւ անհրաժեշտ գործունեության մեջ»,- մաղթեց ռեկտորը: Նա խոստացավ անել ամեն ինչ, որ տարիներ անց ուսանողները հպարտությամբ արձանագրեն, որ հենց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներն են:

    Ապագա մանկավարժներին բարեմաղթանքի խոսք հղեց նաեւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի մանկավարժական կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին : Խոսելով Հայկական պետական մանկավարժական եւ Օուլուի համալսարանների համագործակցության մասին` Կորկեամակին նշեց. «Դուք առաջին ծիծեռնակներն եք, որ պիտի տեսնեք ու զգաք մեր համագործակցության արդյունքները: Համագործակցության երկու տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ դուք շատ տաղանդավոր եւ առանձնահատուկ ազգ եք, եւ ձեզ համար կրթության դերը առանձնահատուկ նշանակություն ու կարեւորություն ունի»:

    Մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի դոկտոր Շողիկ Ոսկանյանը , կարեւորելով օրվա խորհուրդը, ասաց. «Դուք պետք է դառնաք նորօրյա բարեփոխված դպրոցի հույսն ու ապավենը, ինչպես նաեւ ապագան ու կենսունակությունը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը եղել եւ գոյաբանել է դպրոցի, կրթության եւ դաստիարակության շնորհիվ: Մնացեք շիտակ ու վեհ, եղեք ազնիվ ու բարի, եւ ձեզանով ավելացրեք այս երկրի բարին ու գեղեցիկը: Հետամուտ եղեք բոլոր այն լուսավոր ու վեհ գաղափարներին, որի կրողն ու սերունդներին փոխանցողը լինելու եք դուք»: Իսկ վերջում, ուսանողներին հղելով Խրիմյան Հայրիկի պատգամը, ավելացրեց` արեւի պես նայեք աշխարհին, քանզի կրթությունն ու դաստիարակությունն են կերտում մարդկությունը, դաստիարակում հային եւ մարդուն:

    Սեպտեմբերյան այս մեծ եւ հիշարժան տոնակատարությանը առաջինկուրսեցիներին ողջունեցին նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն ու Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը :

    Միջոցառումը ամփոփվեց գեղեցիկ համերգային ծրագրով:

  • «ԻՄ ԱՇԽԱՐՀԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲՙ ՕՐԱԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 25 ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

    «Իմ աշխարհը» ծառայությունն այժմ հնարավորություն է ընձեռում «Իմ աշխարհը» ցանկում ներառված ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարների բաժանորդներին զանգահարել անսահմանափակ` օրական վճարելով ընդամենը 25 դրամ, իսկ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի օպերատորների հեռախոսահամարների ուղղությամբ` բացառիկ սակագներով:

    Ի դեպ, 25 դրամը գանձվում է միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարում է ցուցակում ընդգրկվածՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներից մեկին:

    Հիշեցնենք, որ «Իմ աշխարհը» ծառայությունը թույլ է տալիս ընտրել մինչեւ 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ Վրաստանի կամ ԱՊՀ ցանկացած երկրի օպերատորի հեռախոսահամար:

    Դեպի «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ զանգահարելու պայմաններ

    ՈւղղություններԶանգի արժեք
    Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց25 դրամ ամբողջ օրվա համար
    Դեպի Ռուսաստան50 դրամ/րոպե
    Դեպի Վրաստան60 դրամ/րոպե
    Դեպի ԱՊՀ այլ երկրներ42 դրամ/րոպե

    Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

  • ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    Թարգմ. Հ. Ծ.

