Ստեղծված քաղաքական իրավիճակում Ադրբեջանը չի խնայում անգամ անչափահաս արցախցի երեխաներին և չի խորշում նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով երեկ Բերձորի միջանցքում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքի շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս Հայաստանում մնացած 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով երեկ վերադարձել է տուն։
Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
«Բայց հիմանական հարցն այն է, թե ինչպես արցախցի երեխաները հայտնվեցին ադրբեջանցիների թիրախում։ Ռուս խաղաղապահները, որոնք փակ են պահում Լաչինի միջանցքը, երեկ որոշեցին ուղեկցել այդ երեխաներին և նրանց տեղափոխել Արցախ, բայց նրանք ինչո՞ւ կանգնեցին, ինչպե՞ս թույլ տվեցին ադրբեջանցիներին բարձրանալ հայ երեխաներին տեղափոխող մեքենա։ Սա է ամենամեծ հարցը։
Մեղքը հենց ռուս խաղաղապահներինն է, որոնք անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Մեղքն ամբողջությամբ խաղաղապահներինն է, որոնք թույլ տվեցին ադրբեջանցիներին նսեմացնել, սարսափեցնել այդ երեխաներին։ Այսինքն՝ այդ ամբողջ գործողությունը տեղի ունեցավ, նոր իրենք այդտեղից շարժվեցին։ Սա ֆաշիզմի դրսևորում եմ համարում»,- ասաց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այն սարսափը, որ երեկ Բերձորի միջանցքում ապրել են արցախցի երեխաները, չպետք է անհետևանք մնա։
«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է միջազգային բոլոր ատյաններում բարձրացնեն և ընթացք տան այս հարցին՝ բողոքելով Ադրբեջանի և ռուս՝ այսպես կոչված «խաղաղապահների» գործողությունների դեմ»,- ամփոփեց իրավապաշտպանը։