«Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» Հայաստանի սահմանամերձ գյուղերում ՀՀ դրոշի տեղադրման նախաձեռնությունը շարունակվում է:
Հայոց եռագույնն այսօր տեղադրվեց Լոռու մարզի Արծնի սահմանամերձ գյուղում:
«Ազնիւ գործակցությամբը գյուղին վարչական ղեկավար պարոն Խաչիկ Էգնատոսյանին եւ օրհնությամբը Տաշիր համայնքի հոգեվոր հովիւ գերապատիւ Հայր Ներսես Գալստյանին, մեր Հայրենիքին դրօշը բարձրացաւ գյուղի մուտքին, Արցախյան ազատամարտերուն ընթացքին զոհված քաջարի հայորդիներուն հիշատակը հավերժացնելու համար կանգնած հուշարձան-խաչքարին հարևանությամբ: Դրոշի տեղադրման արարողությունը, որ նախատեսված էր ապրիլի 30-ին եւ կլիմայական աննպաստ պայմաններուն բերումով հետաձգված էր մեկ շաբաթով, տեղի ունեցավ մայիսի այսօր՝ ժամը 13։00-ին»,- Azg.am-ին պատմեց «Վասն Հայրենյաց» ազգային համախմբման շարժման ներկայացուցիչ Սևակ Հակոբյանը։
Եռագույնի տեղադրման արարողությունն ուղեկցվեց համերգային կատարումներով. Ելույթ ունեցան երիտասարդ արվեստագետ Վարուժան Գալտակյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:
Արարողությանը հրավիրված էին հայրենատեր հայորդիներ. «Վասն Հայրենյաց» շարժման անունից ելույթ ունեցավ Վահագն Չախալյանը: Նա մեկ անգամ ևս շեշտեց շարժման «ՍԱՀՄԱՆՔ ՔԱՋԱՑ ԴՐՈՇՆ ՅՈՒՐՅԱՆՑ» նախաձեռնության նպատակները։
Սահմանամերձ գյուղերում՝ բարձունքի վրա, տեսանելի վայերում Հայոց Եռագույնը տեղադրելու նպատակը ՀՀ անձեռնմխելի սահմանները պետական դրոշով խորհրդանշորեն ուրվագծելն է, հայորդիների շրջանում Եռագույնի հանդեպ հարգանքն ամրապնդելը, հրապարակային միջոցառումների միջոցով սահմանամերձ գյուղերի հանդեպ ուշադրություն գրավելը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ազգօգուտ նպատակների շուրջը համախմբելը։
Ներկաներից սրտաբուխ ելույթ ունեցավ Արսեն Միրիջանյան:
Հիշեցնենք, որ Եռագունը տեղադրվում է արդեն երրորդ սահմանամերձ գյուղում։ Նախաձեռնության հովանավորը ԱՄՆ Ֆլորիդայից բարերարներ Ալեքս և Դորալիսիա Նահապետյաններն են։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախաձեռնության շրջանակում առաջին դրոշը տեղադրվել է մարտի 5-ին, Շիրակի մարզի սահմանամերձ Անիպեմզա գյուղում, իսկ երկրորդը՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզի Արտանիշ սահմանամերձ գյուղում։