    Վերհիշելով 1955 թվի սեպտեմբերի 6-7-ը

    Ստորեւ թարգմանաբարՙ Փարիզում գործող «Եվրոպա եւ Արեւելք» ընկերության տնօրեն Վարուժան Սիրապյանի հիշողությունները այդ դաժան օրերի մասին:

    Երեւի հազիվ տասը տարեկան էի, երբ Ստամբուլում տեղի ունեցան սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, որոնք իրականում ցեղասպանության համազոր էին: Ինը ժամվա ընթացքում կատաղած խմբավորումներ, գյուղացիներ, բանվորներ, անգործներՙ հեռավոր շրջաններից մեքենաներով Ստամբուլ բերված, շրջում էին փողոցներով, յուրաքանչյուրի ձեռքում նմանատիպ մահակներով, որոնք կարծես գործարանային արտադրանք լինեին: Սկզբում նրանց վերահսկում էին քեմալիզմի մոլեռանդ ակտիվիստները, ծայրահեղական ազգայնականների մի խումբ ուսանողներ: Բայց շուտով ամեն ինչ դարձավ անվերահսկելի: Ոստիկանությունը պասիվ էր, երբեմն նույնիսկ համագործակցող:

    Ամեն ինչ ապատեղեկատվությունից էր սկսվել: «Իստամբուլ էքսպրես» թերթում «Ռումբ է գցվել Աթաթուրքի տան վրա» սադրիչ վերնագրով մի հոդված էր տպագրվել: Իրականում դա ինքնաշեն մի փոքրիկ սարք էր, որը թուրքական հակահետախուզության աշխատակիցներից մեկը գցել էր տան վրաՙ պատճառելով շատ փոքր վնաս: Թեսալոնիկեի այդ տանը երիտասարդ տարիներին ապրել էր Մուստաֆա Քեմալը: Թերթի սեպտեմբերի 6-ի հավելյալ համարների տպագրության որոշումը կայացրել էր խմբագրի տեղակալ Գյոկսին Սիպահիօղլուն:

    Տարերային ցույցերը անմիջապես վերածվեցին կազմակերպված սպանությունների եւ հետապնդումների: Ազգությամբ հույն 16 քաղաքացի, որոնցից 2-ը քահանաներ, եւ մեկ հայ սպանվեցին: 32 հույներ ստացան լուրջ վնասվածքներ: 4348 խանութներ, որոնք պատկանում էին հույների, հայերի եւ հրեաների, հարձակման ենթարկվեցին եւ թալանվեցին: 110 հյուրանոցներ, 27 դեղատներ, 23 դպրոցներ, 21 գործարաններ, 70 եկեղեցիներ, երեք գերեզմանատներ եւ ոչ մահմեդական համայնքների անթիվ-անհամար տներ լրջորեն վնասվեցին: Բռնաբարությունների թիվը հնարավոր չեղավ ճշգրտել, որովհետեւ նման բարբարոսության զոհ գնացած ընտանիքները չէին ցանկանում ամոթանքն ավելացնել անպատվությանը: Բայց հետզհետե բերանները բացվեցին, եւ հայտնի դարձավ, որ զոհերի թվում ճանաչված հրեա մի ոսկերչի կինն էր եղել:

    Մեր թաղամասումՙ Շիշլիում մի ալբանացու պատկանող հացի խանութ կար, որի տերը ամեն երեկո «չորեք» էր բաժանում դիմացի ոստիկանատան աշխատակիցներին: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ամբոխը, ենթադրելով, որ տերը հույն է, ջարդ ու փշուր արեց նաեւ նրա խանութը. երբ խեղճ մարդը ոստիկանատուն էր գնացել բողոքելու, նրան պատասխանել էին. «Ներեցեք, բայց ոչինչ անել չենք կարող: Այսօր մենք թուրք ենք, ոստիկաններ չենք»:

    Դեպքերին հաջորդող ամիսներին եւ տարիներին փոքրամասնություններին պատկանող մեծ թվով քաղաքացիներ, որոնք ենթարկվել էին բռնությունների, հեռացան Թուրքիայից: Նրանք հասկացել էին, որ Հայոց ցեղասպանությունից 40 տարի անց թուրքը մնում է թուրք, եւ արտաքնապես արդիական թվացող այդ հանրապետությունում մարդկանց մտայնությունը չէր փոխվել:

