Քանի որ ամեն օր աշխատում եմ դատարաններում, իմ մոտ գոնե մինչ այժմ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած արդարության դռներն արդեն բաց են, և նրա կամքը լիարժեք է կատարվում. ես գիտեմ, որ իր պատկերացմամբ արդարությունը հենց իր կամքն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած այն արտահայտությանը, որ 2019 թվականի մայիսի 20-ին իրենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էին՝ արդարադատության դռները բացելու համար, բայց պետք է արձանագրել, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն։
«Ես զարմացած եմ, որ նա դեռ սպասելիքներ ունի, այսինքն՝ դատական համակարգը դեռ անկում ունի ապրելու։ Դա շատ սարսափելի է։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ, որ մի օր էլ գնա, փակի դատարանների դռները. միևնույնն է՝ ուրիշ բան չգիտի անել։
Նա մինչև դռներ փակելը և դրանից հետո էլ առիթներ ունեցել է անկեղծանալու՝ սկսած «Ո՞վ է այն դատավորը, որ իմ ասածը չպիտի անի»-ից մինչև մի շարք այլ նմանատիպ հայտարարություններ։ Փաշինյանն այսօրինակ հայտարարություններով ինքն է բացահայտել, թե ինչ է իր համար արդարադատությունը։ Կրկնում եմ՝Փաշինյանի համար արդարադատությունը իր կամքը կատարելն է։ Այժմ նա երևի գտնում է, որ իր կամքը լիարժեք չեն կատարում, և դա սարսափելի է»,- նշեց Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը նաև հավելեց՝ իր տպավորությամբ՝ փաշինյանական «արդարադատությունն» արդեն կարծես թե կայացել է, բայց եթե հանկարծ չի կայացել, պետք է վախենալ՝ այլևս ի՞նչ պետք է լինի, որ նա համարի՝ արդարադատությունը կայացել է։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` պետք է անսասան պահել հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ, Երվանդ Վարոսյանը նկատեց.
«Նիկոլ Փաշինայնը մոռանում է, որ շուտով 6 տարի է՝ իշխանության ղեկին է և վաղուց ընդդիմություն չէ։ Նա այն դիրքերում չէ, որ իդեալներից խոսի։ Ինքն այն դիրքերում է, որ պետք է արդեն կյանքի կոչած լիներ այդ իդեալները, իսկ եթե կյանքի կոչած չլիներ, պետք է բոլորից ներողություն խնդրեր և գնար, «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում աշխատեր։ Եթե նա, 5-6 տարի իշխանություն լինելով, դեռ իդեալներից է խոսում, ավելի լավ, քան ինքը, չի արձանագրում սեփական տապալումը»- ամփոփեց փաստաբանը: