Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բագրատյանի ո՞ր խոսքն է հանրությանը հանցանքի դրդում, իմանալու համար վկաներ են պետք եղել. նիստը հետաձգվել է

«Պաշտպանական  կողմը պնդում է, որ քրեական հետապնդման մարմինները կոպտորեն խախտել են Հրանտ Բագրատյանի` Հռոմի կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքները։

Անտեսվել են Եվրոպական դատարանի ստանդարտները, սրանից էլ արձանագրում ենք, որ պետական միջամտությունը ոչ իրավաչափ էր։ Բագրատյանի մեղադրանքն իր փաստական անորոշությամբ ոտնահարում է նրա պաշտպանության իրավունքը։

Պաշտպանության ընթացքում մենք ստիպված ենք լինելու հերքել ոչ թե փաստեր, այլ միակողմանի, անհաշվետու մեղադրական գնահատականներ և ենթադրություններ»,–Հրանտ Բագրատյանի գործով դատական այսօրվա նիստին հայտարարեց պաշտպան Հովհաննես  Քոչարյանը։

Հանրահավաքի  ժամանակ Հրանտ Բագրատյանի ասած ո՞ր խոսքն է բռնության կոչ համարվում. փաստաբանի համար անհասկանալի ու անորոշ է, ո՞ր խոսքն է հանցանքի դրդել հանրությանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանը ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք, արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։ Այս նախադասության համար նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Որպեսզի պարզ դառնա, թե Բագրատյանի որ խոսքն է հանրությանը հանցանքի դրդում, հարկավոր է եղել վկաների կանչել։ Իսկ նրանք այսօրվա նիստին չեն եղել։

Դատական նիստը հետաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 22-ը։