Արամ Մանուկյանը, որը պատիվ է ունեցել 35 տարի առաջ Գերագույն խորհրդում ընթերցել Անկախության Հռչակագիրը, վերահրատարակել է «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի 35 ամյակը» գիրքը։
Այն ներառում է բոլոր փաստաթղթերն ու որոշումները, որոնց հիման վրա հաստատվել է ՀՀ Անկախության Հռչակագիրը՝ որպես ոչ միայն քաղաքական ու իրավական ակտ, այլև հայ ժողովրդի հավաքական կամքի, ինքնության, համազգային դիրքորոշման ու նկարագրի հիմնարար փաստաթուղթ։
Գրքի վերահրատարակման դրդապատճառը եղել է իշխանությունների՝ ՀՀ Հռչակագիրը մերժելու քաղաքականությունը, ինչպես նաև հանրության լայն զանգվածների անտեղյակությունը՝ ինչ փաստաթուղթ է, ինչ դեր ունի այն Հայաստանի Երրորդ Հանրապետության համար։
«Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդականն է, հիմնարար փաստաթուղթ, որը գրվել է բոլոր սերունդների համար։ Մինչ այդ, մենք անցել ենք դժվարին ճանապար։ Ցավոք, Հռչակագիրն այսօր պետք է պաշտպանենք Հայաստանի իշխանություններից, որովհետև ուզում են այն հանել Սահմանադրությունից։ Եթե հանկարծ անցկացվի Սահմանադրության փոփոխության հանրաքվե, երկու դեպքում էլ հայ ժողովրդի համար ողբերգական է լինելու։ Եթե ժողովուրդը Հռչակագիրը Սահմանադրությունից հանելուն կողմ քվեարկի, նշանակում է ինքդ քո նվաստացման քվերակությունն ես անում. Դա Ալիևի պահանջն է, և Հայաստանը կամավոր հրաժարվում է իր ծննդականից, իր հիմնարար պետականաստեղծ փաստաթղթից, տուրք ենք տալիս Ալիևի, Էրդողանի ճնշումներին»,-գրքի շնորհանդեսի առիթով ասաց Արամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ աշխարհի մի քանի տասնյակ երկրներ իրենց Հռչակագիրը ստեղծել են տասնամյակներ առաջ, դրանք պարունակում են խիստ, կոշտ ձևակերպումներ այլ երկրների, գաղութարարների նկատմամբ, բայց ոչ մի երկիր իր Հռչակագիրը չի փոխել։
Մանրամասները՝ տեսանյութում։