Խանութներում մթերքի վիճակն անտանելի է։ Ոչ թե սննդի պակաս կա, այլ շատ պակաս կա. եթե այսպես ևս 4-5 օր էլ շարունակվի, անտանելի դժվար կլինի, չեմ պատկերացնում՝ մեր վիճակն ինչ կլինի։ Բայց չնայած առկա դժվարություններին՝ Արցախում, միևնույն է, խուճապ չկա, Azg.am-ի թղթակցի հետ զրւոյցում ասաց ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ, ԱՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ Արա Ղահրամանյանը։
«Բենզին չկա, մտահոգված ենք։ Երեկ արցախցի մոտ 15 երիտասարդներ գնացել են ռուս խաղաղպահների մոտ, որպեսզի մեր դիրքորոշումը ներկայացնեն, բայց նրանց թույլ չեն տվել առաջանալ դեպի Քարինտակ՝ այնտեղ, որտեղ ադրբեջանցիները վրաններ են դրել։ Երիտասարդները կարողացել են հասնել միայն ռուս խաղաղպահների առաջին կետ, ներկայացրել մեր դիրքորոշումը»,- ասաց մեր զրուցակիցը։
Արա Ղահրամանյանի խոսքով՝ Ադրբեջանի վերջնանպատակը միանշանակ Արցախը հայաթափելն է։
«Սա է իրականությունը, այլ բան չկա։ Նրանք ուզում են, որ Արցախում հայ չմնա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքին՝ ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահը շեշտեց՝ ՀՀ իշխանությունները միջազգային ատյաններում պատշաճ կերպով չեն ներկայացնում Արցախի հարցը։
«Այս հարցն ավելի տեսանելի, ավելի հուժկու պետք է ներկայացվի, որպեսզի դրսում զգան, որ Արցախում մարդիկ են ապրումն, ոչ թե, կներեք արտահայտությանս համար, հավեր։ Մարդկանց սնունդ, ապրուստի այլ միջոցներ են պետք»,- նշեց Արա Ղահրամանյանը։