Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի խմբերի են բաժանվել, եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։
Վերջիններս տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։