Աղդամ (մաս 1-ին), Օր 39-րդ

308

Արմեն Գրիգորյանի ռազմաճակատային հիշողություններից, —

2020.11.…

Արեգի հետ նստած ենք խրամատում, տղաները գնացին ջրի ետևից, թնդանոթի հարվածների ձայների տակ, ջրի պաշարներն ավարտվում էին, հեռվում երևացող պայթած ռումբերի ծխին չնայելով, արագ-արագ քայլերով՝ ջրի ամանները ձեռքներին: Արեգը վիկինգների մասին հեռախոսով գիրք էր կարդում, ես էլ որոշեցի գրել մինչ այս կատարվածի մասին՝ փորձելով ժամանակ սպանել և ինչ-որ կերպ ազդել իրականության վրա, ինչքանով կստացվի հետագայում կերևա: Պետք է կյանք տեսնես, թոռներ ունենաս, պատերազմի մասնակցես, շատ ճամփորդես, որ գիրք գրես, է՜խխ այսպես մտածողները շատ են սխալվում, պատերազմի մեջ ոչ մի հետաքրքիր բան էլ չկա, միակ դրական կողմն իսկական ընկերներ ձեռք բերելն է, որն էլ իր բացասական կողմն ունի, վախենում ես բոլորի համար ինչպես քեզ համար. պատկերացնում նրանց հարազատների անհանգստությունն ու ավելի լարվում:

Ի՞նչ կցանկանաս պատմեմ քեզ ընկեր իմ, այս 38 օրերի ընթացքում սկսել ենք գնահատել մեր ունեցածը, վերարժևորել ամեն բան, ներել բոլորին և հասկացել մի կտոր հացի և մի բաժակ ջրի արժեքը: Հացն աշխատում են ամեն օր բերել, բայց չենք կարող երեկոյան կրակ վառել, աշխատում ենք ցերեկը տաքացնել կիսաֆաբրիկատներն ու սնվել: Նորմալ ծածկ չունենք, քնում ենք բաց երկնքի տակ, վերջին օրերին անձրևում է, արդեն ծածկեր ենք սկսել սարքել, ամեն արած բան էներգիա է խլում, հաց տաքացնել, փայտ հավաքել, անընդհատ շոր փոխել՝ տաք շորից բարակ և հակառակը, գնալ հեռվից ջուր բերել և այլն: Անընդհատ ուզում ենք քնել, գիշերը հերթափոխ ենք անում, բոլորս ամեն գիշեր 2 ժամ նվիրում ենք լարվածությանը: Վերջերս տեմպը թուլացրել է թշնամին, բայց մենք զգոնությունը չենք թուլացնում:

Ինչը կհետաքրքրի քեզ, երևի թե այն, որ ժամանակները փոխվել են, նախկինում մարդիկ իրար մոտիկից տեսնում և թրերով կռվում էին, հետո էլ զենքով վազում իրար մոտիկ և կրակում, հիմա մենք կռվում ենք անտեսանելի հակառակորդի դեմ, մենք տեսնում ենք նրանց ռումբերն ու անօդաչու սարքերը, թաքնվում անտեսանելի վտանգից, երբեմն այդ ամենը շատ ծիծաղելի է, երբեմն էլ ահավոր ահաբեկող, երբ լսում ես ինչպես է քեզ և ընկերներիդ վրա թռչում անօդաչուն և բաց թողնում ռումբերը, որոնց վժժոցի ձայնից բոլորը կորում են խրամատի փոշու և հողի մեջ, մինչ այդ ով վախենում էր կեղտոտել շորը, հիմա արդեն կորել է հողի և կեղտի մեջ, բայց ի ուրախություն մեզ մեր թշնամիները «շատ դիպուկ» են, նրանք չեն խնայում իրենց սպառազինությունը և կրակում են առանց լուրջ հաշվարկների, հիմնականում շեղ:

Օր 2-րդ

Հասել ենք կյանքիս մեջ հանդիպած ամենադեպրեսիվ վայրին, համար … զորամաս, այստեղ անօդաչուն հարվածել  և ոչնչացրել է զորամասի մեծ մասը, ինչպես նաև պահեստը, որտեղից շատ բեկորներ ցրվել էին ամբողջ տարածքով և ոչնչացրել այն ամենը ինչին կպել էին: Լուսամուտները փշրվել էին, մենք քնեցին մի տարածքում, որտեղ ապակիները ջարդվել և լցվել էին վերմակների վրա, ամեն ինչ այստեղ իր տեղում էր, բացի զինվորներից, որոնց արագ հեռացրել էին, որ չվնասվեն, իսկ տարածքը դարձել էր դժոխային մի վայր, որտեղ լռությունը սպանում էր, սպասումը՝ խեղդում:

Շարունակելի․․․