Այս պահին որևէ նորություն չկա. Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, և մենք այդ ճանապարհով քաղաքացիների կամ հումանիտար բեռ չենք փոխադրել՝ սկսած հունիսի 15-ից։ Հենց այս օրվանից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել արցախցի բուժառուներին հետ ուղարկել և չկազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան, Azg-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս պահի դրությամբ որևէ լուր չունենք, բայց շարունակաբար հետևում ենք իրավիճակին։ Կապի մեջ ենք որոշում կայացնողների հետ, բայց մեր գործողությունները դեռ չեն վերսկսվել։
Գիտեք, որ մենք գրասենյակ ունենք տեղում, միայն Հայաստանում չենք աշխատում. գրասենյակներ ունենք Բաքվում և Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ մեր ներկայությունը տարածաշրջանային է, բայց Լաչինի միջանցքով մարդկանց և հումանիտար բեռների տեղափոխումն այս ընթացքում կանգ է առել»,- ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներն պետք է տեղափոխվեին Արցախից Հայաստան, սակայն միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Արդեն 7 օր է, ինչ Արցախի 120 հազար քաղաքացի գտնվում է տոտալ մեկուսացման մեջ՝ առանց որևէ մատակարարման և տեղաշարժի։ Լաչինի միջանցքում Ադրբեջանն արգելել է անգամ ռուս խաղաղապահների երթևեկը։