Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը ֆորմալ առումով սեղանին են նետում այն խաղաքարտը, որ պատերազմում պարտվելուց հետո՝ 2021 թվականին, ընտրողների կողմից ստացել են պարզ մեծամասնություն, և իրենց փաստարկներն ավելի հասկանալի են հասարակությանը։ Եթե անգամ հաշվի չառնենք որոշակի մանիպուլյացիաները, իրականում երկիրը և հանրությունն այն ժամանակ խոր դեպրեսիայի մեջ էին, և աշխատում էր հիմնական մի օրակարգ՝ միայն թե խաղաղություն լինի, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ սա շատ նման է Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակին, երբ խնդրահարույց բոլոր իրավիճակներում հայտարարվում էր, որ ամեն ինչ արվում է հանուն մեկ բանի՝ միայն թե պատերազմ չլինի։
«Այդ պահանջարկը Հայաստանում էլ կար. կար խաղաղության պահանջարկ, քանի որ բոլորի մոտ դեպրեսիա էր, սթրես և վախ։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը մատուցեց խաղաղության պահանաջարկը, ասաց, որ ամեն ինչ անելու են, թեկուզ հողեր են հանձնելու, զորքեր են հետ քաշելու՝ միայն թե խաղաղ ապրենք։ Այսինքն՝ այդ պահի դրությամբ նա այդ պահանջարկը բավարարեց։
Ավելին՝ քանի որ ընդդիմության կողմից այլընտրանքային խաղաղության կոնցեպտ չառաջարկվեց, չեղավ իրատեսական որևէ պլան, դա Նիկոլ Փաշինյանին թույլ տվեց 2021 թվականին և հիմա էլ ասել՝ «Լավ է, վատ է, բայց ես գոնե խաղաղության կոնցեպտ եմ տալիս։ Մնացածները ռևանշիստ են, պատերազմի կուսակցություններ»։
Թեպետ փաստերն այլ բանի մասին են խոսում. Հայաստանը երբեք այսքան շատ մարդկային և տարածքային կորուստներ չի ունեցել»,- ասաց բանախոսը՝ հավելելով , որ փաստացի այսօր իշխանության գլուխ է պատերազմի կուսակցությունը։
Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ գործիքակազմում միշտ առկա է «խաղաղություն» բառը։ Ըստ քաղտեխնոլոգի՝ վերջինիս՝ իշխանության մնալու հիմնական գրավականը վակուումի պայմաններում «խաղաղության կոնցեպտ» առաջարկելն է։
«Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժը, որը կկարողանա քիչ թե շատ իրատեսական խաղաղության կոնցեպտ ներկայացնել, իրավունք կունենա մարդկանց փողոց հանել։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս իշխանության մնալու պատճառը խաղաղության կոնցեպտի՝ իրատեսական այլընտրանքի բացակայությունն է»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։