Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Վերևներում էլ են ասել, որ պայքարելու են Ավինյանի որոշման դեմ

Երևանի Օղակաձև զբոսայգու «Արարատ» թենիսի ակումբի կորտերը դարձել է Տիգրան ավինյանի արքի փուշը։ Տարեսկզբի առաջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե թենիսի կորտերը պետք է քանդվի, չնայած որ ինքն էլ է այնտեղ թենիս պարապել։

Օղակաձև զբոսայգու 4 հեկտար տարածքը հանրային գերակա շահ է  ճանաչվելու, և ինչպես Ավինյանն է հայտարարում, վերադարձվելու է երևանցիներին.  սրճարանները, ժամանցի վայրերը և  1,5 հեկտար թենիսի կորտերը խանգարում են։  Տարածքը երևանցիներին վերադարձվելուց հետո այնտեղ նորից են սրճարաններ կառուցվելու։

Ի?նչ հանրային գերակա շահի մասին է խոսքը, եթե թենիսի կորտերն արդեն իսկ հանրության համար է։ Այն պատմական նշանակություն ունի: Կառուցվել է 1957 թվականին։ Երևանի կոլորիտի, պատմության մաս կազմող, քաղաքային մշակույթ ու միջավայր ստեղծող կորտերը քանդելով՝ երևանցիների մասի՞ն է Ավինյանը հոգ տանում։ Գուցե նաև թենիսի ակումբի «Արարատ» անո՞ւնն է խրտնեցնում։

Ասում են՝ անգամ քպ-ի ներսում են զայրացած Տիգրան Ավինյանի որոշումից։ Թենիսի կորտերը քանդելը նրա միանձնյա որոշումն է։

Այն, որ կոռուպցիոն ռիսկեր կան, շատերը չեն էլ կասկածում։ Ավինյանն ասել է` կորտերն այլ վայր կտեղափոխեն։ Պատրաստի կորտերը քանդելու, մեկ այլ տեղ կորտեր սարքելու իմաստը ո՞րն է։ Նշանակում է տեղանքն է չափազանց գրավիչ ու շահութաբեր, իհարկե, նայած ում համար։

Օղակաձև զբոսայգու կորտերում թենիս պարապած ու չպարապած, թենիս սիրող ու չսիրող մարդիկ համակարծիք են՝ կորտերը պետք է մնա իր տեղում։

Ավինյանը տեղյա՞կ է, որ Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի քանդման որոշման դեմ մեծ պայքար է հասունանում։ Մարդիկ պատրաստ են անգամ հացադուլի, իսկ դատարան հաստատ են դիմելու։ Ի դեպ, Ավինյանը կորտերի քանդման որոշմամբ մտահոգ մարդկանց համեմատել է դիվիդենտներ շահող ճանճերի հետ։