Մեղադրող դատախազի ներկայացրած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, իսկ մյուս մասով էլ օրենքի խախտում չի եղել։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Երբ դատախազությունն ասում է, որ կան էական հակասություներ իմ ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի ցուցմունքների միջև, դա ցույց է տալիս, որ նա, ըստ էության, ժամանակ չի ունեցել դիտելու Իսպիրյանի գործով վերջին դատական նիստի ձայնագրությունը։
Իրականում Իսպիրյանին մոլորեցնող հարցերի ու փաստերի արդյունքում նրա` 1-ին և 2-րդ հարցաքննությունների արդյունքում ստացել են գլխավոր նախադասությունը, որ Անի Իսպիրյանն ամեն ինչ արել է իմ հանձնարարությամբ։
Մինչդեռ փետրվարի 5-ի ցուցմունքում Իսպիրյանն ասել է, որ նախորդ երկու ցուցմունքները մեծ մասամբ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ու կան բազմաթիվ սխալ փաստերի արձանագրումներ։ Ես կարող եմ փաստել, որ Իսպիրյանն իմ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ գործողություններ է կատարել իր որոշմամբ, որը իմ կարծիքից տարբերվել է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ից սկսած՝ նրա նկատմամբ երկու անգամ երկամսյա ժամկետով տնային կալանք կիրառվեց։ Հունիսի 15–ից Քերոբյանն ազատության մեջ է։
Հավելենք, որ ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուսը՝ մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով։
Infoport