Տավուշի մարզպետը՝ Գանձաքարի դպրոցի շենքի չարչրկված շինարարության ավարտի մասին տեղեկություն է ներկայացնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
2021թվականի սեպտեմբերից, ավելի քան 3 տարի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են անում գյուղի մշակույթի տանը և փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։
Դպրոցի նախկին շենքը 4-րդ կարգի վթարային էր։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարում է 150 հազար դրամ։ Գանձաքարի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ, շինարարությունն իրականացնում է «Բիդեք» ընկերությունը։
Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023թվականի ամռանը, սակայն շինարարության ավարտի ժամկետը հետաձգվել է մինչև 2024թվականի հունիս։ 2024-2025 ուսումնական տարին արդեն երկու ամիս մեկնարկել է, սակայն դպրոցի նոր շենքը պատրաստ չէ։
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե երբ է ավարտվելու Գանձաքարի դպրոցի շենքի շինարարությունը։ Մարզպետարանից պատասխանել են․ « Գանձաքարի դպրոցի շենքի շինարարություն ավարտված է։ Առաջիկայում կավարտվի դպրոց մոտեցող ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որից հետո դպրոցը կշահագործվի»,- հայտնում է լրագրողը։