Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել. առաջինը՝ 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մարդիդյան փաստաթուղթը, որը տեղի է ունեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։
Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։
«Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք, ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- նշել է Օսկանյանը։
Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։
Օսկանյանը շեշտել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա: Առաջինը, ըստ նախկին ԱԳ նախարարի, այն է, որ դրանում նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում
և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։
«Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը այսօր որ խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված է՝ «հետայսու
խաղաղության համաձայնագիր»:
«Առաջին անգամ կոնֆլիկտի այդ քսան տարիների ընթացքում, որ արդեն հինգ փաստաթուղթ էր ներկայացվել, ու սա վեցերորդն էր, առաջին անգամ նրանք ասացին, որ «սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է՝ best guess». սա դիվանագիտության մեջ ընդունված տերմինաբանությունն է: Միջնորդները տարիներով աշխատանք են անում, հետո գալիս ասում են՝ «մեր առաջարկած լուծումը սա է»։ Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել․ նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է»,- ասաց Օսկանյանը։