Azg.am-ի զրուցակիցն է դանիահայ համայնքի ներկայացուցիչ, կոպենհագենաբնակ Բյուրակն Իշխանյանը։
-Բյուրա’կն, ի՞նչ է արվել և արվում այս օրերին Դանիայում ՝ աջակցելու ադրբեջանցիների կողմից իրենց բնօրրանից բռնի տեղահանված արցախցիներին։
-Եթե նայենք բարեգործական տեսանկյունից, հիմնականում տարբեր անհատներ են փորձում օգնություն ցույց տալ, այսինքն՝ մարդիկ օգտագործում են Հայաստանում ունեցած կապերը՝ օգնելու արցախցիներին տուն գտնել, ապահովվել առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Նաև կա Շվեդիայում գործող մի բարեգործական ընկերություն, որի ղեկավարին ճանաչում ենք և ֆինանասական նվիրատվություններ կատարում։
Այստեղ՝ Դանիայում ևս, տարբեր բարեգործական կազմակերպություններ կան՝ և՛ հայկական, և՛ դանիական, որոնք նույնպես օգնություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված մարդկանց։
-Դանիայի իշխանություններն ընդհանուր առմամբ ի՞նչ տրամադրվածություն ունեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ։
-Անկեղծ ասած՝ դանիական իշխանություններից որևէ բառ չեմ լսել և հրաշալի հասկանում եմ՝ ինչու են նրանք լուռ։ Դանիայում ՆԱՏՕ-ին սերտ առնչվող իշխանություններ են։ Իհարկե, կան առանձին պատգամավորներ, որոնք Արցախի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել, բայց հենց դանիական իշխանություններից ես որևէ բան չեմ լսել։ Միայն գիտեմ, որ Դանիան հումանիտար օգնություն է փոխանցել՝ նման երկրի համար շատ ծիծաղելի չափի գումար։ Խոսքն ընդամենը 1 մլն կրոնի մասին է, որը միջին վիճակագրական դանիացու 2 տարվա աշխատավարձ է։
-Բյուրա՛կն, դանիական հանրությունը տեղյա՞ կ է Արցախի խնդրին, Հայաստանինց բավարար չափով իրազեկում ապահովվո՞ւմ է՝ դանիացի ժողովրդին տեղեկացնելու, որ Ադրբեջանն արցախահայության նկատմամբ բառացիորեն ցեղասպան ծրագիր է իրականացնում։
-Դանիական հանրությունը հիմա արդեն շատ լավ տեղյակ է վիճակից, որովհետև ամբողջ մեդիան, թերթերի առաջին էջերը գրում են Արցախում էթնիկ զտումների մասին։ Հանրությունը տեղյակ է։ Ինձ մոտենում են իմ ընկերները, ծանոթները, բարեկամները և հարցնում, թե ինչ է կատարվում։ Բայց շատ դժվարանում են թացը չորից տարբերել. շատ հաճախ այստեղի մարդիկ ընկալում են, թե Արցախի հարցը լուծվել է։ Նրանք գիտեն Արցախյան խնդրի մասին, և հիմա՝ 30 տարի անց, կարծում են՝ խնդիրը լուծվել է։
Նույնիսկ իմ դանիական ընտանիքի անդամներից մեկն էր զանգահարել և ասում էր՝ «Փաստորեն խնդիրը լուծվեց», բայց ամուսինս մանրամասն բացատրեց, որ դա այդքան էլ այդպես չէ։ Կան մարդիկ, որոնք խնդիրն ավելի խորությամբ գիտեն և ապրումակցում են արցախահայությանը, դրամական փոխանցումներ են կատարում։ Բայց այդպիսի մարդիկ ավելի քիչ մաս են կազմում։
-Բյուրա’կն, դանիահայ սփյուռքն ինչպե՞ս է արձագանքում Արցախի և արցախահայության խնդիրներին, ակտի՞վ է, թե յուրաքանչյուրն՝ իր գործին։
-Այսպես ասեմ. դանիահայ սփյուռքին կարելի է երկու մեծ խմբի բաժանել. առաջին խումբը գիշեր-ցերեկ չի կարողանում քնել, չափազանց էմոցիոնալ է ընդունում Արցախում կատարվածը և շարունակ ինչ-որ ելքեր փնտրում։ Այդ խմբով փորձում ենք բողոքի ակցիաներ անել, մտահոգ կորիզն անգործ չի նստում։
Բայց կան նաև երկրորդ խումբ մարդիկ, որոնց ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր գործով է զբաղված։ Նրանք ինչ-որ տեղ նույնիսկ չեն հասկանում, թե ինչու ենք մենք անհանգստացած։ Այսինքն՝ եղել են դեպքեր, որ ընդհուպ եկել, ինձ հարցրել են՝ արցախցի՞ եմ, որ այդքան անհանգստանում եմ։ Իհարկե, ունեմ, բայց դա կապ չունի։ Իրենք ուղղակի չեն հասկանում, թե ինչու ենք մենք այսքան անհանգստացած։ Իհարկե, մենք փորձում ենք իրազեկել, որ Արցախն ամբողջ հայության խնդիրն է, և որ Հայաստանն է սպառնալիքի տակ։
-Ասացիք, որ Կոպենհագենում բողոքի տարբեր ակցիաներ եք կազմակերպել։ Մի փոքր կպատմե՞ք արձագանքների, պաշտոնական կառույցների հնարավոր պատասխանների մասին։
-Երկու անգամ ԵՄ գրասենյակի առջև ենք բողոքի ակցիա իրականացրել։ Առաջին անգամ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին նամակ ենք հանձնել, սակայն գրևասենյակից որևէ արձագանք չի եղել։ Երկրորդ անգամ ակցիա իրականացրել ենք կիրակի օրով, և բնական է՝ արձագանք լինել չէր կարող։
Մի քանի անգամ Կոպենհագենի մարդաշատ վայրերում իրազեկման ակցիաներ ենք արել, ակցիաներ ենք արել նաև ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, նաև հումանիտար օգնության պահանջով նամակ ենք փոխանցել։
-Բյուրա’կն, Ադրբեջանը Դանիայում ինչպիսի՞ քարոզչություն է իրակաացնում, լա՞վ է աշխատում՝ իրեն զոհ, իսկ Հայաստանին ագրեսոր ներկայացնելու գործում։
-Ճիշտն ասած՝ վերջերս նրանց կողմից մեծ ակտիվություն չեմ նկատել, բայց նկատել եմ, որ մեր ակցիաներին սադրիչներ են գալիս, գորշ գայլերի նշանն են ցույց տալիս։ Մենք նույնիսկ ոստիկանություն ենք դիմել, իրավապահները զբաղվել են այդ հարցով։ Սոցիալական ցանցերում հայանպաստ նյութերի ներքևում ադրբեջանցիները պարտադիր հայտնվում են, ինչ-որ բաներ գրում, բայց ավելի ակտիվ գործունեություն, գոնե Դանիայում, չեմ նկատել։
Մի բան ևս նկատել եմ. վերջերս ադրբեջանցիները զբոսաշրջիկների էին տարել Շուշի, որոնց թվում նաև մի դանիացի էր։ Նա տեսախցիկի առաջ Ադրբեջանի գովքն էր անում։ Բացի այդ՝ կա մի դանիական լրատվական գործակալություն, որը միշտ ադրբեջանամետ հոդվածներ է տպագրում, նաև հանդիպում եմ The New York Times-ից թարգմանված ադրբեջանամետ հոդվածների։