Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
-Տիկի՛ն Ալավերդյան, ի՞նչ եք կարծում՝ Արցախից բռնի տեղահանված արցախցիները կցանկանա՞ն մնալ Հայաստանում, թե՞ կգերադասեն այլ երկրներ տեղափոխվել։
-Այն քաղաքականությունը, որն այսօր վարում են ՀՀ իշխանությունները՝ բռնի տեղահանված անձանց տեղավորել կիսատ-պռատ շենքերում կամ սահմանամերձ գյուղերում, շատ արցախցիների կստիպի հնարավորինս արագ դուրս գալ Հայաստանից։ Բայց ես հստակ առաջարկ ունեմ՝ ինչպես անել, որպեսզի արցախցիները մնան Մայր Հայրենիքում։ Կա սոցիալական բնակարանաշինություն հասկացություն՝ սոցիալական բնակարաններ։ Իմ առաջարկը շատ պարզ է. Երևանում անցած տարվա ընթացքում 1000-իցավել բազմաբնակարան շենք է կառուցվել։ Նախևառաջ, պետությունն այդ շենքերի կառուցապատողների հետ պետք է պայմանագիր կնքի, որպեսզի այդ շենքերից յուրաքանչյուրի 10 տոկոսն անցնի սոցիալական բնակարանային ֆոնդին։ Հենց այսօրվանից պետք է այդ քայլն արվի։ Պետությունը պետք է ձեռք բերի այդ բնակարանները և տրամադրի մարդկանց, ում կարգավիճակը կառավարության որոշմամբ պետք է հաստատվի որպես ցեղասպանությունից փրկված։ Բնակարանները պետք է տրամադրվեն ոչ թե սեփականության, այլ զուտ օգտագործման իրավունքով։ Սա խնդրի լուծում է։
-1990-ականներին Բաքվի և Սումգայիթի ջարդերից մազապուծ Հայաստան հասած անձինք ստացան փախստականի կարգավիճակ, բայց այդպես էլ չստացան ցեղասպանությունից փրկվածի կարգավիճակ։ Ըստ Ձեզ՝ արցախցիները կստանա՞ն։
-Ես գտնում եմ, որ կառավարությունը պետք է որոշում ընդունի բռնի տեղահանված և եղասպանությունից փրկված անձանց մասով։ Սա միջազգային պրակտիկայում առկա գործելաոճ է, և այնպես չէ, որ Հայաստանն այս առումով առաջինն է լինելու։ Հակառակը, եթե Հայաստանը դա չանի, նշանակում է՝ օրվա իշխանությունը շարունակում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը սպասարկող պահվածքը։
-Տիկի՛ն Ալավերդյան, եթե արցախցիները նման կարգավիճակ ստանան, ի՞նչ կտա դա նրանց, եթե ոչ՝ ինչի՞ց կզրկվեն։
-Փախստականի կամ դրան հավասարեցված բռնի տեղահանվածի կարգավիճակն արդեն իսկ նշանակում է ունենալ երեք կարևորագույն իրավունք՝ վերադարձ, սեփականություն, տեղափոխում երրորդ երկիր։ Նույնիսկ որևէ պետության քաղաքացիություն ընդունելուց հետո մարդիկ իրենց այս իրավունքներից չեն կարող զրկվել։ Իսկ ցեղասպանությունից փրկված անձ հանդիսանալն էլ ավելի է ամրապնդում ոչնչացումից մազապուրծ մեր հայրենակիցների կարգավիճակը, ինչպես նաև խմբային իրավունքների պահանջատեր լինելը։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ արցախցիների՝ Հայաստանում մնալը կախված է միմիայն ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից։
-Ձեր կարծիքով՝ մեծամասաբ ի՞նչ կարգավիճակ ունեցող արցախցիները կցանկանան մնալ Հայաստանում։
-Ես համոզված եմ, որ որպես երևույթ՝ արտագաղթ չի լինելու։ Իհարկե, որոշ մարդիկ կհեռանան Հայաստանից։ Երբեք և որևէ տեղ չի եղել, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան իրենց ընդունած առաջին պետությունում։ Կմնան նրանք, ովքեր ոչ միայն կստանան կարգավիճակ և բնակարան, այլև կկարողանան իրենց ունակությունները կիրառել որևէ աշխատանքում, իրենց երեխաններին ապահովել կրթությամբ, շահառու հանդիսանալ պետական սոցիալ-տնտեսական և զարգացման ծրագրերում։
-Տիկի՛ն Ալավերդյան, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը շահագրգռող այնպիսի քաղաքականություն կվարի, օրինակ՝ բարձր նպաստներ, աշխատավարձեր և թոշակներ սահմանի, որպեսզի բռնի տեղահանված արցախցիները ցանկանան վերադառնալ Արցախ։
-Իհարկե ո՛չ, Ադրբեջանը երբևէ նման քաղաքականություն չի վարելու։ Ալիևը երբեք որևէ առավելություն չի տա արցախցիներին, որովհետև նախ սահմանադրությամբ նման բան արգելված է, և նա արդեն իսկ հայտարարել է, որ նրանց վերաբերվելու է ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիներին։ Նա մատը մատին չի խփելու, որպեսզի իրական վերադարձ լինի։ Բայց ի տարբերություն շատերի ես չեմ համարում, որ վերջ՝ մենք ամեն ինչ կորցրել ենք։ Նույնիսկ հակառակը, այսօր, ավելի քան երբևէ, պետք է ապացուցենք Ադրբեջանի՝ ցեղասպան պետություն լինելը։ Ադրբեջանի նախագահը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև մյուս ուժային կառույցների ղեկավարները պետք է կանգնեն միջազգային տրիբունալի առջև։ Եվ կարևոր է, որ այս ուղղությամբ այսօր ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր արհեստավարժ թիմով հետևողականորեն աշխատում է՝ նյութեր հավաքում և տարածում։
-Փաստորեն, Ալիևին չի՞ վախեցնում միջազգային հարթակում էթնիկ զտում իրականացնող ղեկավարի անուն վաստակելու հեռանկարը, որ գոնե այդ դրդապատճառով արցախցիների վերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծի։
-Նրա պնդմամբ նա էթնիկ զտում չի իրականացնում. նա ասում է, որ իբրև հակաահաբեկչական օպերացիա է իրականացրել։ Ալիևը պարծենում է դրանով, Ալիևն ունի ջատագովներ՝ հանձինս Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների, այնպես որ խղճի խայթ չի զգում իր արարքների համար։ Նա ամեն ինչ անելու է՝ ցույց տալու, որ միջազգային իրավունքի մեծ պահապան է և սանձել է «անջատողական» և «ահաբեկիչ» հայերին։
Հ. Գ. Ստորև ներկայացնում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով Կառավարության կողմից կազմված առաջնորդող ուղեցույցը, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում:
Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը
Քայլ 1. Հայաստան մուտք գործելուն պես ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում:
Քայլ 2. Գնալ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի կամ Վայքի մշակույթի տան շենք։Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին առաջնային կարիքների գնահատում։Այստեղ տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ հիգիենայի միջոցներ, սնունդ, տաք ծածկոց, դեղորայք, կհստակեցվի կեցության վայրի անհրաժեշտությունը, կեցության կարիքի դեպքում կտրամադրվի պետության կողմից ապահովվող կացարաններ։Կեցության վայրով ապահովումը
Քայլ 3. Հաշվառման գործընթացից հետո այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնել օգտվել կառավարության կողմից տրամադրված կացարաններից՝ սակայն չունեն սեփական տրանսպորտային միջոց կամ ունեն տեղաշարժման հետ կապված խնդիրներ՝ կապահովվեն տրանսպորտով և կտեղափոխվեն կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններ:Սննդի, սոցիալական այլ կարիքների ապահովումը
Քայլ 4. Կեցության, սննդի, առաջնային այլ կարիքների ապահովման նպատակով տեղահանված անձինք կարող են դիմել Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Կենտրոնները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։
Քայլ 5. Տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։
Քայլ 6. Հրատապ աջակցություն ստանալու նպատակով լրացրեք ձեր կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարեք 114 թեժ գծին:
Թեժ գիծ և Ուղեցույց
Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով գործում է 114 թեժ գիծը, տրամադրվող աջակցություններից օգտվելու ուղեցույցները և անհրաժեշտ կոնտակտները հասանելի են irazekum.am հասցեում։ Անվճար շարժական կապ ՀՀ տարածքումԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։
Հորդորում ենք պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար: Եթե, այնուամենայնիվ, մուտք եք գործել ՀՀ տարածք, սակայն չեք հաշվառվել՝ կարող եք մոտենալ 60-ից ավելի համայնքներում կառավարության կողմից ստեղծված հումանիտար կենտրոններ, Երևանի վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։ Նրանք, ովքեր չեն հաշվառվել, կացարան չունեն և հայտնվել են Երևանում՝ մոտենալ Փարաքարի Մշակույթի տուն (հասցե՝ Նաիրի 40)՝ դեպի ՀՀ տարբեր մարզերում գտնվող կացարաններ տեղափոխումը ապահովելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։
Փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 010370264 հեռախոսահամարով։Հետևել պաշտոնական ցուցումներին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում իրազեկված լինելու համար: