Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն համալրվել է արժեքավոր և բացառիկ ևս մեկ նմուշով՝ 19-րդ դարի վերջին Արցախի Մարտունու շրջանի Կավահան գյուղում գործված դասական Արևագորգով։
Արևագորգը թանգարանին նվիրել է սեպտեմբեր ամսին Արցախից բռնի տեղահանված մի ընտանիք, որը գերադասել է ավտոմեքենայում տեղավորել ոչ թե առաջին անհրաժեշտության իրերը, այլ նախատատից իրենց ժառանգված 130-ամյա գորգը։
Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանն Azg.am-ին պատմեց՝ գորգը նվիրաբերած ընտանիքը չի ցանկացել, որ իրենց անունը հանրայնացվի։ Միայն ցուցադրության ժամանակ կնշվի, թե կոնկրետ որ ընտանիքին է պատկանել գորգը։
«Այդ մարդիկ սովորական արցախցիներ են, որոնք, իմանալով որ Հայաստանում չեն մնալու, այլ իրենց բնօրրանից տեղահանվելուց հետո մշտական բնակության են մեկնելու Ռուսաստան, որոշել են Արևագորգը մեր թանգարանին նվիրել։
Ես միայն կարող եմ փոխանցել իրենց խոսքերը. ասացին՝ վերջին պահին կանգնել ենք, նայել, թե ինչ վերցնենք մեզ հետ և որոշել ենք, որ այս գորգը չենք կարող թողնել, որովհետև այն մեր նախատատից ժառանգած անգին նմուշ է։
Այդ մարդիկ իմացել են, որ նման թանգարան գոյություն ունի, որ այստեղ գոգերի հետ կապված ամեն փաստ արձանագրվում է՝ ումն է, որտեղից է։ Մարդիկ գիտեն, որ մենք որևէ նմուշ չենք վաճառում։
Կոնկրետ այս նմուշն Արևագորգ է, այդ զարդանախշն աշխարհում ուրիշ ոչ մի տեղ, բացի Արցախից, չի գործվել։ Եթե Հայաստանի տարբեր բնակավայրերի գորգերի պարագայում կարող եք ուրիշ, կրկնվող զարդանախշեր հանդիպել, ապա այս գորգը գործվել է միայն Մարտունու և Հադրութի շրջաններում՝ Վարանդայում, Դիզակում։ Նույնիսկ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում այս զարդանախշը չի գործվել։ Երբեմն գործվել է նաև Ասկերանի շրջանի Պատարա գյուղում»,- ասաց Վարդան Ասծատրյանը։
Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը նշեց, որ արցախցի ընտանքիի կողմից իրենց նվիրաբերված նմուշը բավական մեծ է՝ 1.30*4.50 սմ՝ գործված երկրաչափական հստակ կանոններով։
Ինչ վերաբերում է թելերի գույներին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ երանգները ևս խիստ բնորոշ են Մարտունու և Հադրութի շրջանների գորգերին։
«Սա դասական, պրոֆեսիոնալ աշխատանք է՝ գործված ամենաբարձր մակարդակով: Բացի այս Արևագորգից՝ վերջին շրջանում ևս 4 արցախյան գորգ ենք ձեռք բերել՝ 4 տարբեր ընտանիքներից։ Բայց ցավալին այն է, որ մեր գորգերը չեն ցուցադրվում, դրանք այժմ պահոցներում են։ Բայց ցանկացած կառուցողական առաջարկի դեպքում պատրաստ եմ գորգերի ցուցադրություն կազմակերպել՝ թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում»,- ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Ասծատրյանը ցավով հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարարությունն առ այսօր իրենց տարածք չի տրամադրել՝ պատշաճ մակարդակով ցուցադրելու Շուշիի գորգերի թանգարանի բոլոր նմուշները։
«Արդեն անհարմար եմ զգում խոսել, բայց մինչև հիմա տարածքի հարցը չի լուծվել։ Դեռ մայիս ամսին ԿԳՄՍ նախարարի հետ եմ հանդիպել, հույս է տվել, որ տարածք կտրամադրեն, բայց մինչև հիմա հարցը չի լուծվել։
Գորգերի ցուցադրության համար առնվազն 400-500 ք/մ բարձր առաստաղներով ոչ նկուղային տարածք է պետք, որ կարողանանք նմուշները պատշաճ ցուցադրել։ Շուշիում էլ մեր թանգարանը գրեթե այդ չափով տարածք էր զբաղեցնում։
Ադրբեջանցիները գիտեն, որ Շուշիի գորգերի թանգարանին Երևանում տարածք չի տրամադրվում, դրա համար էլ տարի-տարիուկես առաջ մի հոդված էին գրել. ասում էին՝ եթե ձեր գորգերի թանգարանը Հայաստանում ոչ ոքի պետք չէ, ինչո՞ւ տարաք, թողնեիք մեզ մոտ։
Իսկ մենք 174 գորգ ունենք՝ մեծամասամբ արցախյան և իհարկե՝ընդհանուր նմուշների 3-5 տոկոսը կազմող արտասահմանյան գորգեր։ Դրանք ոչ միայն ցուցադրել է պետք, այլև պահպանել և վերականգնել, որովհետև դրանց մեծ մասը բավական հին են։ Այդ բոլոր աշխատանքները ես եմ անում, ոչ մի տեղից աջակցություն չկա, մինչդեռ Շուշիում մենք եկամուտի աղբյուրներ ունեինք։ Կրկնում եմ՝այս 3 տարվա ընթացքում ոչ ոք ոչ մի բանով չի աջակցել։ Ես այստեղ համապատասխան վերաբերմունք չեմ տեսնում։
Արցախցի ընտանիքի կողմից մեզ նվիրաբերրված բացառիկ Արևագորգն էլ որոշ հատվածներում ռեստավրացիայի կարիք ունի։ Տեղ կա՝ ցեցն է կերել, տեղ կա՝ մուկը։ Բայց գորգի խավը, գույները շատ լավ են պահպանվել, կարծես հենց նոր հաստոցի տակից հանված լինի։ Ամեն դեպքում, երևի ձմռան ընթացքում ռեստավրացիայի աշխատանքը կանենք. արդեն պայմանավորվել եմ»,- ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը։
Վարդան Ասծատրյանի խոսքով՝ ինչպես Արևագորգը նվիրած ընտանիքը, այնպես էլ իր շրջապատի արցախցի շատ ընտանիքներ, Արցախից տեղահանվելուց հետո ստիպված հեռանում են նաև Հայաստանից, որովհետև պետությունը չի հոգում արցախցիների՝ Մայր Հայրենիքում կեցության հետ կապված խնդիրները։
«Նախ, մարդիկ տեղ չունեն ապրելու։ Ինչքա՞ն կարող են վարձով կամ բարեկամների տանը բնակվել։ Ճիշտ է, մինիմալ բաներ արվում են, որ մարդիկ օրվա հաց ունենան, բայց դա բավարար չէ։ Մարդը չի կարող այդպես երկար ապրել»,- նշեց մեր զրուցակիցը։