«Պաշտպանական կողմը պնդում է, որ քրեական հետապնդման մարմինները կոպտորեն խախտել են Հրանտ Բագրատյանի` Հռոմի կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքները։
Անտեսվել են Եվրոպական դատարանի ստանդարտները, սրանից էլ արձանագրում ենք, որ պետական միջամտությունը ոչ իրավաչափ էր։ Բագրատյանի մեղադրանքն իր փաստական անորոշությամբ ոտնահարում է նրա պաշտպանության իրավունքը։
Պաշտպանության ընթացքում մենք ստիպված ենք լինելու հերքել ոչ թե փաստեր, այլ միակողմանի, անհաշվետու մեղադրական գնահատականներ և ենթադրություններ»,–Հրանտ Բագրատյանի գործով դատական այսօրվա նիստին հայտարարեց պաշտպան Հովհաննես Քոչարյանը։
Հանրահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանի ասած ո՞ր խոսքն է բռնության կոչ համարվում. փաստաբանի համար անհասկանալի ու անորոշ է, ո՞ր խոսքն է հանցանքի դրդել հանրությանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանը ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք, արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։ Այս նախադասության համար նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Որպեսզի պարզ դառնա, թե Բագրատյանի որ խոսքն է հանրությանը հանցանքի դրդում, հարկավոր է եղել վկաների կանչել։ Իսկ նրանք այսօրվա նիստին չեն եղել։
Դատական նիստը հետաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 22-ը։