Իհարկե, նոր նախագիծը ռիսկեր պարունակում է, որովհետև փորձի պակասը և շատ այլ հարցեր, անկասկած, իրենց զգացնել են տալու։ Բայց միաժամանակ պետք է գնահատել այն դրականը, որ նոր նախագիծը որոշ չափով լուծելու է թափուր աշխատատեղեր ունեցող դպրոցների հարցը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ, ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով նոր նախագծին, որով առաջարկվում է ուսուցչի որակավորում շնորհող բուհի ավարտական կուրսի ուսանողին հնարավորություն ընձեռել աշխատելու գյուղական բնակավայրերի դպրոցներում:
«Հայտնի է՝ հանրապետությունում կան հարյուրից ավելի դպրոցներ, որոնք ուսուցիչների թափուր տեղեր ունեն, և այդ դպրոցների մեծ մասը գտնվում է սահմանամերձ և բարձրլեռնային գյուղական բնակավայրերում։ Այդ դպրոցներում շարունակաբար մրցույթներ են հայտարարվում, սակայն ոչ ոք չի ցանկանում գնալ և այնտեղ աշխատել։
Նոր նախագիծն ինչ-որ ձևով կարող է լրացնել այդ բացը, սակայն նորավարտ ուսանողների որոշակի փորձառության, վերապատրաստման կամ արագացված կուրսերի կարիք անպայման կզգացվի, որպեսզի ծրագիրն արդյունավետ լինի»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Կրթության փորձագետի խոսքով՝ մյուս կողմից քիչ հավանական է, որ 22-23 տարեկան նորավարտ երիտասարդները ցանկություն ունենան գնալու և դասավանդելու գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում։
«Երիտասարդները, սովորաբար, հակառակն են ուզում. նրանք առիթ են փնտրում գյուղերից Երևան տեղափոխվելու, մայրաքաղաքից էլ՝ արտերկիր։ Բոլոր այն մասնագիտությունները, որոնք ունեն համատեղ՝ հայկական և եվրոպական դիպլոմի ծրագրեր կամ ուսանողներին հնարավորություն են տալիս մեկ-երկու կիսամյակ սովորել արտասահմանում, շատ մեծ պահանջարկ ունեն։
Կարծում եմ՝ նոր նախագծի ընձեռած հնարավորությունից կօգտվեն այն երիտասարդները, որոնք Երևան ուսանելու գալիս են հենց այդ գյուղերից, որովհետև նրանք հնարավորություն չունեն իրենց ծննդավայրում լավ կրթություն ստանալու։ Այս ծրագիրը գոնե լավ հնարավորություն է՝ վերադառնալու ծննդավայր և աշխատել սեփական կամ հարևան գյուղի դպրոցներում։ Ինչ վերաբերում է երևանաբնակ ուսանողներին, նրանք դժվար թե նման քայլի գնան»,- ասաց մեր զրուցակիցը։
Ատոմ Մխիթարյանի համոզմամբ՝ նոր ծրագիր գործարկելուն զուգահեռ՝ պետությունը պետք է հոգա գյուղական համայնքներում երիտասարդների ժամանցի, սոցիալականացման հարցը՝ գյուղերում ուսուցիչ աշխատելը գրավիչ դարձնելու։
«Երիտասարդներն այն տարիքում են, որ սոցիալական լայն շփումներ պետք է ունենան, ընկերանան, ամուսնանան, բայց այդ հնարավորությունները, հատկապես գյուղական բնակավայրերում, խիստ սահմանափակ են»,- ամփոփեց մեր զրուցակիցը։