Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացնելու ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՊՆ հատուկ նշանակության հողամասերն այլ անձանց վաճառելու և դրանք հափշտակելու մեջ։ Աննա Վարդապետյանն իր ելույթում ներկայացրեց, որ այդ հողամասերից մեկն օտարվել է ԳՇ նախկին պետ Գրիգորի Խաչատուրովին։
Սեյրան Օհանյանը հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալ։ Միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։
Դատախազը հայտնեց, որ Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Մասնավորապես` Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով, Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային 2 գործերի զննությամբ, «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ և այլն։
«Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով»,- նշեց Վարդապետյանը: