Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը

Պաշտպանական խմբի հայտարարության մեջ նշվում է.

«Դիմումը քննության է ընդունվել «well-established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձեւավորել է կայուն եւ հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։

Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, եւ առկա է ձեւավորված իրավական գնահատական։

Գանգատը վերաբերում է՝

▪ կալանքի` իրավաչափությանը, տեւողության հիմնավորվածությանը,

▪ դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,

▪ իրավական որոշակիության եւ կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

Դավիթ Տոնոյանը շուրջ երեք տարի գտնվել է կալանքի տակ։

Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին եւ չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաեւ չի կանխորոշում դատավարության արդյունքը։

Ի դեպ, հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել:

Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է»։