Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անձնակազմը և ռեկտորը տարակուսած են ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել համալսարանի մամուլի ծառայությունը։
«Այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը:
Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։
Ինչպես հայտնի է, բուհը նոյեմբերի 9-ին ռեկտոր ընտրեց։ Վերընտրվեց Կարինե Հարությունյանը՝ 12 ։ 8 ձայների հարաբերակցությամբ։ Մրցակիցը Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր։
Հավելենք` դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Բուհի դասախոսական կազմն ու ուսանողները մեկ ամիս շարունակ բողոքի ցույցեր, դասադուլներ արեցին, քանի որ համաձայն չէին ԿԳՄՍՆ-ի՝ Բրյուսովը, Մանկավարժականն ու ֆիզկուլտինստիտուտը միավորելու որոշման հետ։
Կառավարության որոշումն առայժմ «սառեցված է», երեք բուհերն էլ իրենց տեղում են, սովորական դասապրոցեսի մեջ, սակայն, ինչպես տեսնում ենք, Բրյուսովը շարունակում է թիրախավորված մնալ։ Այս բուհի՝ կառավարությանը չենթարկվելու դիրքորոշումն իշխանությունները չեն մարսում։