Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի համար ավանդույթ է դարձել 3-4 աթոռների վրա միաժամանակ նստելը. Բաքուն դասեր է տալիս Փաշինյանին

Առաջիկայում Իրանում տեղի կունենա հանդիպում 3+3 ձևաչափով (Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան) արտգործնախարարների մակարդակով։

Հանդիպմանը մասնակցելու համաձայնություն է տվել նաև Հայաստանը։

Բաքուն դիտարկել է Հայաստանի համաձայնությունը և վերլուծել «այո» ասելու հիմքերը։

Ադրբեջանական АPA-ն այդ առիթով գրում է. «Իրականում 3+3 ձևաչափով հանդիպման անցկացումը, ինչպես նաև դրան մասնակցելու Հայաստանի համաձայնությունը կարելի է դրական պահ համարել։ Բայց կա հարցի մեկ այլ կողմ. Հայաստանի համար ավանդույթ է դարձել 3-4 աթոռների վրա միաժամանակ նստելը։ Սա վաղուց ենք նկատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով։

Մի քանի օր առաջ Փաշինյանը գնաց Ստրասբուրգ և ավանդական հռետորաբանությամբ Եվրախորհրդարանում «ծափերի» արժանացավ։ Այդքանից հետո նա համաձայնում է մասնակցել Իրանում կայանալիք հանդիպմանը։

3+3 ձևաչափի էությունը «տարածաշրջանի  հիմնախնդիրները տարածաշրջանում լուծելու» մոտեցումն է։

Իրանում կայանալիք հանդիպմանը մասնակցելու Փաշինյանի համաձայնությունը նշանակում է, որ նա ընդունել է այս մոտեցումը։

Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե Փաշինյանը ընդունում է այս մոտեցումը, ինչո՞ւ են Ստրասբուրգը, Բրյուսելը, Փարիզը համառորեն կոչ անում միջամտել տարածաշրջանին։ Հիշեցնենք, որ 3+3 ձեւաչափի նախաձեռնողը Ադրբեջանն է։ Այն, որ այս ձևաչափով հանդիպում դեռ չի կայացել, պայմանավորված է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների սառեցմամբ և լարվածությամբ։ Մենք համարում ենք, որ դա անցյալում էր, իսկ հիմա հանդիպման խոչընդոտներ չկան։

Ինչպես նշվում է, Հայաստանը նույնպես համաձայնել է մասնակցել հանդիպմանը այս ձևաչափով։ Այս ձևաչափը կարող է հաջող հարթակ ծառայել տարածաշրջանային խնդիրների լուծման և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման առումով։ Եթե ​​ԱՄՆ-ը և Եվրոպան շարունակեն իրենց գործունեությունը Ադրբեջանի դեմ, ապա 3+3 ձևաչափն ավելի կամրապնդվի, կամրապնդվի նաև «տարածաշրջանային խնդիրների լուծման» սկզբունքը։

Բացի այդ, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան շարունակեն իրենց կողմնակալ և կեղծավոր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ՝ չընդունելով այսօրվա իրականությունը, Արևմուտքի ճանապարհը դեպի Հարավային Կովկաս մեկընդմիշտ կփակվի։ Ամեն դեպքում, արեւմտյան շրջանակները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը եւ չշարունակեն իրենց թույլ տված ռազմավարական սխալները։ Հայաստանը պետք է կողմնորոշվի և վերջապես հասկանա, որ խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանում, այլ ոչ թե Եվրախորհրդարանում և Ստրասբուրգում կեղծ ծափահարություններով ու պոպուլիզմով»։