Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, որը միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Շամշյանը հայտնում, է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար՝ արդյոք քաղաքացիներ կա՞ն թե ոչ:
Դեպքի փաստով էրեբոււնի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: