Հասկանալի պատճառներով աղքատ երկրներում զանազան խարդախները հաջողության շանս չունեն առնվազն երկու պատճառով։
Նախ՝ աղքատ, ցածր կենսամակարդակ ունեցող երկրի բնակիչները հազիվ հացի փող են վաստակում, և որպես կանոն՝ աղքատ երկրներում օրենսդրությունը բավականին ցածր իրավական մակարդակ ունի. համապատասխան տեսչական մարմինները չունեն բավարար գործիքներ, արհեստավարժ աշխատակիցներ՝ ներմուծվող խարդախությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար։
Azg.am-ը ներկայացնում է Հայ ռամկավար ազատական կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը։
Լսե՛ք մասնագետի խորհուրդները և զերծ կմնաք խարդախության զոհ լինելուց։
Այսօրվա Հայաստանում կա կենսամակարդակի որոշակի աճ, որը հիմնականում ռուս -ուկրաինական պատերազմի արդյունք է՝ հաշվի առնելով միգրանտների թիվը և նրանց հետ ՀՀ տնտեսություն բերվող գումարները։
Բայց միգրանտների հետ մեր երկիր են գալիս ոչ միայն տնտեսվարման, առաջավոր տեխնոլոգիաների բաղադրիչները, այլև տարատեսակ ցանցային խարդախությունները, որոնք պարզապես զբաղեցրել են ֆեյսբուքյան հարթակը։
Անընդհատ ինչ- որ անհայտ աղբյուրից ֆինանսավորվող ֆինանսական բուրգերի օրական անհավատալի հավելաճերի, արժեթղթերի աճի տոկոսադրույքների մասին տեղեկատվությունները, տեսահոլովակները հայ սպառողին հրավիրում են փող ներդնելու, իրենց գումար վստահելու։
Զավեշտը հասել է այնտեղ, որ այդ հոլովակներում օգտագործում են ՀՀ ԱԺ անունը, ՀՀ նախագահի տեսաելույթները, և ընդհանրապես պատկերացում է ստեղծվում, որ այդ գովազդների հեղինակները սերտ կապի մեջ են ՀՀ իշխանության օրենսդիր, գործադիր ճյուղերի հետ։
Տնտեսությունին, արժեթղթերին, բորսայական գործարքներին, դրանց կանոնակարգումներին տեղյակ մարդիկ ժպիտով են վերաբերվում հայկական իրականության վիրտուալ հարթակում «էստի համեցեք» անող խարդախներին, բայց բնակչության զգալի մասը չունի անհրաժեշտ, մասնագիտական համապատասխան փորձ և կարողություն, որպեսզի կողմնորոշվի, տարբերի իրական գովազդը խարդախության սխեմաներից։
Իմիջիայլոց, խարդախները իրենց սխեմաներին հավատացող և իրենց էջերում գրանցվող միամիտ քաղաքացիներին սկսում են անընդհատ զանգահարել և վճարումներ պահանջել ինչ- ինչ ծառայությունների դիմաց, սպառնալի տոնով ինչ- ինչ հարաբերություններ պարզելու խնդիրներ են ստեղծում, այլ կերպ ասած՝ մաստակի կպչունությամբ և ավանակի համառությամբ փորձում են մարդկանցից փող քերել, շորթել։
Ի՞նչ է պետք այս ամենից խուսափելու, անձնական գումարները չկորցնելու, տրամադրություն չփչացնելու համար։
1.Մի՛ հավատացեք ամսական տասը տոկոսից ավելի գումարի աճ խոստացողներին։
2.Մի՛ հավատացեք ոչ մի ֆինանսական գովազդի, որտեղ օգտագործվում են ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկարներ կամ ելույթներից պատառիկներ։
3.Մի հավատացեք վարժ ռուսերենով արագախոս անձանց, որոնք ձեզանից ինչ- որ ծառայությունների վճար են պահանջում, կամ քարտային տվյալներ են խնդրում։
4.Հիշեք, որ ցանկացած տիպի պարտավորություն ստանում է օրինական ուժ համապատասխան պայմանագիր անձամբ ստորագրելուց հետո միայն։
5.Որպես միջանկյալ վերջաբան՝ ֆեյսբուքյան տիրույթը մոնիտորինգ անող հայկական լիազորված անձանց խորհուրդ կտամ առանձնակի ուշադրություն դարձնել այս հարցերին և Ֆեյսբուքի ընձեռած գործիքներով մաքրել հարթակը խարդախությունների օրինակներից։
Որպես վերջաբան՝ բոլորի ուշադրությանն եմ ներկայացնում հետևյալ տեսքով տեղադրված գովազդները։
Խուսափե՛ք սրանց հետ հարաբերվելուց։