    Հետագայում հաստատվեցին այն ենթադրությունները, որ թուրքական հակահետախուզության աշխատակիցն էր մասնակից Աթաթուրքի տան վրա կատարված այդ հարձակմանը: Բայց մեղավոր ճանաչվելու փոխարեն նա պաշտոնի բարձրացում ստացավՙ ի նշան երախտագիտության: Իսկ թերթում տպագրված հրահրող վերնագրի հեղինակըՙ Սիպահիօղլուն, որոշ ժամանակ անց տեղափոխվեց Փարիզ եւ այնտեղ հիմնեց (ո՞ւմ փողերով) «ՍԻՊԱ» լրատվական գործակալությունը: Հետագայում նախագահ Շիրակի կողմից նա նույնիսկ արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանին:

  • ԱՐՄԱՎԻՐՑԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ 2010-Ի ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ

    Ա. Մ.

    Վերջին 2-3 տարիներին Ռուսաստանի Դաշնությունում բնակված եւ Հայաստան վերադարձած կենսաթոշակառու, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 23 շենքի բնակարան 3-ի բնակիչ Թելման Արիստակեսյանը չի կարողանում ստանալ 2010-ի ամբողջ տարվա իր կենսաթոշակը: Այդ մասին նա հայտնել է մեր թերթի խմբագրությանն ուղարկած նամակում:

    Թելման Արիստակեսյանը նշում է, որ 2010-ից ապրել է Ռուսաստանի Դաշնությունումՙ իր տղայի տանը, հիվանդության պատճառով ավելի վաղ վերադառնալու հնարավորություն չի ունեցել, բուժվել է այնտեղ, ապա եւ ստացել ՌԴ քաղաքացիություն: Արմավիր է վերադարձել 2013-ին, դիմել է տեղի սոցիալական ապահովության բաժին, որտեղի աշխատակցուհին իրեն տեղակացրել է, որ 420 հազար դրամ ունի ստանալու: Սակայն նա նշել է, որ տվյալ` մարտ ամսին այդ գումարը չի կարող ստանալ, քանի որ ցուցակներն արդեն ուղարկվել են եւ խորհուրդ է տվել գալ հաջորդ ամսին: Թոշակառուն այդպես էլ վարվել է, բայց նրան թոշակը չեն տրամադրել ոչ ապրիլ, ոչ մայիս, ոչ էլ մյուս ամիսներին:

    Դիմելով թերթի խմբագրությանըՙ Թելման Արիստակեսյանը հայտնում է, որ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, բայց այնտեղ նրան չեն լսել եւ ներս չեն թողել, ուստի հարկադրված խնդրում է թերթի աջակցությունը այս հարցում:

    Ներկայացնելով թոշակառուի նամակի բովանդակությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրությունն ենք հրավիրում եւ հույս հայտնում, որ նախարարությունը հնարավորինս արագ եւ օրենքի ընձեռած հնարավորությունների սահմաններում կկարգավորի այս հարցը:

  • ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼՙ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

    ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼՙ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիսավորությամբ բացեցին սոցիալական ծառայությունների առաջին ինտեգրված կենտրոնը Նոյեմբերյան քաղաքում:

    Շնորհավորելով ներկաներինՙ նախարարը նշեց. «Մենք նպատակ ենք ունեցել սահմանամերձ Նոյեմբերյանում ունենալ այնպիսի կենտրոն, ինչպիսիք ունենք Երեւանում, հանրապետության մյուս վայրերում: Կարեւորում եմ, որ մեկ կենտրոնում, մեկ պատուհանի միջոցով մեր քաղաքացիները կստանան արդիական ծառայություններ: Երկրորդ կարեւոր նպատակը սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն է: Դրամական վճարումների հետ կապված խնդիրներն այսուհետեւ կատարվելու են ավտոմատացված տեղեկատվական համակարգերի միջոցով, իսկ բազմաշերտ խնդիրներ ունեցող ընտանիքների կարիքների գնահատումն ու դրանց հիման վրա վերականգնողական բոլոր աշխատանքներն իրականացնելու են սոցիալական աշխատողները: Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողներն անցել են վերապատրաստումներ, կենտրոններին տրամադրվել են նոր տեխնիկական միջոցներ: Գործընթացը լինելու է շարունակական, ամբողջ հանրապետությունում ունենալու ենք 55 նմանատիպ կենտրոններ: Այս կենտրոնը Տավուշի մարզում առաջինն է եւ մենք պարոն մարզպետի հետ քննարկում ենք մարզի մյուս տարածաշրջաններում նման կենտրոնների բացման հնարավորությունը»:

    Պարոն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց ժամանակակից, վերանորոգված եւ վերազինված կենտրոնի համար եւ ավելացրեց. «Ինտեգրված սոցիալական ծառայությունների նոր կենտրոնն ապահովելու է ծառայությունների նոր որակ եւ սպասարկման նոր աստիճան: Կարեւորում եմ, որ այն բացվեց սահմանամերձ տարածաշրջանում, սկսում ենք ոչ թե մարզկենտրոնից, այլ Նոյեմբերյանից, որտեղ սոցիալական խնդիրներով շատ ավելի մեծ թվով մարդիկ են դիմում: Շնորհակալ եմ համատեղ, արդյունավետ աշխատանքի համար եւ պատրաստ եմ համագործակցությանՙ մարզի մյուս տարածաշրջաններում եւս նման կենտրոններ ստեղծելու համար»:

    Բացման արարողությունից հետո նախարարը եւ մարզպետը հանդիպեցին համայնքների, սոցիալական ծառայությունների, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների, մարզպետարանի աշխատակիցների հետ:

    Դիմելով ներկաներինՙ պարոն Ասատրյանը նշեց. «Մենք կարեւոր գործընթացի սկիզբն ենք դնում միասին. կենտրոնի բացումն առաջին քայլն է: Սոցիալական պաշտպանության ոլորտում մենք ընդհանուր բարեփոխումներ ենք իրականացնում, եւ իմ ցանկությունն էրՙ ձեզ հետ քննարկել առկա բոլոր խնդիրները, լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, պատասխանել ձեր հարցերին: Դրա համար ենք ընտրել այս ձեւաչափը եւ եկել ենք այս կազմովՙ նախարարի առաջին տեղակալ, նախարարության առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ»:

    Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց ինտեգրված ծառայությունների գաղափարախոսության, նպատակների, տեղերում սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական կառույցների համագործակցության, սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղիների վերաբերյալ իր մոտեցումները:

    Ներկաների հարցերին նախարարը եւ ոլորտների պատասխանատուները տվեցին պատասխաններ, պարզաբանումներ:

    Ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների ձեւավորումըՙ համագործակցության լայն հնարավորություններով, քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներով եւ աշխատաոճով հույս է ներշնչում, որ այսուհետ ծառայությունները կդառնան ավելի մարդակենտրոն եւ հասցեական: Դրա համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Գործընթացն անդառնալի է եւ շարունակական:

  • ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ «ՃՆՇՈՒՄԸ»

    Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

    Մաքսային միությանը միանալու պարտադրանք-երկընտրանքի առաջ կանգնած, իսկ ավելի պարզ ձեւակերպմամբ` Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու համար Ռուսաստանի կողմից ճնշումների տակ հայտնված Արեւելյան գրոծընկերության երկրներին, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, հնարավոր է փոխհատուցում տալ` տնտեսական պատժամիջոցներից կրած վնասների համար:

    Ֆյուլեն այս մասին ընդամենը սեպտեմբերի կեսերին հայտարարեց, իսկ երեկ արդեն Եվրոպական հանձնաժողովի մակարդակով խոստացվածն ի կատար են ածում: ԵՀ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Մոլդովայից գինու ներմուծման համար ամբողջապես բացել Եվրոպական միության շուկան: Ընդ որում, առաջարկվում է շուկան ամբողջապես բացել մինչեւ Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը:

