ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդուն՝ Աշոտ Փաշինյանին չի հորդորել հետ վերցնել առևանգման գործով բողոքի դիմումը։ Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Փաշինյանը շեշտեց՝ որդու հետ այս թեմայով առաջին իսկ խոսակցության ժամանակ վերջինս իր փաստարկներով զրկել է իրեն նման խնդրանքով դիմելու հնարավորությունից։
«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն էն չի՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին։
Ասենք, ենթադրենք, ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողությո՞ւն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ։ Ինքն ասել է՝ բնականաբար, դա անընդունելի է, և Հայաստանում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», -ասաց ՀՀ վարչապետը։
Լրագրողի հարցին, թե արդյոք դա ընտրովի արդարադատություն չէ, քանի որ իր շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկ պատասխանտվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, միանգամից կալանքի խափանման միջոց է կիրառվել, Փաշինյանը նկատեց․
«Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Նա ասել է՝ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։
Տեղյակ չեմ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա»։