Քանի որ նախապատմությունը գիտեմ, մի փոքր ներկայացնեմ։ Այս ծնողը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ դիմել է ինձ, ասել, թե կասկածներ ունեմ, որ դաստիարակը կոպիտ է երեխայիս հետ, միգուցե խփում էլ է, ի՞նչ անեմ։ Ասել եմ` զրուցեք դաստիարակի հետ, տեսեք ինչ է ասում, զրուցեք տնօրենի հետ, տեսեք ինքն ինչ է ասում. պատմում է Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը։
Նա շարունակել է.
Գնացել է, խոսել է, ամենը հերքել են, իհարկե, «դասական» պատասխններ` երեխան հնարում է, ավելորդ կենտրոնացել եք և այլն, և այսպես շարունակ։
Քանի որ լրագրող ծնողի հետ գործ ունենք, հնարը գտնում է։ Ձայնագրող սարքը փակցնում է երեխայի շորերին ու ուղարկում մանկապարտեզ։
Ձայնագրությունը, որը հրապարակել է, ամենաահավորը չէ։ Իմ լսած ձայնագրություններից մեկի մեջ լսվում է անգամ ապտակի ձայն։
Ու էս սահմռկեցուցիչ ձայնագրությունները ձեռքին էլ էս մարդը ոչինչ չի հրապարակում, որոշում է գնալ օրինական ճանապարհով։ Ես իրեն ուղղորդում եմ դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժին, դեպի Երևանի հանրակրթության վարչություն։
Ծնողին նորմալ ընդունում են 2 տեղում էլ, ուշադիր լսում, արձանագրում հակամանկավարժական մոտեցման փաստը ձայնագրություններում, հավաստիացնում, որ իրավական ընթացքը տրվելու է, մարդուն տուն ուղարկում ու…. ու….
Դաստիարակը շարունակում է աշխատել նույն մանկապարտեզում, տնօրենը չի հեռացնում։ Մի սիրուն ցուցադրական ժողով է անում, վարչական շրջանից ստուգողներ կանչում, որ ներկա լինեն։ Ժողովին հավանաբար դաստիարակին մտերիմ ծնողները դիֆերամբներ են երգում, տնօրենը համարում է հարցը փակված։
Որ տեսնում է` բողոքող ծնողը շարունակում է իր բողոքները, ասում է` արի խիստ նկատողություն տանք դաստիարակին, մոռանանք։ Ու մի մատ երեխադ, որն արդեն տրավմայի է ենթարկվել, էլի հաճախի այս մարդու խումբը։ Փառահեղ է, ինչ խոսք, բայց մանկավարժության հետ կապ չունի։
Այս ձայնագրության հրապարակումը հուսահատության ճիչ է։
Երեխան մեր երկրում պաշտպանված չէ պետության կողմից։
Եթե այդպես չի, ուրեմն վաղն իսկ, նույնիսկ այսօր իսկ պիտի աշխատանքից հեռացվեն թե դաստիարակը, թե տնօրենը, որը տեղյակ է եղել ու ոչինչ չի արել, թե իրենց զորավոր հովանավորը, որը, անշուշտ, գոյություն ունի, այլապես երեխայի իրավունքի մասին գոնե մեկը կհիշեր այս մեկ ամսվա մեջ։
Ինչ ծնողը լսել է ձայնագրությունը և երեխային էլ չի ուղարկում մանկապարտեզ։
Ծնողը որոշել է գործերը վերցնել, առհասարակ երեխային հանել։ Նախադպրոցական կրթության այս երեխայի իրավունքը հովանավորչության ծաղկող սիստեմի հովանու ներքո խաթարվեց։