Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսեց վարորդների գործադուլից, ասաց, որ հանդիպել է նրանց հետ, լսել խնդիրները։
Փաշինյանն այդ առնչությամբ Երևանի քաղաքապետին ու փոխքաղաքապետին հակառակ հայտարարություն արեց. «Չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդները այդ ստվերի շահառուն են»։
Նա ասաց, որ քաղաքապետարանը պայքարում է ուղեվարձի հավաքագրման ստվերի դեմ, բայց, քանի որ ոմանք կերակրատաշտից հեռացել են, ուստի վարորդներին հրահրում են, որ նրանք բողոքի ձայն բարձրացնեն։
Ստվերից օգտվողների շարքում նա նշեց պաշտոնյաների, ոչ պաշտոնյաների, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների, բայց ոչ վարորդներին։ Մի քանի անգամ կրկնեց, որ վարորդներն այդ ստվերի հետ կապ չունեն, այսինքն՝ մինչև նոյեմբերի 1-ը կանխիկ վճարվող ուղեցվարձը վարորդները չեն գրպանել, այլ ուրիշ մարդիկ։
Ստացվում է՝ վարչապետն այլ կարծիք ունի, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ այլ։ Նրանք երեկ գործադուլն անվանել են շանտաժ ու մեղավոր կարգել վարորդներին, թե նրանք կտրվել են ուղեվարձից գրպանվող գումարից, այդ պատճառով էլ շանտաժ են անում ու երթուղի դուրս չեն գալիս։
«Բայց քաղաքապետարանի ընդհանուր մոտեցումն այս առումով չի փոխվելու»,- ընդգծել է Ավինյանը՝ ասելով, որ «փոխզիջում չի լինելու» և հավելել, որ քաղաքապետարանի «միակ առաջարկն այն է, որ վարորդները վերադառնան աշխատանքի»։ Նա գործադուլը կապել է այն հանգամանքի հետ, որ նոյեմբերի 1-ից միասնական տրանսպորտային համակարգում այլևս կանխիկ գործարք ավտոբուսում տեղի չի ունենում և նշել, որ գործադուլ հայտարարած վարորդների հնչեցրած թեմաներով «իրականացվում են աշխատանքներ»:
«Պարզապես այդ գումարը մտնում էր տարբեր գրպաններ, այդ թվում՝ վարորդների, չեմ ուզում ասել բոլորի, որ բարեխիղճ վարորդներն ինձնից չնեղանան։ Ցավոք, ունենք վարորդներ, ովքեր այդ ստվերային շրջանառության մաս են կազմել»,- վարորդների գործադուլի առնչությամբ հրավիրած մամուլի ասուլիսին ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Փաշինյանն, ինչպես միշտ, իր ոճի մեջ է՝ դիվիդենտներ շահելու քայլեր է անում հիմա էլ վարորդների շրջանում։