Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7 հայ պատանդների ընտանիքները դիմել են ՄԱԿ-ին՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող անձանց

29/04/2026
- Իրավունք


Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ:

Յոթ պատանդները

Պատանդները՝ Դավիթ Բաբայանը, Մադաթ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը և Լևոն Մնացականյանը, Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո: Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ:

Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը (Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ), Դավիթ Բաբայանը (արտաքին գործերի նախկին նախարար) և Լևոն Մնացականյանը (Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար), 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում: Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր:

Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին և Աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար:

Հայցի հիմնավորումները

Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ իրավական փորձագետների մարմին է, որը հետաքննում է ազատությունից կամայական զրկելու դեպքերն ամբողջ աշխարհում: Դիմումը ներկայացվել է, քանի որ գերիների ընտանիքները և իրավաբանական թիմերը Ադրբեջանի ներսում նրանց անօրինական դատավճիռները բողոքարկելու իրատեսական միջոց չունեն: Դիմումատուները պնդում են, որ բոլոր յոթ անձանց ազատությունից զրկելը կամայական է՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.

  • Իրավական վավեր հիմքի բացակայություն. Պատանդները գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, որը համապատասխանում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված միջազգային զինված հակամարտության սահմանմանը: Որպես կոմբատանտներ (մարտիկներ)՝ նրանք պետք է ճանաչվեին ռազմագերիներ և օգտվեին Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունից ու հայրենադարձման իրավունքից: Փոխարենը Ադրբեջանը նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում է իրականացրել սովորական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և ցեղասպանության մեղադրանքներով: Այս մեղադրանքները չեն կարող օրինականորեն ներկայացվել այն մարտիկներին, որոնք գործել են պատերազմի օրենքների շրջանակում:
  • Քաղաքական համոզմունքների քրեականացում. Դավիթ Բաբայանը և Դավիթ Իշխանյանը տասնամյակներ շարունակ խաղաղ կերպով պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Նրանց ձերբակալությունից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ Արցախի ղեկավարությանը անվանել էր «հանցագործներ»: Դիմումատուները պնդում են, որ նրանց ազատությունից զրկելը նպատակ ունի լռեցնել քաղաքական այլախոհությունը, ինչը միջազգային իրավունքով երաշխավորված արտահայտվելու, կարծիքի և միավորումների ազատության իրավունքների ուղղակի խախտում է:
  • Հիմնավորապես անարդար դատավարություններ. Պատանդները դատվել են հավաքական կերպով՝ ութ այլ հայ ամբաստանյալների հետ միասին, դռնփակ զինվորական գործընթացների շրջանակում և առանց իրենց ընտրած փաստաբանների հասանելիության: Յոթից հինգը հրաժարվել են հաստատել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել արտաքին դիտորդների մոտ՝ հնարավոր հարկադրանքի և խոշտանգումների կիրառման վերաբերյալ: Ավելին, դատավճիռները դեռևս պաշտոնապես չեն փոխանցվել դատապարտվածներին, ինչը փաստացի զրկում է նրանց բողոքարկման հնարավորությունից:
  • Մարդասիրական հասանելիության մերժում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այցելում էր Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին, երկրից արտաքսվել է 2025 թվականի սեպտեմբերին: Սա վերացրել է ազատազրկվածների նկատմամբ վերջին անկախ վերահսկողական մեխանիզմը:
  • Վարձկանության անօրինական մեղադրանքներ. Հայցում նշված յոթ գերիներից վեցին մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար: Դիմումատուները պնդում են, որ այս մեղադրանքը իրավաբանորեն անհնար է հիմնավորել. թե՛ միջազգային իրավունքով, թե՛ Ադրբեջանի քրեական օրենսգրքով անձը չի կարող համարվել վարձկան, եթե հանդիսանում է հակամարտող կողմի քաղաքացի կամ մշտական բնակիչ: Բոլոր յոթ անձինք հայ ազգի ներկայացուցիչներ են, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում:
  • Էթնիկ պատկանելության և քաղաքական հայացքների վրա հիմնված խտրականություն. ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և բազմաթիվ միջազգային կառույցներ արձանագրել են Ադրբեջանում հակահայկական խտրականության համակարգային բնույթը, այդ թվում՝ արդարադատության համակարգում: Դիմումատուները պնդում են, որ այս անձանց հետապնդումը արտացոլում է այդ խտրական մոդելը, և նրանք չէին թիրախավորվի կամ պահվի կալանքի տակ, եթե չլիներ նրանց հայկական ինքնությունը և կապը Արցախի կառավարման մարմինների հետ:

Դիմումը ներկայացվել է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մի շարք բանաձևերի (1997/50, 2000/36, 2003/31, 6/4, 15/18, 20/16, 24/7, 33/30, 42/22 և 51/8):

Ընդհանուր համատեքստը

Այս յոթ անձինք այն 19 հայ գերիների թվում են, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում 2020 և 2023 թվականների հակամարտություններից հետո: Նրանց ծանր վիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Amnesty International-ի և այլ խոշոր միջազգային կառույցների կողմից, որոնք բոլորը կոչ են արել ազատ արձակել նրանց և խորը մտահոգություն են հայտնել պահման պայմանների վերաբերյալ:

2025 թվականի մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանում կամայականորեն զրկված են ազատությունից, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ արդար դատաքննության իրավունքները պետք է լիարժեքորեն հարգվեն»: Եվրոպական խորհրդարանը 2021 թվականից ի վեր այս հարցով ընդունել է վեց բանաձև, վերջինը՝ 2025 թվականի մարտին: Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է մի քանի որոշում, որոնք պահանջում են Ադրբեջանից պաշտպանել հայ ազատազրկված անձանց վնասից և ապահովել նրանց հավասարությունը օրենքի առաջ. որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարել:

Ի՞նչ են պահանջում դիմումատուները

Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից.

  1. Տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական:
  2. Կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար:
  3. Պահանջել հնարավորություն Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար՝ այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը:

Դիմումատուների մասին

Դիմումը, գերիների ընտանիքների լիազորմամբ, համատեղ ներկայացվել է հետևյալ անձանց կողմից.

  • Սիրանուշ Սահակյան – Փաստաբան (Երևան, Հայաստան)
  • Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ (Երևան, Հայաստան)
  • Այտոր Մարտինես Խիմենես – Փաստաբան (Մադրիդ, Իսպանիա)
  • Մեգան Շուրո-Լիոն – Փաստաբան (Փարիզ, Ֆրանսիա)
  • Իրեն Մասիմինո – Փաստաբան (Բուենոս Այրես, Արգենտինա)
Նախորդ գրառումը

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

Հաջորդ գրառումը

«Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք. Բագրատ Սրբազանը նամակ է ուղարկել Գլխավոր դատախազին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026
Իրավունք

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

15/06/2026
Իրավունք

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

12/06/2026
Հաջորդ գրառումը

«Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք. Բագրատ Սրբազանը նամակ է ուղարկել Գլխավոր դատախազին

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական