Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Քանի դեռ Բաքուն չէր վերադարձրել մեր բոլոր գերիներին, ՀՀ իշխանությունը որևէ հանդիպում կամ բանակցություն չպետք է վարեր. իրավապաշտպան

Կարծում եմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո  ՀՀ իշխանությունները որևէ հանդիպում կամ բանակցություն չպետք է վարեին այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չէր վերադարձրել մեր բոլոր գերիներին. Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Երկրորդ, հիշենք անցյալ տարվա ընտրություններից առաջ վարչապետ կոչեցյալի խոսքը՝ «Գերիները մի քանի ամիս էլ կդիմանան»։ Այդ ո՞վ է թույլ տվել նրան այդպես խոսել Բաքվի զնդաններում տառապող գերիների մասին։ Սա ուղղակի աբսուրդ է։ Միայն այդ խոսքերից հետո, երբ նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.) մնում է իշխանության, դա մեր ազգային խայտառակությունն է։

Եվ վերջապես, այսօրվա իշխանությունների համար որևէ բարոյական սահման, որևէ խղճի զգացում, գթասրտություն, պատվի, արժանապատվության զգացողություն չկա։ Նրանց համար հայրենիքի զգացողություն չկա, նրանց համար գերիները, 44-օրյա պատերազմի հազարավոր, սեպտեմբերի 13-ի հարյուրավոր զոհերը, ամբողջ Արցախը և տնանկ մարդիկ որևէ նշանակություն չունեն։ Նրանց համար կարևորն իրենց վայելքներն են, իրենց իշխանությունը»,- նկատեց Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ միայն այն փաստը, որ գերիների տառապանքների ֆոնին ՀՀ ազգային ժողովի նախագահը Քաթարում ֆուտբոլ է վայելում և ժպիտը դեմքին՝ լուսանկարներ տարածում, ուղղակի ամոթ է։

«Այս պարագայում խոսել մեր երկրի բարոյականության մասին՝ ավելորդ է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներում տարածվել էր Բաքվում բանտարկված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի  մոր՝ տիկին Բեատրիսի հայտարարությունը։ Նա տեղեկացրել էր, որ որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել.

«Ըսավ՝ բան մը ըրեք, ինձի ազատեք հոստեղեն։ Ձայնը տխուր է, շատ տխուր է, լալու պես կխոսի»,-պատմել էր  մայրը՝ համոզմունք հայտնելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։

Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, ևս նույնն էր պնդել. «Վիգենը 95 կգ էր, հիմա 45 է դարձել: Վիգենը հիվանդ է, հաց չի ուտում»,- պատմել էր նա։