Դիմանկար, նատյուրմորտ, բնանկար, գծանկար, անգամ քանդակներ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստը բազմաժանր է։ Ով թեկուզ մեկ անգամ եղել է նրա արվեստանոցում, նրա հետ մի քանի ժամ է անցկացրել գույների, ներկապնակների, նկարակալների, կտավների միջավայրում, համարում է, որ աշխարհի կեսն արդեն տեսել է։
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ Վարպետը երբեք էլ ուշադրության, մեծարանքի պակաս չի զգացել, բայց այդ օրը նա առավել քան երբևէ, բոլորի ուշադրության կենտրոնում էր, որովհետև այս ցուցահանդեսին արվեստասեր հանրությունն սպասել է 3 տարի։
Շնորհավորանքներ, ջերմ խոսքեր, աշխուժություն, ժպիտ ու ծիծաղ. մեր դառն իրականության մեջ արդեն 3 տարի հազվադեպ այս մթնոլորտն ստեղծվել էր Փարավոն Միրզոյանի արվեստի շնորհիվ։
Փարավոն Միրզոյանի հոբելյանական ցուցահանդեսը պետք է կազմակերպվեր նրա 70 ամյակի առթիվ՝ 3 տարի առաջ, բայց հասկանալի պատճառներով այն հետաձգվել է։ Պատրաստվել է նաև նրա ստեղծագործությունների 2 կատալոգ։
Ազգային պատկերասրահը Վարպետի համար հարազատ վայր է, այն նրա երկրորդ տունն է եղել 12 տարի։ Փարավոն Միրզոյանը 2002-ից 2015 թվականներին եղել է Պատկերասրահի տնօրենը, աշխատակիցներից շատերը նրա ղեկավարման օրոք են աշխատանքի ընդունվել ու Վարպետի ցուցահանդեսի կազմակերպմանն իրենք էլ են մասնակցել։
Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրված են Փարավոն Միրզոյանի վերջին 20 տարվա աշխատանքները։ Առաջին անգամ ներկայացված են նաև Վարպետի քանդակները։
Ստեղծագործելու հետ մեկտեղ նկարիչը նաև դասավանդում է, նոր սերնդին փոխանցում իր հմտությունները։
Հայաստանի Հանրապետության ժողովրդրական նկարիչ Փարավոն Միրզոյանի աշխատաքնները ներկայացված են նաև Թեքեյան մշակութային միության armtmm.com կայքում, նա «Վահան Թեքեյան» մրցանակակիր է։
Նկարչի աշխարհն ուրիշ է, նա կարող է ներշնչվել ամենաննշան թվացող երևույթներից։ Կին արարածին մշտապես է սիրահարված ու նրանով ներշնչված, հիացած։ Աշխարհեաշխարհ էլ ման գա, աշխարհի կենտրոնն իր հայրենիքն է։