Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն. արդեն 31-րդը

«Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունը «Թեքեյան» կենտրոնում ավանդաբար մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության ուղերձով։

 «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անց է կացվում 31-րդ անգամ՝ ուշադրության տակ պահելուվ գիտության, մշակույթի, արվեստի, հայագիտության ոլորտներում ի հայտ եկող ստեղծագործությունները՝ լավագույններին խրախուսելով մրցանակով ու 1500 դոլարին համարժեք դրամական պարգևով։

 «Գրականություն» անվանակարգում հանձնաժողովը՝  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի գլխավորությամբ, լավագույն ստեղծագործություն է ճանաչել  արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» ժողովածուն։

Հերմինեն Արցախից բռնագաղթած այն հազարավոր հայերից մեկն է, որn  իր Հայրենիքի, իր ծննդավայրի հուշն ու կարոտը սրտում անթեղած է ապրում։

Հայոց ցեղասպանության հետևանքները մինչև հիմա ենք կրում՝ արդարության, մեր Հայրենիքը մեզ վերադարձնելու պահանջով, նաև երբեմն-երբեմն արդարադատությունը սեփական ձեռքերով վերականգնելու հերոսապատումներով՝ «Նեմեսիս»։

Ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը գրել է «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը. «Նեմեսիսը» և Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը՝ օտարազգի հեղինակի աչքերով։

Ավստրիացի գրողի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի։ Հեղինակը պատմեց իր հետազոտական աշխատանքի մասին, ինչու է հայկական թեման արժանացել իր ուշադրությանը։

 «Իմ հայ ընկերներից շատերը «Նեմեսիսի» անդամների ժառանգներն են, որոնց շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ գրքի հայերեն թարգմանությունը։ Ես հայ չեմ, բայց ինձ հետաքրքրել է այս թեման, որովհետև դրա հիմքում կա իրավունքի խնդիր։ Լեմկինն ասել է՝ ինչու մեկ հոգու սպանությունը համարվում է սպանություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը՝ ոչ։ Սա հենց ցեղասպանությունն է, որը եթե չի պատժվում առաջանում է  անպատժելիություն, ու ցեղասպանությունները շարունակվում են»,-մրցանակն ստանալիս ասաց Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը ։

«Վահան Թեքեյան» մրցանակ՝ արվեստի ոլորտի ներկայացուցիչներին։

Քաղաքական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ գրող, երաժիշտ, պրոդյուսեր Ստաս Նամինը նաև նկարում է։ Պատմեց, որ փոքր ժամանակ հաճախ է եղել Հայաստանում, զմայլվել մեր բնությամբ ու պատմամշակութային կոթողներով։ Սանահինն առանձնապես է տպավորել նրան։ Ահա և ծնվել է «Սանահին» գեղանկարը, որը «Կերպարվեստ» անվանակարգում արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի։

«Դեկորատիվ- կիրառական արվեստ» անվանակարգում հանձնաժողովն ընտրել է «Արցախ կարպետ» ընկերության «Շուշիի ծաղկեփունջ» գորգը։

Այս տարի սահմանվել է «Բագրատ Նազարյան» մրցանակ։ Հայագիտության ոլորտում հետազոտական, ժողովրդագրական ահռելի ուսումնասիրություն է  կատարել քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։ Նրա «Հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին» մենագրությունն աժանացավ «Բագրատ Նազարյան» մրցանակին։

Արմեն Այվազյանը ներկայացրեց իր գիրքը՝ ինչպես է 18-րդ դարի սկզբներին Արցախում ձևավորվել հայոց բանակը։

Գիտության, մշակույթի, հայագիտության բնագավառները մշտապես պահելով ուշադրության կենտրոնում՝  թեքեյանցիները այսկերպ ամրացնում են Հայաստան-Սփյուռք կամուրջը՝ նաև կարևորելով միջազգային կապերն ու համագործակցությունը։ Այս սկզբունքով է ապրել ու ստեղծագործել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ թեքեյանցի երջանկահիշատակ Երվանդ Ազատյանը, որը նաև կանգնած է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ակունքներում։

Դիանա Մարկոսյանի պատրաստած «Հայրենիքի և Սփյուռքի» միջև փաստավավերագրական ֆիլմը մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց՝ որպես հարգանքի տուրք ու գնահատանք Երվանդ Ազատյանի վառ  հիշատակին։