    Առաջարկը հիմնավորված է այն մոտեցմամբ, որ շուկան բացում են որպես «մոլդովական գինու ավանդական որոշ շուկաներ դրա արտահանման հետ կապված դժվարությունները թեթեւացնելու միջոց»: «Եվրոպական միության շուկան կայուն այլընտրանք է եւ հաստատուն լինելու կենսունակ դեր ունի մոլդովական գինեգործության հատվածի համար: Մոլդովական գինու համար ամբողջապես բաց ԵՄ շուկան, երբ մոլդովացի գինեգործները դժվարության մեջ են, ցույց է տալիս, որ բացի տնտեսական ինտեգրման հաջող ծրագիր լինելուց` ԵՄ-ը նաեւ համերաշխության տարածք է», հայտարարել է ԵՄ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Դացիան Սիոլոսը:

    Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրի, եւ դրա հետ մեկտեղ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված է Վիլնյուսում նոյեմբերի վերջին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Մոլդովական գինիներին մինչեւ այդ փաստաթղթի ստորագրումն արդեն ուզում են ԵՄ մուտքն ապահովել: Հենց այդ նպատակով էլ Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Եվրոպական խորհրդին եւ Եվրոխորհրդարանին` արդիականացնել Մոլդովայի հետ առեւտրի պայմանները, ընդ որում, անել հնարավորն այդ գործընթացը արագ ավարտելու համար:

    Իհարկե, մոլդովական գինին մեկ օրում եվրոպական ստանդարտներին չի համապատասխանելու, ու թերեւս աշխարհի լավագույն գինիների շարքում էլ չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, կարվի հնարավորը` մոլդովական գինի ԵՄ շուկայում վաճառելու համար:

    Եվ այս դեպքում հետաքրքրական կլիներ լսել հայ փորձագետ ու գործիչ ներկայացող մի քանիսի դատողությունները` մոլդովական գինու մրցունակության վերաբերյալ, երբ նույն պատճառաբանությունը բերվում էր հայկական ապրանքների համար` ԵՄ-ում անմրցունակ լինելու հիմքով: Հարցի մեկ այլ կողմն է, թե անմրցունակ ապրանքն ինչպես են հիշատակված «մասնագետները» մրցունակ տեսնում Մաքսային միության երկրների շուկաներում:

    Պարզապես փաստենք, որ անմրցունակ մոլդովական գինին հաստատ այսպիսի հնարավորության պայմաններում մրցունակ կդառնա, ամեն դեպքում` կարվի ամեն ինչ, որպեսզի որոշակի հնարավորություններից օգտվելու տարբերակ ստացած մոլդովական գինին նաեւ վաճառվի, իսկ դա զարգացում է նշանակում, այլ ոչ թե անմրցունակ գինին այնպիսի մի շուկայում սպառելու հեռանկարը, որտեղ կարեւորը, հատկապես ոգելից խմիչքի դեպքում, աստիճանն է ու ազդեցության երկարատեւությունը:

  • «ԵՍ ՆՄԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

    Ա. Մ.

    Թաթուլ Մանասերյանը` Հրանտ Բագրատյանի մասին

    Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հրապարակային ելույթներին եւ կանխատեսումներինՙ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տնտեսագետ, «Այլընտրանք» կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ասաց. «Ես նման անձնավորության որպես տնտեսագետի չեմ ընդունում, չեմ ճանաչում, առավել եւս մարդը համարձակություն չի ունեցել նստել եւ տղամարդավարի վերլուծել այն, ինչ վերաբերում է տնտեսագիտությանը: Եթե այդ մարդը այդ կարողությունները ունի եւ անհավասարակշիռ կեցվածքով կարող է միայն «համբալներ» եւ այլ արտահայտություններ անել, ուրեմն դա իր գործն է, իրեն կարող եք հարցնել կամ այլոց»: Շարունակելովՙ Թաթուլ Մանասերյանը հայտնեց, որ Բագրատյանին դատական վճռով գրագող են համարում: «Իրեն հարցրեք, եւ մի մարդ չէ, մի քանիսն են իր թիմակիցներիցՙ Մովսես Արիստակեսյան, Մանե Հակոբյան, մյուսները: Ինքը շատ բան կարող է չընդունի, դատարանի վճիռ կա», ասաց նա: